2017-ին մահացել է 17 դատապարտյալ, որոնցից 7-ը մահացել է հիվանդության պատճառով.ՔԿՎ իրավաբանական բաժնի պետի տեղակալ

Հայաստանի քրեակատարողական հիմնարկների խնդիրներից մեկը մնում է գերբնակեցման խնդիրը, որը նախորդ տարիների հետ համեմատած մնացել է նույնը: Այս մասին  մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի  անդամ  Ռոբերտ Ռեւազյանը։

«Մասնավորապես, Նուբարաշեն ՔԿՀ-ի գերբնակեցման խնդիրը: 8 հոգու համար նախատեսված խցերում ապրում է 15 մարդ, իսկ հիմնարկի առաջին հարկն ընդհանրապես բնակեցման համար պիտանի չէ: ՔԿՀ-ում կան խցեր, որնք շատ անմխիթար են , կան նաև շատ լավ վերանորոգված խցեր, որոնք արվում են հենց կալանավորների միջոցներով»,-ասաց փորձագետը, կարծիք հայտնելով, որ պետությունը պարտավոր է բոլոր խցերը բերել միանման և բարեկարգ տեսքի:

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Զառա Հովհաննիսյանի խոսքերով ՔԿՀ-ներում առողջական խնդիրներիով բանտարկյալների պատշաճ բուժօգնություն չցուցաբերելը հանգեցնում է մահվան դեպքերին, մասնավորապես Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մահվան դեպքը փաստում է դա:

«Աբովյանի կանանց  ՔԿՀ-ում երկու լուրջ առողջական խնդիրներով անձանց դեպք կար, որի մասին ահազանգել ենք  Արդարադատության  նախարարություն, սակայն ստացել ենք մերժողական պատասխան: Արդյունքում՝ կանանցից մեկը մահացավ, իսկ մյուսը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում», -ասաց Զառա Հովհաննիսյանը:

Ռոբերտ Ռևազյանն էլ հավելեց, որ  եթե պետությունը չի կարող բուժել ծանր հիվանդությամբ դատապարտյալի, պետք է նրան ազատ արձակի բուժում ստանալու համար, այլ ոչ թե սպասի նրա վախճանին:

ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության իրավաբանական բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Տիգրան Սահակյանի խոսքերով «Նուբարաշեն»  քրեակատարողական հիմնարկի գերբնակեցման հարցը կլուծվի միայն բարվոք վիճակի նոր քրեակատարողական հիմնարկ ունենալուց հետո:

«Դատապարտյալների պահման պայմանների հետ կապված խնդիր  իրականում կա և այն պայմանավորված է ենթակառուցվածքների հետ,  որոնք ժառանգություն են մնացել Խորհրդային Միությունից: Փորձ արվել էն այդ  ՔԿՀ-ներում վերանորոգման արդյունքում հասնել ինչ- ինչ չափորոշիչների, սակայն մարդու իրավունքների պահպանման առումով դրանք բավարար համարել հնարավոր չէ»,-ասաց Տիգրան Սահակյանը:

Տիգրան Սահակյանը նշեց, որ բավարար պայմաններ ստեղծելու  նպատակով դեռևս 2009-ից որոշում կայացվեց ենթակառուցվածքային փոփոխություններ իրականացնել, արդյունքում կառուցվեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը, որի կառուղումը որոշ չափով  գերբեռնվածությունը նվազեցրեց: Ըստ ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության իրավաբանական բաժնի պետի տեղակալի՝  առաջիկայում նախատեսվում է նոր ՔԿՀ կառուցել Գորիսում:

Տիգրան Սահակյանն  անդրադարձավ նաև պատժի կրման հետ չհամապատասխանող հիվանդություններ ունեցող դատապարտյալներին և կալանավորներին, նշելով, որ 2017  թվականին 1740 կալանավոր և դատապարտյալ տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոցներ, քանի որ ՔԿՀ-ներում իրենց բուժումը արդյունավետ չէր:

«Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, ապա 2017-ին մահացել է 17 դատապարտյալ, որոնցից 7-ը մահացել է հիվանդության պատճառով: 2016-ին 29 մարդ՝ 7-ը հիվանդության պատճառով»,-ասաց ՏիգրանՍահակյանը: