«Պետք է սիրել մասնագիտությունը և նվիրվել, քանի որ աշխատասիրությունը, նվիրումը, սերը միշտ բերում են հաջողության». Գոհար Գևորգյան

Լեգալ Ինֆոն զրուցել է փաստաբան, DGA իրավաբանական ընկերության գլխավոր տնօրեն Գոհար Գևորգյանի հետ։

– Կպատմեք՝ ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք ընտրել փաստաբանի մասնագիտությունը և արդյոք չե՞ք փոշմանել։

– Իրականում ես իրավաբանի ընտանիքում եմ մեծացել, և մանկուց իրավաբանությունը շատ հետաքրքիր է եղել ինձ համար: Սկզբնական շրջանում ավելի շատ առնչություն ունեի քրեական իրավունքի հետ․ ինձ շատ-շատ հետաքրքրում էին հանցագործությունների բացահայտումները և որոշում էի կայացրել, որ եթե չդառնամ իրավաբան, ապա կդառնամ հոգեբան: Փաստանբանական ուղղվածությունն արդեն սկսեց հետաքրքրել միջին կամ ավելի բարձր կուրսերում, քանի որ ինձ հետաքրքրում էր, թե ինչպես կարելի է պաշտպանել հատկապես հանցագործություն կատարած անձին: Փաստաբանի մասնագիտությունը ծանր մասնագիտություն է՝ հատկապես հոգեբանական տեսանկյունից, որովհետև անընդհատ գործ ես ունենում մարդկային ճակատագրերի հետ: Բայց, երբ քեզ համար հետաքրքիր է և հատկապես սիրում ես քո մասնագիտությունը,բնականաբար, հաճույքով ես անում:

-Քանի՞ տարի է, որ զբաղվում եք փաստաբանական գործունեությամբ։

– Փաստաբանի արտոնագիրը ստացել եմ 2012 թվականին, անմիջապես մագիստրոսական կրթությունն ավարտելուն զուգահեռ:

– Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել փաստաբան դառնալու ճանապարհին

– Մագիստրատուրան ավարտելու ժամանակ արդեն աշխատում էի փաստաբանական ընկերությունում, այդ պատճառով ինձ համար  շատ հեշտ էր: Բացի այդ  ես այն մարդկանցից էի, որը կարողացավ միայն քննություն հանձնելով ստանալ փաստաբանի արտոնագիր: Այդքան մեծ դժվարություններ չեն եղել, ինչքան որ հիմա ունեն  մյուսները, քանի որ պետք է դիմեն փաստաբանական դպրոց, ավարտեն և նոր ստանան արտոնագիր, իսկ մեր ժամանակ միայն քննություն հանձնելով կարողանում էինք ստանալ այն:

– Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք փաստաբան դառնալու համար միայն կրթություն ստանալը բավական է։

– Իրականում ոչ, քանի որ առաջին հայացքից թվում է, թե հեշտ է, բայց ինչքան էլ որ լավը լինի կրթությունը, ինչքան էլ դասվանդողները լինեն պրոֆեսիոնալ, միևնույն է, ուսանողական նստարանից միանգամից գործ ես ունենում հաճախորդի հետ, որը իր իրական խնդրով հենց այդ պահին քեզնից սպասում է լուծում և ուղղորդում, ինչը  շատ դժվար է: Ինչքան էլ տեսություն իմանաս, պրակտիկան կարևոր է, հատկապես մեր ոլորտում, երբ շատ դեպքերում կան օրենքի բացեր կամ ոչ ամբողջական կարգավորումներ, որոնց պարագայում պետք է նաև պրակտիկայից տեղեկություններ իմանալ կամ գոնե կարճ ճանապարհներ, քանի որ մի նպատակին կարելի է հասնել հինգ ամսում, կամ կարելի է հասնել մեկ շաբաթում: Շատ կարևոր է, փաստաբան դառնալուց առաջ կամ փաստաբանի արտոնագիրն ստանալուց հետո որոշ ժամանակ անպայման աշխատել որևէ  փաստաբանական ընկերությունում և ունենալ լավ կոլեգաներ, որոնք քեզ կուղղորդեն:

– Վերջին շրջանում շատ երիտասարդներ են ցանկանում ստանալ իրավաբանական կրթություն։ Ըստ ձեզ՝ ո՞րն է դրա պատճառը։

– Իրականում դա ավելի շատ երիտասարդական ռոմանտիզմ է: Երիտասարդները միշտ տեսնում են, որ համեմատական առումով իրավաբաններն ավելի   ապահովված են, ավելի հարգված են, հասարակության մեջ ավելի մեծ տեղ են տալիս  նրանց և  ընդունում: Կարելի է ասել, որ այն ‹‹պրիստիժ››  մասնագիտություն է,  բայց շատ շատերը ավարտելուց հետո չեն էլ աշխատում: Մեծ մասը դժվարությունների համար, մյուս մասին պարզապես դիպլոմն է պետք, մյուս մասն էլ ուղղակի հասկանում է, որ դա իրենը չէ :

–  Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է անհրաժեշտ լավ փաստաբան դառնալու համար։

– Լավ փաստաբան դառնալու համար նախ պետք է լավ կոլեգաներ ունենալ կամ գուցե լավ ղեկավար՝ ընկեր, որը սկզբնական շրջանում քո կողքին կլինի իր խորհուրդներով: Իհարկե կարող է նաև առանց դրա էլ դառնալ լավ փաստաբան, սակայն այդ դեպքում ճանապարհը շատ ավելի երկար և դժվար կլինի: Բացի այդ պետք է սիրել մասնագիտությունը և նվիրվել, քանի որ աշխատասիրությունը, նվիրումը, սերը միշտ բերում է հաջողության: Գուցե պետք է մի փոքր էլ հաջողակ լինել:

– Քաղաքացիները ձեզ հատկապես ի՞նչ հարցերով են դիմում։

– Շատ կարևոր է նախ գրասենյակի ուղղվածությունը, որտեղ փաստաբանն աշխատում է, և նրա ունեցած նախկին գործերը: Այս պահին, ցավոք սրտի, անկախ փաստաբանի ուղղվածությունից՝ շատացել են ամուսնաընտանեկան վեճերը: Իմ պրակտիկայում շատ մեծ թիվ են կազմում ապրանքային նշանների հետ կապված վեճերը, այդ թվում նաև դատական վեճերը, քանի որ մեր հիմնական թիրախը բիզնես բնագավառն է և, դրա հետ կապված, առկա են պայմանագրային վեճեր, գումարի բռնագանձումներ, վարչական ակտերի բողոքարկումներ, ֆրանչայզինգի գործընթացի վերաբերյալ խորհրդատվություն և վեճերի լուծում:

– Ձեր պրակտիկայում երբևէ եղե՞լ են դեպքեր, որ հրաժարվեք որևէ գործից: Եթե՝ այո, ապա ի՞նչ պատճառով։

– Գործից հրաժարվելու դեպքեր եղել են և դրանից միանշանակ հնարավոր չէ խուսափել: Գործից հրաժարվելու համար տարբեր պատճառներ կարող են լինել, առաջին հերթին դա կարող է լինել շահերի բախումը, երբ գործը վերցնելուց հետո հայտնաբերում ես, որ մյուս կողմի ‹‹հակառակորդը›› քո նախկին հաճախորդն է կամ այդ գործով դու մյուս կողմին  խորհրդատվություն ես տրամադրել, որի  շրջանականերում կա տեղեկատվություն, որը տիրապետելով  կարող ես ի վնաս այդ կողմին օգտագործել: Երկրորդն այն դեպքն է, երբ հաճախորդը հստակ այդ փաստաբանին է ուզում՝ իր գործով զբաղվելու համար, սակայն այդ փաստաբանի ծանրաբեռնվածությունը թույլ չի տալիս, որպեսզի ինքն ամբողջությամբ կարողանա տվյալ վստահորդի շահերը ներկայացնել և այդ գերծանրաբեռնվածության հիմքով  բացատրում է, որ պետք է այլ փաստաբան զբաղվի նրա գործով: Այսօր մեզ համեմատում են բժիշկների հետ և իրավաբան ընտրելիս անձնավորված են ընտրում, քիչ են դեպքերը, երբ դիմում են հենց  գրասենյակին, որպեսզի գրասենյակն առաջարկի փաստաբանին:

– Կարո՞ղ եք նշել՝ տոկոսային հարաբերությամբ, թե՞ քանի գործ եք շահել ձեր փաստաբանական գործունեության ընթացքում

– Տոկոսային հարաբերությամբ դժվար է ասել, քանի որ հաջողություն ասվածը հարաբերական է: Այսինքն՝ այն կարող է լինել մաքուր հաղթանակ, երբ հայցապանջն ամբողջավին բավարարվում է, կարող է լինել մասնակի և կարող է լինել պարտություն: Քանի որ փաստաբանը ոչ միայն հայցվորի  կողմից է, այլև երբեմն պաշտպանող կողմն է հանդիսանում,  այստեղ նույնպես կարող է մասնակիորեն հասնել հաջողության: Մենք փորձում ենք գնալ հաշտությունների, որովհետև այս պահին ամենամեծ հաղթանակը՝ յուրաքնչյուր փաստաբանի համար, հենց հաշտությունն է, որովհետև գործն արագ է լուծվում, վստահորդը կարողանում է ստանալ այն, ինչը որ  դատական գործընթացի միջոցով  չէր կարող ստանալ: Բացի այդ, փաստաբանի ծանրաբեռնվածության տեսանկյունից՝ հնարավորություն է տալիս  անընդհատ փոխել  գործը, այլ ոչ թե մի  գործը 3 տարի  ծամել:

– Արդյո՞ք այսօր Հայաստնում դատական համակարգն անկախ է։

– Բարդ հարց է, քանի որ ես չեմ կարող հակառակը պնդել՝ որ ակախ չէ: Դրա համար պետք է հստակ ապացույցներ ունենալ, հստակ դեպքեր, հստակ օրինակներ: Ես անձամբ նման օրինակներ չունեմ  և ինձ չեմ կարող թույլ տալ՝ հակառակն ասել, և պնդել, որ ընդհանրապես  անկախ չէ, նույնպես երևի սխալ կլինի: Ես դրական փոփոխությունը տեսնում եմ դեպի լավը և հույս ունեմ, որ մի քիչ  ավելի արագացնելով տեմպերը, կունենանք անկախ դատական համակարգ:

– Ըստ ձեզ՝ ի՞նչ մոտեցում պետք է ցուցաբերի փաստաբանը քաղաքացիների վստահությունը շահելու համար:

– Կախված է վստահորդից, կախված է, թե ինչ  խնդրով է եկել: Ես ունեմ հստակ սկզբունք՝ երբեք չխաբել և չխոստանալ, որ ամեն ինչ լավ կլինի, եթե անգամ ես ինքս համոզված եմ դրանում, որովհետև երբեմն և՛ փաստերը, և՛ փաստաթղթերը, և՛ վստահորդի ներկայացրած իրավիճակը  չեն համապատսխանում  իրական վիճակին կամ գործի ընթացքում ի հայտն են գալիս հանգամանքներ, որոնց մասին կամ չգիտեր  վստահորդը, կամ կարևորություն չէր տալիս, կամ հոգեբանորեն մտածելով, որ դա գուցե ի հայտ չգա՝ թաքցնում էր: Ամեն դեպքում՝ առաջին հերթին ազնիվությունն է, երկրոդը՝ բարեխղճությունը, եթե քո վստահորդը տեսնում է, որ դու վերաբերվում ես իրեն ոչ թե որպես հերթական վստահորդի, այլ կարևորում ես հենց իր գործը և հասկնում ես իր իրավիճակը, բնականաբար, սկսում է վստահել քեզ:

– Գոհար, շատ են դեպքերը, երբ քաղաքացու կրած վնասի նյութական չափն ավելի փոքր է լինում, քան փաստաբանին տված գումարը՝ իր ծառայությունների դիմաց: Ինչպե՞ս է շուկան կարգավորվում:

– Փաստաբանական միևնույն ծառայությունների գները շուկայում բավականին տարբերվում են: Չկան հստակ չափանիշներ, և դա բնական է, քանի որ, կարելի է ասել՝ այն ևս բիզնես է, և յուրաքանչյուր  փաստաբան ինքն  է իր ծառայության գինը որոշում, ընտրում իր աշխատանքի բնույթը: Դատարաններն առաջնորդվում են Փաստաբանների պալատի սահմանած գնացուցակով, քանի որ պալատը  սահմանել է որոշակի գնացուցակ, որոնք ողջամիտ միջինացված գներն են և համարվում են միջին շուկայական: Բացի այդ, դատարաննեը հաշվի են առնում  նաև որոշակի հանգամանքներ, օրինակ՝ ինչքան է տևել  դատական նիստը,  փաստաբանը քանի նիստի է մասնակցել: Անկախ ամեն ինչից, բնականաբար, շատ դեպքերում շատ ավելի մեծ գումար ծախսում են վստահորդները, քան ստանում են դրա դիմաց:

– Բացի մասնագիտական գործունեությունից, ինչո՞վ եք սիրում զբաղվել և ի՞նչ նախասիրություններ ունեք։

  – Անընդհատ փոխում եմ զբաղմունքի տեսակը: Միայն մասնագիտականով զբաղվելով՝ դժվար է դրանից դուրս գտնել ժամանակ, բայց ամեն դեպքում՝ փորձում եմ զբաղվել տարբեր բաներով: Տաք եղանակներին մասնակցում եմ ավելի շատ արշավների, էքսկուրսիաների․ էքստրիմի սիրահար եմ։ Իսկ ցուրտ եղանակներին  ավելի շատ փորձում եմ դիտել ֆիլմեր, լսել  երաժշտություն ու երեկոյան ընկերների հետ ժամանակ անցկացնել: