ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է Արցախում ուղղաթիռի խոցման առնչությամբ

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Եվրախորհրդարանի այսօրվա լսումների ժամանակ մտահոգություն է հայտնել Արցախում ուղղաթիռի խոցման առնչությամբ՝ ավելացնելով, որ նման միջադեպերը սրում են առանց այն էլ լարված իրավիճակը: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Մասնավորապես, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը փաստի առիթով ասել է. «Մենք խիստ մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում և նրա սահմաններից դուրս կատարվող իրադարձություններով, այդպիսի աղետները կարող են հանգեցնել ավելի մեծ ճգնաժամի՝ առավել անկայունացող իրավիճակի համատեքստում»:

Նոյեմբերի 12-ին՝ մոտավորապես ժամը 13։45-ին, հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի՝ Արցախի արևելյան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է ԼՂՀ պաշտպանության բանակի օդուժի Մի-24 ուղղաթիռը: Ըստ նախնական տեղեկության, զոհվել են անձնակազմի 3 անդամները։