«Մի՛ գոռացեք իմ վրա, Ձեր ձայնն իջեցրե՛ք».պաշտպանը՝ դատավորին. Լարված իրավիճակ  «Սասնա ծռեր»-ի նիստում

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվեց  «Սասնա ծռեր»-ի 11 անդամների գործով դատավարությունը՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաննրի ընդանուր իրավասության դատարանի  դատավոր  Արթուր Օհանյանի նախագահությամբ: 

Այսօրվա դատական նիստի ժամանակ ամբաստանյալներն իրենց դիրքորոշումներն էին հայտնում առաջադրված մեղադրանքների առնչությամբ:

Ամբաստանյալները՝ մեկը մյուսի ետևից, հայտարարեցին, որ իրենց առաջադրված մեղադրանքները շինծու են և ոչ մի կապ չունեն իրենց կատարած արարքների հետ: Ամբաստանյալ Արամ Մանուկյանն էլ ասաց, որ առաջադրված մեղադրանքները կապ չունեն, ուստի իրեն պետք է դատեն ապստամբություն կատարելու համար:

Ամբաստանյալ Արամ Հակոբյանն էլ ասաց, որ ոչ միայն մեղադրանքները չի ընդունում, այլ նաև դեմ է դրանց. «Թող մեզ մեղադրեն չափազանց հայրենասիրության մեջ: Մեղադրանքը կեղծ է, մենք էսպիսի գործ չենք արել: Երեսուն տարում ես չտեսա մի նշույլ այն մասին, որ այս երկրում ինչ-որ բան կարող է փոխվել: Մենք ոչ թե պետության դեմ ենք դուրս եկել, այլ պետություն ունենալու խնդիր ենք դրել»,-ասաց նա, այնուհետև դիմեց դատավորին.  «Դուք ավելի շատ «կալանավոր» եք, քան մենք: Դուք իսկապես գերի եք՝ ինքնուրույն մի քայլ չեք կարող անել, էս խեղճ դատախազներն էլ մեղք չունեն՝ վերևներից ա…Մարմինը կարող եք բանտարկել, բայց միտքն ու հոգին՝ երբեք»,- ասաց նա:

«Մենք ապստամբություն ենք սկսել պետական դավաճանների դեմ: Ես գաղափարի մարտիկ եմ, ինչ արել եմ՝ ճիշտ եմ արել ու դեռ շարունակելու եմ»,-առաջադրված մեղադրանքի մասին արտահայտվեց Տիգրան Մանուկյանը:

Վարդան Գերավետյանն իր խոսքում անդրադարձավ իրեն առաջադրված այն մեղադրանքին, ըստ որի՝ ինքը թալանել է ՊՊԾ գնդի տարածքում եղած բանկոմատը. «Բանկոմատ ա կտրել ու գումար գողացել… Դա ծիծաղելի է…Ում էլ ասեք, որ ես բանկոմատ եմ «կտրել», կծիծաղի… Էդ գումարն ի՞նչ էինք անելու, լոտո էինք խաղալո՞ւ… ինչ էլ լիներ, դա ժողովրդի գումար է, ինչների՞ս էր պետք: Դա շինծու մեղադրանք է՝ խայտառակ ինչ-որ բան, որով փորձում են պիտակավորել»,- հայտարարեց ամբաստանյալը:

Մարտիրոս Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ ցանկացած բռնություն կանխում են միայն բռնությամբ. «Մենք ազատագրել ենք, ստեղծել ենք «4-րդ Հանրապետություն», որը գոյատևել է 15-16 օր: Դուք ասում եք՝ ավելի լավ է լինել առյուծի պոչ, քան ոչխարի գլուխ: Ես ծնվել եմ Աստծո կամքով որպես ոչխարի գլուխ, դուք ծնվել եք Ձեր տիրոջ վզից մոզը քշելու: Ես ծնվել եմ որպես Մարտիրոս կռվելու ու հաղթելու համար, զոհվելու համար, ինչպես մարտիրոսը»:

Սերգեյ Կյուրեղյանը հայտենց, որ իրենք իրենց ոչ մի պահանջից չեն հրաժարվել, պետությունը բնորոշեց իբրև «բռնապետություն», որը գործում է հայ ժողովրդի դեմ. «Ես, որպես հայ իմ պարտքն եմ համարում դուրս գալ դավաճան պետության դեմ: Հայաստանը՝ Ադրբեջանից հետո, միակ պետությունն է, որտեղ հայը դժբախտ է»:

Գևորգ Իրիցյանն էլ իր հերթին՝ նշեց, որ բռնապետության դեմ պայքարելու միակ միջոցը իրենց արած քայլն է եղել. «Կեցցե՛ մեր պայքարը»:

Ամբաստանյալներ Թաթուլ Թամրազյանի և Գևորգ Իրիցյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտարարեց, որ  առաջադրված մեղադրանքներն անհիմն են, նաև նշեց, որ  ընդհանրական են և հստակեցված չէ, թե որ ամբաստանյալն ինչ արարքի մեջ է մեղադրում, ուստի պահանջեց մեղադրող դատախազներից, որպեսզի վերջիններս հստակեցնեն մեղադրանքները՝ անհատական դարձնեն, և պահանջեց, որ մեղադրող դատախազները պարզաբանեն, թե ինչո՞ւ անհատական չեն մեղադրանքները:

Երբ մեղադրող Արթուր Չախոյանը փորձում էր պաշտպանի արած հայտարարության վերաբերյալ դիրքորոշում հայտնել, պաշտպան Լուսինե Սահայանը ընդհատեց վերջինիս խոսքը և փորձեց առարկել դատավորի գործողությունների դեմ՝ ասելով, որ նախագահող դատավորը սկզբում պետք է պաշտպանական կողմի մյուս անդամներին էլ լսի, ապա նոր խոսքը փոխանցի մեղադրող կողմին: Դատավորն էլ թույլ չտվեց պաշտպանին խոսքը շարունակել և ընդգծեց, որ մեղադրողը խոսում է, և չի կարելի ընդհատել, սակայն պաշտպանը  շարունակեց իր առարկությունը ներկայացնել, ինչի արդյունքում դատավոր Արթուր Օհանյանը բարձր տոնով պաշտպանին հորդորեց լռել և նստել տեղում, ինչին ի պատասխան Լուսինե Սահակյանը բղավեց. «Մի՛ գոռացեք իմ վրա, Ձեր ձայնն իջեցրե՛ք: Ես իրավունք ունեմ առարկելու ձեր գործողությունների դեմ, դուք չեք կարող արգելել»:

Այս խոսքերից հետո դատավորն էլ իր հերթին ասաց. «Մի՜ օգտվեք այն փաստից, որ կին եք, ու ձեզ բան չենք ասում»:  

Արդյունքում, նիստերի դահլիճում սկսվեց խառնաշփոթ. Դատավորի այս խոսքերը մյուս պաշտպանների վրդովմունքի առիթ հանդիսացան. «Առարկություն ներկայացնելու իրավունք ունեն բոլորը՝ անկախ սեռից»,- հայտարարաեց Երվանդ Վարոսյանը:

Վերոնշյալ Խառնաշփոթի ժամանակ ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանը՝ առանց դատավորի թույլտվության փորձեց լքել նիստերի դահլիճը, արդյունքունքում իրարանցում սկսվեց ոչ միայն նիստերի դահլիճի ներսում, այլև ապակիների մյուս կողմում: Լարված մթնոլորտ ստեղծվեծ քաղաքացիների և դատական կարգադրիչների միջև: Դատավոր Արթուր Օհանյանը նիստերի դահլիճում ստեղծված լարված մթնոլորտը հանդարտեցնելու նպատակով ընդմիջում հայտարարեց:

Ընդմիջումից հետո Լուսինե Սահակյանը միջնորդություն ներկայացրեց, որ նախագահող դատավորը պահանջի մեղադրող կողմից, որ վերջիններս մեղադրական եզրակացությունը անհատական պարզաբանեն, որպեսզի պաշտպանական կողմի համար պարզ լինի, թե ո՞ւմ ինչպե՞ս պաշտպանեն: Մեղադրող Հակոբ Ենոքյանն էլ ասաց, որ եթե մեղդրական եզրակացությունը պարզ չէ պաշտպանական կողմի համար, դա չի նշանակում, որ պարզաբանված էլ չէ. «Սա մամուլի ասուլիս չէ, որ հարցեր ուղղեն, մեղադրական կողմն էլ պատասխանի: Դատարանը իրավասու չէ՝ մեղադրական կողմից պահանջել այն, ինչը  ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված չէ»:

Մեղադրող Արթուր Չախոյանն էլ փորձեց Լուսինե Սահակյանի պաշտպանյալների՝ Մարտիրոս Հակոբյանի և Արայիկ Հակոբյանի մեղադրական եզրակացությունները պարզաբանել՝ ասելով, որ ամեն ինչ հստակեցված է և անհատական: Արդյունքում, դատավոր Արթուր Օհանյանը միջնորդություննը, իր խոսքերով, «որոշ իմաստով բավարարեց»:

Դատարանը քննարկեց դատաքննության հետագա փուլերը, արդյունքում դատարանն անցավ գրավոր ապացույցների հրապարակման փուլ:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին: