ELL PARTNERSHIP LLC

ՄԱԿ-ի ԱԽ-ն այց է կատարել Արդարադատության միջազգային դատարան

ICJՄիավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը օգոստոսի 11-ին այց է կատարել Արդարադատության միջազգային դատարան: Այցելությունն սկսվել է Անվտանգության խորհրդի և Միջազգային դատարանի նախագահների անձնական հանդիպումով: Հանդիպման ժամանակ քննարկվել են բազմաթիվ ընթացիկ հարցեր, որոնք վերաբերում էին Միջազգային դատարանի կարևորությունը, դատարանի դերին, Անվտանգության խորհրդի հետ վերջինիս կապին, և կողմերի համար ընդհանուր նշանակություն ունեցող այլ  կարևոր հարցեր: Այդ մասին տեղեկացնում է դատարանի պաշտոնական կայքը:

Արդարադատության միջազգային դատարանը ՄԱԿ-ի կարևորագույն դատական մարմինն է: Հիմնադրվել է 1945 թվականի հունիսին Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ և իր գործունեությունն սկսել է 1946 թ. ապրիլին: Դատարանի նստավայրը Հաագայի (Նիդերլանդներ) Խաղաղության պալատն է: ՄԱԿ-ի 6 հիմնական մարմիններից միակն է, որ տեղակայված չէ Նյու Յորքում: 

Դատարանն ունի երկու կարևորագույն դերակատարում: Առաջինը այնպիսի վեճերի լուծումն է, որոնք կարգավորվում են միջազգային իրավունքի նորմերով: Դատարանի որոշումները պարտադիր իրավական ուժ ունեն պետությունների համար և բողոքարկման ենթական չեն: Երկրորդ կարևոր գործառույթը ՄԱԿ-ի մարմիններին և համակարգի մյուս կառույցներին իրավական խնդիրների վերաբերյալ խորհրդատվական կարծիքներ տրամադրելն է:

Դատարանը կազմված է 15 անկախ դատավորների կոլեգիայից, որոնք ընտրվում են 9 տարի ժամկետով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Գլխավոր Ասամբլեայի կողմից: Դատավորներն ընտրվում են, անկախ իրենց քաղաքացիությունից, բարձր բարոյական հատկանիշներ ունեցող անձանցից, որոնք համապատասխանում են իրենց երկրներում բարձր դատական պաշտոնների նշանակման համար սահմանված չափանիշներին կամ միջազգային իրավունքի բնագավառում ճանաչված իրավաբաններ են:

Դատարանն իր գործառույթներն իրականացնում է սեփական քարտուղարության միջոցով, որն անկախ է ՄԱԿ-ի ընդհանուր քարտուղարությունից: Քարտուղարության գործունեությունը կրում է ինչպես դատական, այնպես էլ` դիվանագիտական և վարչական բնույթ:

Արդարադատության միջազգային դատարանը հայտնի է նաև «Համաշխարհային դատարան» անվամբ, քանի որ վերջինիս իրավասությունը տարածվում է ամբողջ աշխարհի վրա: Դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը:

Միջազգային դատարանը  բաց է միայն պետությունների և ՄԱԿ-ի որոշ մարմինների առջև, այն պետք չէ շփոթել այլ դատարանների հետ, ինչպիսիք են, օրինակ, Միջազգային քրեական դատարանը՝ ստեղծված Անվտանգության խորհրդի կողմից, Լիբանանի հատուկ տրիբունալը (կազմված է լիբանանցի և միջազգային դատավորներից. այս դատարանը չի համարվում ՄԱԿ-ի տրիբունալ, այն չի հանդիսանում նաև Լիբանանի դատական համակարգի մասը),  Արբիտրաժային մշտական դատարանը, որն անկախ ինստիտուտ է և աջակցում է արբիտրաժային տրիբունալների ստեղծմանը. գործում է ըստ Հաագայի 1899 թվականի Կոնվենցիայի:

Մեկնաբանություններ

67 դիտում

Պիտակներ՝

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: