Սահմանադրական արդարադատության Համաշխարհային խորհրդաժողովի 3-րդ համագումարը

WCCJՍեպտեմբերի 28-ին Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում իր աշխատանքներն է սկսել Սահմանադրական արդարադատության համաշխարհային խորհրդաժողովի 3-րդ համագումարը: Համագումարի շրջանակներում կայացել են սահմանադրական արդարադատության տարածաշրջանային և լեզվական խմբերի հանդիպումները: 

Ինչպես այդ մասին տեղեկացնում է ՀՀ սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունը, ՍԴ նախագահ, Վենետիկի հանձնաժողովի բյուրոյի անդամ Գագիկ Հարությունյանը մասնակցել է Եվրոպական սահմանադրական դատարանների խորհրդաժողովի անդամների հանդիպմանը: Նույն օրը Գ. Հարությունյանի նախագահությամբ կայացել է նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների խորհրդաժողովի մասնակիցների հանդիպումը, որի շրջանակներում քննարկվել են կազմակերպության հետագա անելիքները, կազմակերպության գալիք միջոցառումների ցանկը և անդամների միջև համագործակցության հիմնական ուղղությունները: Նույն օրը երեկոյան կայացել է Սահմանադրական արդարադատության համաշխարհային խորհրդաժողովի բյուրոյի նիստը, որը նախագահել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էին Բյուրոյի գործունեության հաշվետվության հաստատման, ֆինանսական հաշվետվության, Համաշխարային խորհրդաժողովին ֆինանսական ներդրումներ կատարելու ուղեցույցի հաստատման և այլ հարցեր:

Սեպտեմբերի 29-ին կայացել է Սահմանադրական արդարադատության համաշխարհային խորհրդաժողովի 3-րդ համագումարի բացման արարողությունը, որին բացման ուղերձով դիմել են Կորեայի Հանրապետության նախագահ Փակ Կըն Հյեն և Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը (վիդեոկապով): Մատնանշելով միջոցառումների անցկացման կարևորությունը, սահմանադրական արդարադատության կայացման և սոցիալական ինտեգրման դերը ՄԱԿ-ի կանոնադրությամբ հռչակված նպատակներին հասնելու գործում` ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ողջույններ հղեց Կորեայի Հանրապետության նախագահ տկն Փակ Կըն Հյեին, Կորեայի սահմանադրական դատարանի նախագահ պրն Փարկ Հան Չուլին, Վենետիկի հանձնաժողովի նախագահ պրն Ջիանի Բուքիքիոյին և Սահմանադրական արդարադատության համաշխարհային խորհրդաժողովի բյուրոյի նախագահ պրն Գագիկ Հարությունյանին` Երրորդ համագումարին մաղթելով արդյունավետ աշխատանք:

Համաշխարհային խորհրդաժողովի` «Սահմանադրական արդարադատությունը և սոցիալական ինտեգրումը» խորագիրը կրող 3-րդ համագումարի շրջանակներում քննության են առնվել հետևյալ հիմնախնդիրները.

  • Սոցիալական ինտեգրման մարտահրավերները գլոբալացվող աշխարհում,
  • Սոցիալական ինտեգրման միջազգային չափանիշները,
  • Սոցիալական ինտեգրմանը նպաստող/ինտեգրումն ամրապնդող սահմանադրական միջոցներ,
  • Սահմանադրական արդարադատության դերը սոցիալական ինտեգրման գործընթացում:

Սահմանադրական արդարադատության Համաշխարհային խորհրդաժողովը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի իրավունքի միջոցով ժողովրդավարության Եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախաձեռնությամբ: Համաշխարհային խորհրդաժողովը սահմանադրական արդարադատության բնագավառում աշխարհում ամենամեծ կազմակերպությունն է, որը միավորում է տարբեր երկրների սահմանադրական դատարաններ, սահմանադրական խորհուրդներ և գերագույն դատարաններ: Կազմակերպության հիմնական նպատակն է աջակցել սահմանադրական արդարադատության (սահմանադրական վերահսկողության` այդ թվում և մարդու իրավունքների ոլորտում նախադեպային իրավունքի առնչությամբ) զարգացմանը` որպես ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության հիմնական բաղադրիչ:

Սահմանադրական արդարադատության Համաշխարհային խորհրդաժողովի 3-րդ համագումարի վերաբերյալ առավել մանրամասն` համագումարի կայքում: