ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հայտարարություն է տարածել

ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը օգոստոսի 4-ին հայտարարություն է տարածել վերջին օրերին տեղի ունեցող հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերի և դրանք լուսաբանող մամուլի հրապարկումների առնչությամբ: Այս մասին նշված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, դեսպանն ընդգծել է. «Սահմանագծի երկայնքով տեղի ունեցող բազմաթիվ միջադեպերի վերաբերյալ վերջին հաղորդումները մտահոգության առիթ են տալիս: Ցանկացած կորուստ ողբերգություն է զոհվածի ընտանիքի և հարազատների համար: ԵԱՀԿ-ի գործող նախագահն ու համանախագահներն արդեն անդրադարձել են այս խնդրին` օգոստոսի 2-ին տարածած հայտարարության մեջ»:

«Իմ լիազորությունների շրջանակներում շարունակելու եմ սերտորեն կապ պահպանել կողմերի հետ, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով՝ օգնելու նրանց թուլացնել լարվածությունը: Ես և իմ ղեկավարած խումբը շարունակելու ենք դիտորդական առաքելությունները, որոնք կազմակերպվում են կողմերի համագործակցությամբ, որոնցից վերջինը սույն թվականի օգոստոսի 1-ին էր:

Յուրաքանչյուր դիտարկման ժամանակ իմ թիմի անդամները մոտենում են հայ-ադրբեջանական սահմանին կամ շփման գծին, համապատասխան կողմերից տեղեկատվություն են ստանում հրադադարի խախտման դեպքերի, ինչպես նաև այլ վայրերում ընդհանուր իրավիճակի վերաբերյալ, սակայն դիտարկումն անցկացվում է միայն մեկ որոշակի տեղամասում: Մենք հնարավորություն ենք ընձեռում նաև տեղի հրամանատարներին՝ անդրադառնալ երկուստեք մտահոգություն ներկայացնող հարցերի և թուլացնել լարվածությունը:

Դիտարկումներն ամփոփող զեկույցները փոխանցվում են ԵԱՀԿ-ի գործող նախագահին ու Մինսկի խմբի անդամներին: Միջադեպերի վերաբերյալ զեկույցները նույնպես իմ գրասենյակը հանձնում է ԵԱՀԿ-ի համապատասխան կառույցներին: Մենք հրապարակայնորեն չենք մեկնաբանում ո́́́չ կոնկրետ դիտարկման ընթացքը, ո́́́չ էլ՝ դրա վերաբերյալ եզրակացությունները: Նմանաբնույթ տեղեկատվություն պարունակող մամուլի հրապարակումները հիմնված չեն իմ գրասենյակի տրամադրած տեղեկատվության վրա», -ասված է Կասպրշիկի տարածած հաղորդագրությունում:

Մեկնաբանություններ

Պիտակներ, ,

հետևեք ձեր կայքից

Թողնել մեկնաբանություն

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք :
ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: