ՄԻԵԴ վճիռ. Նեմցովն ընդդեմ Ռուսաստանի

europea_court_of_human_rights_bigECHR 236 (2014)
31.07.2014 
Նեմցովն ընդդեմ Ռուսաստանի (գանգատ թիվ 1774/11)

ՄԻԵԴ Պալատը հետևյալ որոշումով, որը վերջնական չէ[1], արձանագրել է, որ ընդդիմության առաջնորդի անօրինական ձերբակալության և կալանավորման հետ կապված տեղի է ունեցել Կոնվենցիայի հետևյալ հեդվածների խախտում.

11-րդ հոդվածի խախտում (հավաքների և միավորման ազատություն)

6-րդ հոդվածի առաջին մասի խախտում (արդար դատաքննության իրավունք)

5-րդ հոդվածի առաջին մասի խախտում (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք)

3-րդ հոդվածի խախտում (խոշտանգումների արգելում)

13-րդ հոդվածի խախտում (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք)` 3-րդ հոդվածի համակցությամբ

Գործը վերաբերում է Բորիս Նեմցովի ձերբակալությանը և ազատազրկմանը: Վերջինս հանրության կողմից ճանաչված ընդդիմադիր առաջնորդ է, քաղաքական ուղղվածություն ունեցող ցույց է անցկացրել և մեղադրվել է վարչական իրավախախտում կատարելու համար: 

Ըստ Դատարանի` պրն. Նեմցովի` հավաքների և միավորման ազատության սահմանափակումը եղել է կամայական, և նրա դեմ իրականացված գործողությունները ունեցել են այլոց քաղաքական ցույցերից և բաց քննարկումներից հեռու պահելու լուրջ միտում:

Սկզբունքային փաստերը

Դիմումատու Բորիս Նեմցովը (ծն. 1959 թ.) ՌԴ քաղաքացի է, ապրում է Մոսկվայում: Նա քաղաքական գործիչ է, հայտնի է որպես ընդդիմության առաջնորդ:

Գործը վերաբերում է 2010 թվականի դեկտեմբերի 31-ի երեկոյան Մոսկվայում անցկացված ցույցին նրա մասնակցությանը, որի ընթացքում նա իր ունեցած ելույթում քննադատել է գործարար Միխայիլ Խոդորկովսկուև նրա գործընկեր Պլատոն Լեբեդևի դատապարտումը, ինչպես նաև պետական մարմիններին մեղադրել է կոռումպացված լինելու մեջ և ՌԴ նախագահ Վ. Պուտինի դեմ ուղղված ելույթներ է ունեցել:

Պրն. Նեմցովը ցույցի ավարտին ձերբակալվել է և նստեցվել ոստիկանական մեքենան: Նրա պնդմամբ, մինչև նա կկարողանար լքել ցույցի համար նախատեսված տարածքը, ոստիկանության աշխատակիցների կողմից անցանելիության համար խոչընդոտներ էին ստեղծվել, երբ նա ցանկացել է մոտենալ իր մեքենային, նրան ուղեկցելիս են եղել նրա դուստրը և վերջինիս ընկերը: Նա պնդում է, որ իր ձերբակալությունը տեղի է ունեցել առանց որևէ նախնական զգուշացման կամ բացատրության, և ինքը դիմադրություն ցույց չի տվել ոստիկանության աշխատակիցներին: Ըստ Ռուսաստանի կառավարության պնդման, պրն. Նեմցովը իր ելույթում կոչ է արել ցուցարարներին մասնակցել մեկ այլ`արդեն չարտոնագրված ցույցի և հնչեցրել է հակակառավարական կոչեր: Կառավարությունը պնդում է, որ ոստիկանության աշխատակիցները զգուշացրել են պրն. Նեմցովին և կարգադրել դադարեցնել հակակառավարական կոչերը: Այնուհետև ոստիկանները ձերբակալել են Նեմցովին` վերջինիս կողմից իրենց զգուշացումները անտեսելուց և բացականչությունները շարունակելուց հետո:

Պրն. Նեմցովը նշում է, որ այն մեկուսարանը, որտեղ նա պահվել է, եղել է փոքր խուց, որը չի ունեցել պատուհաններ, զուրկ է եղել սանիտարական պայմաններից, չեն եղել նույնիսկ անկողին կամ անկողնային հարմարություններ:

2011 թվականի հունվարի 2-ին պրն. Նեմցովը մեղավոր է ճանաչվել վարչական իրավախախտում կատարելու, ինչպես նաև ոստիկանության կողմից տրված` կոչերը դադարեցնելու հրամանին չենթարկվելու և օրինական ձերբակալությանը դիմադրություն ցույց տալու համար:  Նա դատապարտվել է 15 օր վարչական կալանքի: Պրն. Նեմցովի հետագա բողոքարկման փորձերը եղել են անարդյունավետ: Նա ոստիկանության բաժանմունքից տեղափոխվել է այլ ազատազրկման վայր, որտեղ պահվել է մինչև 2011 թվականի հունվարի 15-ը:

Բողոքները, ընթացակարգը և  Դատարանի կազմը

Պրն. Նեմցովը բողոքում է, որ վարչական իրավախախտում կատարելու համար իր ձերբակալությունը և կալանքը խախտել են Կոնվենցիայի 10-րդ հոդվածով (արտահայտվելու ազատություն) և 11-րդ հոդվածով (հավաքների և միավորման ազատություն)նախատեսված իրավունքը: Հիմնվելով 6-րդ հոդվածի առաջին մասի վրա` (արդար դատաքննության իրավունք) նա նաև բողոքում է, որ իր գործի քննությունը չի եղել հրապարակային և, որ ինքը հնարավորություն չի ունեցել արդյունավետ մասնակցել քննությանը, քանի որ չի կարողացել ներկայացնել վկաների, որոնք կներկայացնեին իր վարքագիծը ցույցի ժամանակ և կհակակշռեին այն վկաներին, որոնք վկայություն են տվել իր դեմ:  Ավելին, նա բողոքում է, որ իր ձերբակալությունը եղել է կամայական, և իրեն դատական ակտի վերանայման արդյունավետ միջոցներ չեն տրամադրվել, ինչը համարվում է 5-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերի խախտում (ազատության և անձնական անձեռնմխելության, դատարանի կողմից արագացված կարգով ազատազրկման վերաբերյալ կայացված որոշման օրինականություն): Նա նաև նշում է 3-րդ հոդվածի խախտում (խոշտանգումների արգելում), որը տեղի է ունեցել ոստիկանական բաժանմունքում պահելու ժամանակ և 13-րդ հոդվածի խախտում (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք)` համակցված 3-րդ հոդվածի հետ: Վերջապես նա վկայակոչում է 18-րդ հոդվածի խախտում (իրավունք նկատմամբ սահմանափակումների կիրառման սահմանները):

Դատարանի կազմը

Գանգատը ներկայացվել է  2011 թվականի հունվարի 10-ին: Որոշումը կայացվել է 7 դատավորի կողմից` հետևյալ կազմով.

Իզաբել Բերո-Լաֆեվրե (Մոնակո), նախագահ

Էլիզաբեթ Շտեիներ (Ավստրիա),

Պաուլո Պինտո դե Ալբուկերկե (Պորտուգալիա),

Լինոս-Ալեքսանդրե Սիցիլիանոս (Հունասատան),

Էրիկ Մոս (Նորվեգիա),

Քսենիա Տուրկովիչ (Խորվատիա),

Դմիտրի Դեդով (Ռուսաստան), դատավորներ

և Սյորեն Նիլսեն, բաժանմունքի քարտուղար:

Դատարանի որոշումը

Հոդված 11

Դատարանը նպատակահարմար է համարում պրն. Նեմցովի գործը քննել ըստ 10-րդ հոդվածի:

Ղեկավարվելով գործով առկա փաստերով՝ Դատարանը գտավ, որ բավական հիմքեր կան, որոնք վկայում են, որ պրն .Նեմցովը ձերբակալվել է ոստիկանության շրջափակմանը մոտենալուց ոչ ավելի, քան 2 րոպե անց: Այդ ժամանակահատվածը նշվել է նրա դստեր և նրա ընկերոջ կողմից և չի վիճարկվել գործի քննության ոչ մի փուլում: Կողմերի միջև առկա տարաձայնությունը, մասնավորապես, վերաբերում է պրն. Նեմցովի կողմից իր ձերբակալությունից անմիջապես առաջ հակակառավարական բացականչություններ հնչեցնելուն և ոստիկանության զգուշացումները անտեսելով քարոզչական գործողությունները շարունակելուն:

Դատարանը գտնում է, որ պրն. Նեմցովի պնդումները բավական համոզիչ և հիմնավորված են վկայություններով: Դատարանը գտնում է, որ կան էական տարրեր, որոնք Դատարանի մոտ կասկած են առաջացնում պրն. Նեմցովի ձերբակալության, ազատազրկման և վարչական իրավախախտման մեղադրանք ներկայացնելու պատճառների վերաբերյալ: Մասնավորապես չի բացատրվում, թե ինչու պետք է պրն. Նեմցովը հանրությանը հրավիրեր մասնակցելու չարտոնագրված ցույցի անմիջապես այն բանից հետո, երբ նաելույթ էր ունենում արտոնագրված ցույցի ժամանակ, կամ ովքեր էին այն «անցորդները», որոնք գտնվում էին ոստիկանական շրջափակման կազմում: Վկայություններից պարզ է դառնում, որ մարդիկ, որոնք հավաքվել էին շրջափակման տարածքում, հենց ցույցի մասնակիցներն էին, որոնք ցանկանում էին, սակայն հնարավորությունչունեին լքել շրջափակված տարածքը: Արդյունքում պարզ չէ, թե այս ամենը ինչպես կարող էր տեղի ունենալ 1-2 րոպեի ընթացքում: Ավելին, առկա է տեսանյութ, որտեղ չի երևում, թե պրն. Նեմցովը քարոզչություն է իրականացնում, և ոչ մի ականատես վկա, բացառությամբ նրան ձերբակալած ոստիկանի, չի տեսել պրն. Նեմցովին նման քարոզչություն իրականացնելիս:

Դատարաննը եզրակացրեց, որ պրն.Նեմցովի ձերբակալությունը և վարչական իրավախախտման մեղադրանքները նրան առաջադրվել են առանց վկայակոչված նպատակի հետ որևէ կապի (ոստիկանության հրամաններին չենթարվելը):  Նման իրավական հիմնավորմամբ միջամտությունը նրա՝հավաքների և միավորման ազատությանը կարող է որակվել որպես կամայական և ոչ իրավական: Ավելին, այն գործողությունները, որոնք նաիբր կատարել է (նոր ցույցի հրավիրելու փորձը և հակակառավարական բացականչությունները) ևս պաշպանված են 10-րդ և 11-րդ հոդվածներով, և այդ գործողությունները դադարեցնելու վերաբերյալ կարգադրությունը պետք է ունենա բավական լուրջ հիմքեր: Ռուսական դատարանները չեն ղեկավարվել այս նկատառումներով:

Պրն. Նեմցովի դեմ իրականացված գործընթացներընրա ընդդիմադիր գործունեությանը խոչընդոտելու և նման ցույցերի մասնակցությունը սահմանափակելու նպատակ են ունեցել: Հաշվի առնելով պրն Նեմցովի՝ հայտնի քաղաքական գործիչ լինելու հանգմանքը, նման վարվելակերպը լուրջ ներուժ ունի մյուս անձանց ևս վախեցնելու և զերծ պահելու ցույցերին և հանրային քննարկուներին մասնակցելուց: Այսպիսով Դատարանը արձանագրում է 11-րդ հոդվածի խախտում: 

Հոդված 6

Դատարանը գտնում է, որ պրն. Նեմցովի նկատմամբ իրականացված վարչական գործընթացները ամբողջությամբ վերցրած չեն եղել արդարացի և խախտել են  6-րդ հոդվածով նախատեսված իրավունքները: Հաշվի առնելով 11-րդ հոդվածի խախտման փաստը և մասնավորապես այն հանգամանքը, որ դատարանի որոշումը հիմնված է եղել միայն ձերբակալում իրականացրած երկու ոստիկանների տված ցուցմունքների վրա, արդյունքում անտեսվել է պաշպանության կողմի համար հավասար մրցակցության  հնարավորությունը, և նման վարվելակերպը ոչ մի կերպ չի կարող արդարացվել Դատարանի կողմից:

Հոդված 5

Ղեկավարվելով արդեն հաստատված այն փաստերով, որ պրն. Նեմցովի ձերբակալությունը, ազատազրկումը և կարճաժամկետ ազատազրկման դատավճիռը եղել են կամայական և անօրինական՝ Դատարանը եզրակացրեց, որ նրա ազատության իրավունքը ևս խախտվել է (հոդված 5 մաս 1): Դատարանը գտավ, որ անիմաստ է առանձինքննարկել դատական ակտի վերանայման նրա բողոքի խնդիրը (հոդված 5 մաս 4):

Հոդված 3 և հոդված 13

Կառավարությունը չի ընդունել պրն. Նեմցովի նկարագրությունն այն մասին, թե ինչ պայմաններում է նա պահվել ոստիկանության բաժանմունքում: Այդուհանդերձ, կառավարությունը չի հիմնավորել իր դիրքորոշումը որևէ փաստով, նրանք չեն վիճարկել  նաև հանրային կոմիտեի երկու անդամների հաշվետվությունը, որոնք 2011 թվականի հունվարի 1-ին այցելել են ոստիկանական բաժանմունք, որպեսզի ստուգեն պրն. Նեմցովին պահելու պայմանները, վերջիններիս տված հաշվետվությունը համապատասխանում է պրն. Նեմցովի նկարագրությանը: Այդ պատճառով դատարանը հիմնավոր է համարում այն փաստը, որ պրն. Նեմցովը շուրջ 40 ժամ պահվել է փոքր, առանց պատուհանների և սանիտարական հարմարությունների խցում, որը չի ունեցել անկողին կամ նման հարմարություններ: Այս ամենի համադրմամբ` Դատարանը գտնում է, որ այն պայմանները, որում պահվել է պրն. Նեմցովը, պատճառել են նրան տառապանքներ և անհարմարություններ, որոնց ինտենսիվությունը գերազանցում է ազատազրկմանը բնորոշ տառապանքների անխուսափելիության մակարդակը: Նման վերաբերմունքը համարվում է անմարդկային և արժանապատվությունը նսեմացնող (հոդված 3):

Դատարանը արձանագրում է նաև 13-րդ հոդվածի խախտում, քանի որ պրն. Նեմցովը չի ունեցել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներից օգտվելու հնարավորություն, որը պետք է ապահովվեր ազգային օրենսդրության համաձայն: Մասնավորապես, նրա բողոքը ազատազրկման վատ պայմանների վերաբերյալ ռուսական դատարանները երկու անգամ մերժել են` առանց գործը ըստ էության քննելու:

Այլ բողոքներ

Ղեկավարվելով վերոգրյալով, որոնք վերաբերում էին հոդվածներ 5-ին,6-ին, 11-ին՝ Դատարանը գտնում է, որ 18-րդ հոդվածի խախտումը չի բարձրացնում քննարկման ենթակա այպիսի խնդիր, որը արդեն քննարկված չլինի:

Արդարացի փոխհատուցում (հոդված 41)

Դատարանը որոշմամբ`Ռուսաստանը պարտավորէ վճարել պրն. Նեմցովին 26.000 եվրո՝ որպես  բարոյական վնասի հատուցում և 2.500 եվրո՝ որպես դատական ծախսերի հատուցում:

[1]43 և 44-րդ հոդվածներով սահմանված կարգով այս պալատի որոշումները վերջնական չեն: Եվ դրանց ուղարկումից հետո՝ 3ամսվա ընթացքում, ցանկացած կողմ կարող է առաջարկել, որպեսզի գործը փոխանցվի Դատարանի Մեծ պալատ: Նման առաջարկություն լինելու դեպքում  5 դատավորից բաղկացած հանձնաժողովը որոշում է, թե արդյոք գործը կարիք ունի հետագա քննության: Դրական եզրակացության դեպքում Մեծ պալատը լսում է գործը և ուղարկում վերջնական որոշումը: Եթե առաջարկությունը մերժվում է, ապա այս պալատի որոշումը դառնում է վերջնական և կայացման պահից մտնում է օրինական ուժի մեջ: Որոշումն  օրինական ուժ ստանալուց հետո ուղարկվոմ է ԵԽ Նախարարների կոմիտե` դրա կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով: