Ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների հարաբերակցության խնդիրը

Նազելի Թովմասյան
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, մագիստրանտ

 

Ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների հարաբերակցությունը բավականին բարդ և մասամբ հակասական խնդիր է միջազգային իրավունքում: Տարածքը պետության հիմնական հատկանիշներից մեկն է՝ բնակչության և հանրային (պետական) իշխանության հետ միասին, իսկ սեփական «ճակատագիրը» որոշելու  իրավունքը ժառանգաբար պատկանում է յուրաքանչյուր մարդու:

Ներկայում ողջ աշխարհում բազմաթիվ զինված ընդհարումների հիմքում ընկած է ինքնորոշման պահանջը: Մյուս կողմից, տարածքային ամբողջականության սկզբունքը ենթադրվում է որպես աշխարհում միջազգային անվտանգության և կայունության հասնելու և պահպանելու հարցում առաջնային կարևորության խնդիր: Մինչդեռ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը յուրաքանչյուր ժողովրդի հավաքական հիմնարար իրավունքներից մեկն է, որը հաստատուն կերպով ամրագրված է միջազգային իրավունքում: Իսկ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը անհնար է իրականացնել առանց ազատ կամքի արտահայտման:

Ե′վ նշված, և′ միջազգային իրավունքի մյուս սկզբունքները պետք է միանշանակորեն մեկնաբանվեն միջազգային իրավունքի ողջ հրամայականին` խաղաղության և անվտանգության հասնելուն և պահպանելուն, համապատասխան: Սակայն պետությունների միջև խաղաղության հասնելը որքան էլ կարևոր, սակայն ոչ միակ պայմանն է: Պետությունների ներսում խաղաղության պահպանումը պակաս կարևոր հիմնախնդիր չէ: Եվ սա, անշուշտ, անհնար է իրականացնել առանց բոլոր ժողովուրդների հավասար և անօտարելի իրավունքների ճանաչման:

Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի առնչությամբ բազմաթիվ հարցեր կան, օրինակ՝ ի՞նչ է այն իրենից ներկայացնում, արդյո՞ք այն անհատական իրավունք է, թե՞ հավաքական, կամ ի՞նչ հանգամանքներ և պայմաններ են պետք, որոնց դեպքում կարելի է ինքնորոշման ինքնորոշման գործընթաց սկսել:

Պատմականորեն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի որոշ ասպեկտներ այնքան հին են, որքան պետությունները: Մինչդեռ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի արմատները հասնում են մինչև ամերիկյան և ֆրանսիական հեղափոխություններ[1], իսկ իրավական դոկտրինում շատ ավելի ուշ տրվեց այդ սկզբունքի իրավական ձևակերպումը: Արդեն Վուդրո Վիլսոնն անդրադարձել էր այդ սկզբունքի խորքային փոփոխություններին, չնայած դեռ չկար ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի իրավական ձևակերպումը: Եվ հենց Վիլսոնն էր, որն առաջինը հիմք դրեց ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի տեսությանը[2]: Նշենք, որ թեև Վիլսոնը հստակորեն չի ձևակերպել ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, սակայն նրա դիրքորոշումներն արտահայտվել են նրա այն հայտարարության մեջ, որ ազգային ձգտումները պետք է հարգվեն, իսկ ժողովուրդներն այսուհետ պետք է իշխվեն և կառավարվեն միայն իրենց սեփական համաձայնությամբ: Ըստ նրա՝ «ինքնորոշումը» ոչ թե սոսկ արտահայտություն է, այլ գործողության իմպերատիվ սկզբունք է[3]: Սրան առնչվում է նաև Վիլսոնի առաջադրած՝ այսպես կոչված «տասնչորս կետերից» հինգերորդը` ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի խիստ պահպանման վրա հիմնված գաղութների բոլոր պահանջների ազատ, արդարացի և բացարձակ անկողմնակալ կարգավորումները, որոնք վերաբերում են ժողովուրդների ինքնիշխանությանն առնչվող բոլոր հարցերին: Ըստ այդմ սահմանվում էր, որ ինքնորոշման ձգտող բնակչության հետաքրքրությունները պետք է հավասարակշռվեն համապատասխան կառավարության արդարացի պահանջների հետ[4]:

Ժողովուրդների ինքնորոշման վիլսոնյան տեսության էությունը ժողովուրդների ինքնակառավարման գաղափարն է: Նմանատիպ տեսակետներ արտահայտել են նաև այլ հեղինակներ: Օրինակ, Սառա Վամբաուն նշում է, որ ազգերի ինքնորոշման տեսությունը հիմնված է և անբաժանելի է հանրային ինքնիշխանությունից[5]: Ըստ Քըրտ Ռաբլի՝ պատմական պատկերին նայելով, պետք է ասել, որ ինքնորոշման իրավունքի գաղափարը զարգացել է այն նշանակությամբ, որ ոչ մի ժողովուրդ չպետք է ստիպված լինի ապրել օտար տիրապետության տակ կամ թեկուզ այն սահմանադրական համակարգի ներքո, որը չի ընդունում: Յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի ապրելու իր սեփական տարածքում, արտաքին անկախության և ներքին ազատության պայմաններում:

Ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի վերաբերյալ հետաքրքրիր տեսություն է առաջարկվել նաև կոմունիստների կողմից: Սա, իհարկե, զգալիորեն տարբերվում է Վիլսոնի առաջադրած տեսությունից[6]: Ստալինը, որը բավականին շատ է հետաքրքրվել այս խնդրով, մի անգամ պնդել է, որ ինքնորոշման իրավունքը չի կարող և չպետք է աշխատավոր դասի կողմից իր դիկտատուրան իրականացնելու իրավունքի համար խոչընդոտ հանդիսանա: Նախորդը պետք է ճանապարհ տա վերջինին: Իհարկե, դժվար է համաձայնել Ստալինի առաջադրած տեսության հետ: Ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը պետք է դիտել որպես յուրաքանչյուր ժողովրդի իրավունք, այլ ոչ թե որևէ երկրի գերիշխանությանն ուղղված խոչընդոտ:

Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, լինելով բավականին լայն հասկացություն, որպես կանոն, տարբերակվում է ներքին և արտաքին ինքնորոշման: Նրանց միջև գլխավոր տարբերությունն այն է, որ ներքին ինքնորոշումը՝ որպես մասնակցային ժողովրդավարություն, իրականացվում է գոյություն ունեցող պետության սահմանների ներսում, դրանով հանդերձ այն չի ազդում պետության տարածքային ամբողջականության վրա: Այնուամենայնիվ, ինքնորոշման իրավունքի՝ որպես իրավական սկզբունքի առաջացման ողջ նախապատմությունը շատ հաճախ զուգակցվում է տարածքային պահանջների, անջատման և անկախության պահանջների հետ:

Ժողովուրդների ինքնորոշման սկզբունքում հիմնականում ներառվում են ինչպես բոլոր ժողովուրդների իրավունքը՝ ազատ, առանց արտաքին միջամտության որոշելու իրենց քաղաքական կարգավիճակը, իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացումն իրականացնելու իրավունքը, այնպես էլ բոլոր պետությունների պարտավորությունը՝ հարգելու այս սկզբունքը: Բացի այդ, բոլոր պետությունները պարտավոր են ձեռնպահ մնալ ժողովուրդների՝ իրենց ինքնորոշման, ազատության և անկախության իրավունքից զրկող ցանկացած բռնի գործողություններից: Բացի այդ, պետք է նշել, որ անկախության պայքարում ժողովուրդները կարող են օգտագործել անհրաժեշտ բոլոր միջոցները. արգելվում է ժողովրդին օտարերկրյա տիրապետության ենթարկելը[7]:

Ինչպես վերը նշվեց, ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը միջազգային իրավունքում հաստատորեն հիմնված յուրաքանչյուր ժողովրդի հավաքական հիմնարար իրավունքներից մեկն է[8]: Այն պետք է ընդունվի հավասարապես և համընդհանուր կերպով[9]: Պետք է միանշանակորեն փաստել, որ ինքնորոշման իրավունքը վերագրվում է ժողովուրդներին միջազգային իրավունքով, այլ ոչ թե պետությունների կողմից: Քանի որ այն նաև իրավական սկզբունք է, այլ ոչ թե հստակ կանոն, զգալիորեն ընդհանրական և վերացական է[10]:

Միջազգային իրավունքը ինքնորոշման իրավունքն անառարկելիորեն վերագրում է ժողովուրդներին: Այսպիսով, ինքնորոշումը հավաքական իրավունք է: Այս իրավունքի արտահայտումը պահանջում է ժողովրդի ազատ կամքի արտահայտում: Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության առաջին հոդվածի երկրորդ մասով սահմանվում է, որ ՄԱԿ-ի նպատակներից մեկն է զարգացնել ազգերի բարեկամական հարաբերությունները` հիմնված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքների հարգանքի վրա, և այլ համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ հանուն համընդհանուր խաղաղության ամրապնդման[11]: Հետևաբար այս սկզբունքի հարգումը ՄԱԿ-ի նպատակներից մեկն է և խաղաղության ամրապնդման չափանիշ: Այնուամենայնիվ, ՄԱԿ-ի կանոնադրությունը հստակորեն չի սահմանում ո՜չ ինքնորոշման իրավունքը և ո՜չ էլ նշում է անդամ պետությունների ուղղակի պարտականություններն այս ոլորտում[12]:

Երբեմն տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս նաև «ժողովուրդ» եզրույթը: Ինչ վերաբերում է «ժողովուրդներ» եզրույթի իմաստին, այն սահմանում է, թե ովքեր են ինքնորոշման իրավունքի կրողները, և ունի առաջնային ազդեցություն ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների միջև ներդաշնակություն սահմանելու գործում: Հայտնի է, որ ինքնորոշման սկզբունքից ծագող պարտականությունները[13]  erga omnes (ուղղված բոլորին) պարտականություններ են, ուստի այս սկզբունքը վերաբերում է միջազգային ողջ հանրությանը: Բոլոր պետությունները կարող են պահանջել, որ ցանկացած պետություն ձեռնպահ մնա ինքնորոշման սկզբունքի միջազգայնորեն ճանաչված մեկնաբանումները խախտող գործողություններից:  

Որպես մարդու հիմնարար իրավունք՝ ինքնորոշման իրավունքը չի կարող լինել միայն որոշ հատուկ կատեգորիաներին պատկանող ժողովուրդների իրավունք, օրինակ՝ ռասայական, էթնիկական, մշակութային, կրոնական կամ այլ հատկանիշի դեպքում, որով այդ հատուկ խումբն առանձնանում է մյուսներից: ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և խաղաղության բաժանմունքի զեկույցներից մեկի համաձայն՝ «բոլոր ժողովուրդներ» եզրույթը, իր պարզ մեկնաբանմամբ, ներառում է կախյալ կամ այլ օտար իշխանության կամ տիրապետության, օկուպացիայի, բռնազավթման ներքո գտնվող ժողովուրդներին և այլ խմբերի, որոնք բավարարում են ընդհանուր ձևով ընդունված ժողովուրդների գոյության սահմանմանը:

Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականության սկզբունքին, ապա այն, իր հերթին, ենթադրվում է որպես աշխարհում միջազգային անվտանգության և կայունության հասնելու և պահպանելու հարցում առաջնային կարևորության խնդիր: Խաղաղության և անվտանգության պահպանումը Միավորված ազգերի կազմակերպության նպատակներից մեկն է, և այն առաջինն է մնացածների մեջ սահմանվում ՄԱԿ-ի կանոնադրության առաջին հոդվածի երկրորդ կետում[14]: Տարածքային ամբողջականության սկզբունքը հիմնված է պետությունների ներքին գործերին միջամտելու անթույլատրելիության սկզբունքի և պետությունների միջև հարաբերություններում կայունության և խաղաղության հասնելու վրա: Այն միջազգային իրավունքի ամենահիմնական և հաստատուն սկզբունքներից մեկն է[15]: Տարածքային ամբողջականության սկզբունքը պահպանվել էր նաև Ազգերի լիգայի կանոնադրության մեջ[16]: Իսկ ՄԱԿ-ի կանոնադրության երկրորդ հոդվածի չորրորդ մասը սահմանում է, որ Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամներն իրենց միջազգային հարաբերություններում ձեռնպահ են մնում ուժի սպառնալիքից կամ դրա գործադրումից ինչպես ցանկացած պետության տարածքային անձեռնմխելիության կամ քաղաքական անկախության դեմ, այնպես էլ Միավորված ազգերի կազմակերպության նպատակների հետ անհամատեղելի որևէ այլ ձևով[17]: Այս միջազգային իրավական կանոնը վերաբերում է միայն պետությունների միջև հարաբերություններին, քանի որ «անդամները» ՄԱԿ-ի կանոնադրությամբ միայն պետություններն են: Սակայն, ինչպես երևում է, այստեղ ամբողջովին արտահայտված չէ տարածքային ամբողջականության սկզբունքը: Այն հետագայում արտացոլվել է Միջազգային իրավունքի սկզբունքների մասին 1970 թվականի հռչակագրում և ԵԱՀԽ 1975 թվականի եզրափակիչ ակտում: Մասնավորապես նշվում է, որ յուրաքանչյուր պետություն պետք է ձեռնպահ մնա ցանկացած այլ պետության կամ երկրի ազգային միասնության և տարածքային ամբողջականության մասնակի կամ լրիվ խախտմանն ուղղված ցանկացած գործողություններից: Իսկ ԵԱՀԽ եզրափակիչ ակտում սահմանվում է, որ մասնակից պետությունները հարգելու են մասնակից պետություններից յուրաքանչյուրի տարածքային ամբողջականությունը: Դրան համապատասխան, նրանք ձեռնպահ կմնան ցանկացած մասնակից պետության տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության կամ միասնության դեմ ուղղված և Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության նպատակների և սկզբունքների հետ անհամատեղելի ցանկացած գործողություններից և մասնավորապես, ցանկացած այնպիսի գործողություններից, որոնք ուժի գործադրում կամ ուժի սպառնալիք են:

Նշվածից պարզ է դառնում, որ տարածքային ամբողջականության սկզբունքը ոչ թե մեկ պետության ներսում, այլ պետությունների միջև հարաբերություններում գործածվող սկզբունք է: Պետության տարածքային ամբողջականության հարգումը իր իսկ բնակչության կողմից պետության ներքին խնդիրն է և ընկած չէ միջազգային իրավունքի իրավասության շրջանակներում: Այն չպետք է վերաբերի այն դեպքերին, երբ ժողովուրդն ինքնորոշվելով ստեղծում է իր պետությունը: 

Ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների միջև հարաբերակցությունը հիմնականում հանգում է նրան, որ արտաքին ինքնորոշման պահանջը ծածկում է տարածքային պահանջը: Անջատման հարցը սերտորեն կապված է տարածքային ամբողջականության հետ: Անջատումը տարածքային փոփոխություն է, որը վրա է հասնում, երբ անկախ պետության մի մասը կամ ոչ ինքնակառավարվող տարածքն առանձնանում է` դառնալով անկախ նոր պետություն[18]: Ինչպես նշում է Պ. Տրեանորը, անջատումը նոր պետության կազմավորման միակ իրական ճանապարհն է, և անջատման արգելումը համարժեք է նոր պետությունների ստեղծման վրա վետոյի կիրառման[19]: Բայց պետք է նաև նկատի ունենալ, որ չնայած տարածքային ամբողջականության սկզբունքը կիրառվում է պետությունների միջև հարաբերություններում և ընդհակառակը, ինքնորոշման սկզբունքը ժողովուրդների իրավունքն է, այնուամենայնիվ ինքնորոշման սկզբունքի մեկնաբանման և կիրառման ժամանակ այն «բախվում է» տարածքային ամբողջականության սկզբունքի հետ:

Եթե ժողովուրդը ներկայացվում է որպես որոշակի տարածքի ամբողջ բնակչություն, ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքները հավասարապես վերաբերում են տվյալ անկախ պետությանը և նրա ժողովրդին: Ինքնորոշման սկզբունքը վերաբերում է տարածքի ողջ բնակչությանը և սրանից ելնելով էլ տարածքի փոփոխության ցանկացած փորձ պետք է հիմնված լինի բնակչության որոշման վրա: Տարածքային ամբողջականության սկզբունքը վերաբերում է պետությունների միջև հարաբերություններին, ըստ այդմ՝ պահանջում է փոխադարձ հարգանք միմյանց տարածքային ամբողջականության նկատմամբ: Եթե պետության ներսում բնակչության մի մասը պահանջում է ինքնորոշման իրավունքի հիմքով տարածքային փոփոխություններ, ապա նրանց համար այս իրավունքի միջազգային ճանաչումը կարող է նվազեցնել տարածքային ամբողջականության սկզբունքի կարևորությունը: Ինքնիշխան պետությունների ներսում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին ցանկացած քննարկում այդ պետությունների տեսանկյունից այն վտանգն են պարունակում, որ այս դաշտում ցանկացած գործողություն կհանգեցնի ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտության և այսպիսով կոտնահարի այլ պետության ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը: Հաճախ ՄԱԿ-ը լուռ է մնում ի պատասխան էթնիկական կամ կրոնական փոքրամասնությունների կամ էլ բնիկ ժողովուրդների ինքնորոշման պահանջներին ի պատասխան: Անտոնիո Կասսեսը նշում է, որ տարբեր դեպքերում, արդարացիորեն, կամ ոչ այնքան, ինքնիշխան պետություններում ապրող և ինքնորոշման հակված էթնիկ խմբերի վերաբերյալ ՄԱԿ-ի պրակտիկան ցույց է տվել, որ մեծ մասամբ անարդունավետ են ինքնորոշմանն ուղղված նրանց գործողությունները[20]:

ԵԱՀԽ Հելսինկյան եզրափակիչ ակտի ութերորդ սկզբունքը, մասնակիորեն վերաբերելով եվրոպական պետություններին, հայտարարում է, որ բոլոր ժողովուրդները միշտ ունեն լիակատար ազատության իրավունք՝ որոշելու, թե երբ և ինչպես են ցանկանում որոշել իրենց արտաքին և ներքին քաղաքական կարգավիճակը առանց արտաքին միջամտության և որոշել իրենց քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացումը:

Իհարկե կան նաև այլ կարծիքներ: Մասնավորապես, Հենրիկ դե Սուզան նշում է, որ պետությունները սովորաբար առաջանում են որպես անկախ պետություն ճանաչվելու իր ժողովրդի մտադրության արտահայտում, որը ենթադրում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացում: Այնուամենայնիվ, չնայած որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ճանաչվել է որպես մարդու իրավունքների միջազգային սկզբունք, այն չպետք է վերաբերի ինքնիշխան պետության տարածքային ամբողջականությանը: Ըստ հեղինակի, միջազգային իրավական կանոններին համապատասխանելու համար նոր առաջացած պետության ճանաչումը կարող է կատարվել միայն իր տարածքային պետության համաձայնությամբ: Միակողմանի անջատումը ընդգրկված չէ իքնորոշման իրավունքի հասկացության մեջ միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության սկզբունքի պատճառով: Խաղաղ և բանակցային անջատումը օրինակ է, որին պետք է հետևել: Ըստ հեղինակի՝ միջազգային իրավունքը չպետք է աջակցի այն անջատողական շարժումներին, որոնք ուղղված են օրինականորեն հիմնված պետության դեմ: Դժվար է համաձայնել հեղինակի կարծիքի հետ: Այն նվազ կարևորություն է տալիս ժողովուրդների իքնորոշման իրավունքին՝ սահմանափակելով դրա իրականացման ձևերը, հնարավորություն չտալով ժողովրդին լիարժեքորեն օգտվելու իր իրավունքից, ուստի որոշ դեպքերում ժողովրդի համար անօգուտ է դարձնում այս իրավունքն ունենալը:  

Այնուամենայնիվ, այս երկու սկզբունքների հարաբերակցության խնդիրը լուծելու համար պետք է հասկանալ սկզբունքներից յուրաքանչյուրի սահմանագիծը: Միանշանակ կարելի է համարել այն, որ միայն պետություններն են կրում այլ պետությունների տարածքային ամբողջականությունը հարգելու պարտականություն, այլ ոչ թե ժողովորդները: Այսպիսով, մեր կարծիքով, ընդհանուր առմամբ, անկախ պետությունների համար ժողովուրդների ինքնորոշման իրավունքը բացարձակ իրավունք է, բայց միայն այն պայմանով, որ «ժողովուրդ» եզրույթը նշանակի պետության ողջ բնակչությունը: Սա նշանակում է, որ պետք է հաշվի առնվի տարածքի ողջ բնակչության կարծիքը: Իսկ տարածքային ամբողջականության սկզբունքի հետ այն ոչ մի բախում չի առաջացնում, քանզի վերջինս վերաբերում է միայն ինքնիշխան պետություններին՝ որպես մյուս պետությունների տարածքային ամբողջականությունը հարգելու պարտավորություն: Ինչպես նշել է գերմանացի իրավաբան Օ. Լուքտեկհանդտը, երբ ազգային փոքրամասնության հանդեպ ուղղվում են խտրականության անտանելի ձևեր, ինքնորոշման իրավունքն անջատման տեսքով ավելի կարևոր է դառնում, քան պետության գերիշխանությունը:  

Այս համատեքստում քննարկելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) ժողովրդի ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի հնարավոր բախման խնդիրը, պետք է նշել, որ իրականում այս երկու սկզբունքների միջև ոչ մի հակասություն չկա: Իրավական տեսանկյունից Արցախի Հանրապետության տարածքի նկատմաբ Ադրբեջանը երբեք էլ ոչ մի իրավասություն չի ունեցել: Դեռևս հնագույն ժամանակներից նրա տարածքը ներառված է եղել հայկական պետության սահմաններում: Իսկ 1917 թվականին Ռուսական կայսրության քայքայումից և 1918 թվականին Անդրկովկասում Վրաստանի , Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների ստեղծումից հետո Արցախի տարածքը սահմանվեց որպես «վիճելի տարածք»: Դեռևս 1918 թվականի հուլիսի 22-ի Ղարաբաղի ժողովրդական ներկայացուցիչների 1-ին համագումարի որոշմամբ այն հռչակվեց որպես ինքնուրույն քաղաքական-վարչական միավոր, կազմավորեց Ղարաբաղի Հայկական ազգային խորհուրդը և Ղարաբաղի ժողովրդական կառավարությունը: Իսկ Ադրբեջանական Հանրապետությունն իր հերթին ցանկանում էր ամեն կերպ ենթարկել իրեն Ղարաբաղի իշխանությունը` անտեսելով արցախահայության կամքը: 1921 թվականի հունիսի 12-ի Հայաստանի Ժողկոմխորհի դեկրետով Հայկական ՍՍՀ-ն Արցախը հռչակեց իր տարածքի անբաժանելի մաս: Սակայն կարճ ժամանակ անց՝ 1921 թվականի հուլիսի 5-ին, կուսակցական մարմնի՝ ՌԿԿ Կովբյուրոյի որոշմամբ Արցախն արհեստականորեն միացվեց Ադրբեջանին: Սրանով փաստորեն որոշվեց Արցախի ժողովրդի հետագա 70 տարիների ճակատագիրը: Սակայն 1991 թվականի դեկտեմբերի 10-ին, գոյություն ունեցող ԽՍՀՄ օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, Արցախի Հանրապետությունում անցկացվեց հանրաքվե, որին մասնակցեց գրանցված քաղաքացիների 82.2 տոկոսը: Քվեարկությանը մասնակցածների 99.89 տոկոսը կողմ քվեարկեց Ադրբեջանից անկախանալու օգտին: Արցախի Հանրապետության բնակչության այս որոշումն ամրագրվեց 1991 թվականի դեկտեմբերի 28-ի Պետական անկախության մասին հռչակագրում:

Ներկայացված պատմական ակնարկից հետո կասկած չի մնում, որ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ինքնորոշման սկզբունքի իրականացումը որևէ կերպով չի խախտում պետության տարածքային ամբողջականության սկզբունքը: Ապրելով իր պատմական տարածքում՝ Արցախի բնակչությունն այնուամենայնիվ միայն 1991 թվականին հանրաքվե անցկացնելու հնարավորություն ունեցավ, և իրավական առումով վերջնականապես իր լուծումը ստացավ Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի խնդիրը:

 

[1] Տե′ս The Nation State and National Self-determination, Alfred Cobban, 1944.
[2] Ivor Jennings, The Approach to Self-Government, 1956, pp. 55-56.
[3] Baker and Dodd, The Public Papers of Woodrow Wilson, War and Peace, 1927, p. 180.
[4] Witham, Some Aspects of the Covenant of the Leaugue of Nations, 1934, p. 243.
[5] Տե′ս Sarah Wambaugh, The Meaning and Range of the principle of Self-determination, Oxford University Press, 1920.
[6] Edward Hallet Carr, The Bolshevik Revolution 1917-1923, 1950, pp. 10-28.
[7] Տե′ս Վ. Քոչարյան, Միջազգային իրավունք, 2002, էջ 95:
[8] Antonio Cassese, Self-determination of Peoples: A Legal Reappraisal, Cambridge University Press, 1995, p. 32.
[9] Տե′ս Dr. Michael, C. van Walt, van Praag, Onno Seroo , The Implementation of the Right to Self-determination as a Contribution to Conflict Prevention, 1998.
[10] Antonio Cassese, Self-determination of Peoples: A Legal Reappraisal, Cambridge University Press, 1995, p. 129
[11] Charter of the United Nations, article 1, paragraph 2.
[12] Antonio Cassese, Self-determination of Peoples: A Legal Reappraisal, Cambridge University Press, 1995, p. 43
[13] The UN General Assembly Resolution 51/84, (adopted 28 02 1997).
[14] Charter of the United Nations (26 06 1945, San Francisco), 59 Stat. 1031, T.S. No.993, entered into force 24/10/1945.
[15] Thomas D. Musgrave, Self-determination and National Minorities, Oxford: Clarendon Press, 1997, p. 181.
[16] Covenant of the League of Nations, 1919, article 10.
[17] Charter of the United Nations, article 2, paragraph 4.
[18] Thomas D. Musgrave, Self-determination and National Minorities, Oxford: Clarendon Press, 1997, p. 181.
[19] Տե′ս Paul Treanor, The Ethics of Secession, 2004.
[20] Antonio Cassese, Self-determination of Peoples: A Legal Reappraisal, Cambridge University Press, 1995, p. 108.