Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանը լքեցին դատական նիստերի դահլիճը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը՝ Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ:

Նիստի ընթացքում Ժիրայր Սեֆիլյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նախագահող դատավորին հայտնելով, որ ինքը լքում է դատական նիստերի դահլիճը՝ իր զորկացությունը հայտնելով «Սասնա ծռեր» խմբի անդամներ՝ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին: Վերջինս նաև հայտնեց, որ հրաժարվում է իր պաշտպաններից և չի լիազորում նրանց իր բացակայության ընթացքում մասնացել նիստին: Ժիրայր Սեֆիլյանին միացավ նաև ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանը:

Վերջիններիս հեռանալու պատճառով դատավորը նրանց նկատմամբ կիրառեց դատական սանցիա:

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն էլ հայտնեց, որ ինքը ցանկանում է հեռանալ նիստերի դահլիճից, քանի որ իր պաշտպանյալը հրաժարվել է իրենից, սակայն դատավոր Տաթևիկ Գրիգորյանը թույլ չտվեց Տիգրան Հայրապետյանին հեռանալ նիստերի դահլիճից:

«Հարգելի դատարան դուք ինձ ստիպում եք, որ ես իմ պաշտպանյալի դիրքորոշմանը հակառակ քայլեր կատարեմ», -դատավորին դիմեց Տիգրան Հայրապետյանը, որից հետո որոշեց լքել նիստերի դահլիճը:

Նշենք, որ այսօրվա նիստին դատարան չէր կարողացել մտնել Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը: Վերջինս մեզ հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ մտել է դատարանի շենք և անցել զննություն՝ սարքի միջոցով, որից հետո կարգադրիչները  ցանկացել են խուզարկել նրա պայուսակը: Փաստաբանի խոսքերով, երբ ինքը հրաժարվել է հանել պայուսակի իրերը, իրեն արգելել են մուտք գործել դատարան:

«Սովորաբար ինձ չէր ներկայացվում խուզարկության պահանջ: Այսքան արհեստական խնդիրների շատ էինք բախվել, բայց կարծես հաղթահարված էր այս խնդիրը»,- ասաց նա:

Նիստի ժամանակ միջնորդությամբ հանդես եկավ Հրայր Թոփչյանի պաշտպան Գևորգ Միքայելյանը, վերջինս դատարանին խնդրեց, որպեսզի դատարան հրավիրվեն և հարցաքննվեն հետաքննիչը և փորձագետը:

Մեղադրող կողմն էլ հայտնեց, որ հետաքննության տեսուչին հարցաքննելու կարիք չկա, իսկ փորձագետին հարցաքննելու վերաբերյալ ոչ մի առարկություն չունեն:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը որոշեց հաջորդ դատական նիստին դատարան  հրավիրել և հարցաքննել փորձագետին, իսկ հետաքննիչի մասով միջնորդությունը մերժել, որից հետո դատական նիստը հետաձգվեց:

Նշենք, որ հայրատարարությամբ էր ցանկանում հանդես գալ ամբաստանյալ Ներսես Պողոսյանը, սակայն վերջինիս չտրվեց այդ հնարավորությունը :

Հաջորդ դատական նիստը կկայանա հունվարի 19-ին:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, բացի այդ, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգանամքներով ավարտին չի հասցվել: