Գաղտնի ձայնագրության (տեսաձայնագրության) դերը և նշանակությունը քաղաքացիաիրավական հարաբերություններում

Վերլուծությունը՝ «Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» իրավաբանական գրասենյակի իրավաբան Ռուզաննա Հարությունյանի

Ե´վ ՀՀ իրավական համակարգի մաս կազմող միջազգային իրավական աղբյուրներում, և´ ներպետական իրավական աղբյուրներում առկա չէ ընդհանրական արգելք մասնավոր անձանց համար՝ անձին կամ անձին սեփականության իրավունքով պատկանող օբյեկտները գաղտնի  ձայնագրելու/տեսաձայնագրելու:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) և ՀՀ Սահմանադրության փոփոխություններով (այսուհետ նաև՝ Սահմանադրություն) սահմանված են հիմնարար իրավունքներ, որոնք կարող են խախտվել գաղտնի՝ առանց համաձայնության կատարված ձայնագրությամբ/տեսաձայնագրությամբ:

Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն․

«Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք:

Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:»։

 Սահմանադրության 33-րդ հոդվածի համաձայն․

«Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք:

Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Հաղորդակցության գաղտնիությունը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ, բացառությամբ երբ դա անհրաժեշտ է պետական անվտանգության պաշտպանության համար և պայմանավորված է հաղորդակցվողների՝ օրենքով սահմանված առանձնահատուկ կարգավիճակով:»։

Սահմանադրության 34-րդ հոդվածի համաձայն․

«Յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք:»։

Այսպես, հարկ է փաստել, որ վերագրյալ հիմնարար իրավունքները՝ մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիություն, հաղորդակցության ազատություն և գաղտնիություն,  անձնական տվյալների պաշտպանության իրավունք, անխախտելի են, և հիշյալ իրավունքները խախտող ցանկացած տեսաձայնագրում կհանդիսանա օրենքի խախտմամբ կատարված՝ անթույլատրելի:

Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ թեև առկա չէ գաղտնի տեսաձայնագրում չիրականացնելու ընդհանուր արգելք, սակայն առկա են որոշակի հիմնարար ազատություններ և իրավունքներ, որոնք կարող են խախտվել գաղտնի տեսաձայնագրությամբ, հետևաբար՝ այնպիսի գաղտնի տեսաձայնագրումը, որի արդյունքում կարող է խախտվել անձի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիություն, հաղորդակցության ազատություն և գաղտնիություն,  անձնական տվյալների պաշտպանության իրավունք, կհամարավի անօրինական:

Հարկ է ընդգծել, որ ի թիվս վերոգրյալ հիմնարար ազատությունների առկա չէ «անձի՝ սեփականության գաղտնիության իրավունք», հետևաբար՝ գաղտնի տեսաձայնագրում չիրականացնելու ընդհանուր արգելքի բացակայության պայմաններում անձի սեփականության իրավունքի գաղտնի տեսանկարահանումը, եթե դրանով չի խախտվում վերոգրյալ այլ հիմնարար իրավունքներից որևէ մեկը կամ բնակարանի անձեռնամխելիության իրավունքը, չի հանդիսանում անօրինական:

 Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն․

«Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը, ապահովվեն իր բնակարանի անձեռնմխելիությունը, նամակագրության գաղտնիությունը:»։

       Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձևավորված պրակտիկայի համաձայն՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածով ամրագրված իրավունքների նկատմամբ համարվում է միջամտություն, եթե կատարվել են ստորև նշված գործողություններից որևէ մեկը`

  • Երեխաներին իրենց ընտանիքներից կտրելը և պետության կամ այլ խնամատարների խնամքին հանձնելը․
  • Անձի մարմնի և տան խուզարկությունը․
  • Հեռախոսազրույցների գաղտնալսումը և հաղորդակցության գաղտնազերծումն՝ ընդհանրապես անկախ օգտագործման միջոցից․
  • Տեղահանված անձանց իրենց տները վերադառնալ թույլ չտալը․
  • Բանտարկյալների հաղորդակցության/նամակագրության կասեցումը և/կամ վերահսկումը․
  • Անհատների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումն ու պահպանումը․
  • Քաղաքաշինական պլանավորման հետ կապված որոշումները․
  • Վտարման որոշումները․
  • Գանգատարկուի անձնական կյանքին միջամտող որոշակի իրավական ռեժիմի շարունակական պարտադրումը․
  • Իշխանության թերացումը՝ կատարելու այն դատական որոշումները, որոնք կոչված են անձին պաշտպանել մեկ այլ ագրեսիվ անձից․
  • Աշխատողին նրա անձնական կյանքին պատճառով աշխատավայրից վտարելը․
  • Դատապարտված անձի նկարների հեռարձակումը, որը թույլատրվել է ոստիկանության կողմից․
  • Ազատազրկված անձի բանտախցի մոտակայքում գտնվող աղբակույտից տարածվող տհաճ հոտի առկայությունը․
  • Նորածնին լուսանկարելն առանց նրա ծնողների նախնական համաձայնության և նեգատիվները պահպանելը․
  • Պետական հիվանդանոցում բժշկական սխալի հետևանքով առաջացած մարմնական վնասվածքների ապաքինման միջոցներ չապահովելը․
  • Գաղտնի ծառայությունների տրամադրության տակ գտնվող անձանց թղթապանակներին հասու դառնալու ընթացակարգի անարդյունավետությունը․
  • Հարկադիր բուժման նշանակումն առանց դիմողի համաձայնության կամ նրա մշակութաբանական հավատամքին հակառակ՝ կապված նրա ազգային պատկանելու հետ․
  • Անհատական տվյալներին, այդ թվում՝ բժշկական տեղեկություններին, առանց թույլտվության հասու դառնալը․
  • Անվան մուտքագրումը սնանկության ռեգիստրում․
  • Անձի կողմից տվյալ վայրում մշտապես բնակվողների ցանկից իր անունը հանելը անհնարինությունը․
  • Անձը հաստատող փաստաթղթի ժամկետի երկարաձգման կամ վերադարձի մերժումը․
  • Որևէ վայրում բնակություն հաստատած ներգաղթյալի արտաքսումը։
  • Եվրոպական դատարանը կոնվենցիայով 8-րդ հոդվածով երաշխավորված իրավունքին միջամտությունը գնահատում է հետևյալ բանաձևի հիման վրա․
  • Ազգային օրենքի առկայությունը․
  • Որքանով են հստակ և ճշգրիտ այդ օրենքի ձևակերպումները․

Եվրոպական դատարանը Կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված իրավունքին միջամտությունը գնահատում է հետևյալ բանաձևի հիման վրա․

  • Ազգային օրենքի առկայությունը․
  • Որքանով են հստակ և ճշգրիտ այդ օրենքի ձևակերպումները․
  • Դրա նպատակը։

ՀՀ իրավական հարթությունում, հիմք ընդունելով վերոգրյալ բանաձևը,  առկա քաղաքացիաիրավակարգավորումները չեն նախատեսում որևէ արգելք, հետևաբար բացակայում են նաև հստակ և ճշգրիտ ձևակերպումները, որոնք հնարավորություն կտան «գաղտնի» եղանակով ձեռքբերված ապացույցների օգտագործումը։

Անդրադառնելով այն հարցին՝ արդյո՞ք գաղտնի եղանակով կատարված ձայնագրությունը/տեսաձայնագրությունը կարող է դատավարության ընթացքում որպես ապացույց օգտագործվել, հարկ է փաստել, որ ՀՀ դատավարական օրենսդրությունում գաղտնի եղանակով կատարված տեսագրությունները և ձայնագրությունները որպես ապացույց օգտագործելու ընդհանրական արգելքներ  առկա չեն, սակայն դատավարության ընթացքում որպես ապացույց չեն կարող  օգտագործվել օրենքի խախտմամբ ձեռք բերված տեսաձայնագրությունները/ ձայնագրությունները, հետևաբար՝ եթե տեսաձայնագրությունները/ ձայնագրությունները վերոգրյալ կետերում կատարված մեկնաբանությունների ուժով կհանդիասանան օրենքի խախտմամբ կատարված, չեն կարող օգտագործվել դատավարության ընթացքում:

Հարկ է փաստել, որ դատավարական օրենսդրությունում գաղտնի եղանակով կատարված տեսագրությունների/ձայնագրությունների թուլատրելիության մասնավոր արգելք է սահմանված միայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով, ինչը հիշյալ ընդհանուր կանոնից մասնավորեցում է:

Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն․

«Եթե անձի լուսանկարումը կամ նրա ձայնագրումը կամ տեսագրումն իրականացվել են առանց այդ անձի համաձայնության կամ գիտության, ապացույցը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ օրենքը թույլատրում է տվյալ լուսանկարումը, ձայնագրումը կամ տեսագրումը առանց անձի համաձայնության։»։

            Ամփոփելով վերոգրյալը՝ կարող ենք փաստել, որ՝

    • Որևէ միջազգային կամ ներպետական իրավական ակտով չի սահմանվում գաղտնի ձայնագրությունները/տեսագրությունները կատարելու ընդհանրական արգելք:
    • Գաղտնի ձայնագրություն/տեսագրություն կատարելը չի թույլատրվում, եթե դրանով խախտվում է անձի հիմնարար իրավունքներից որևէ մեկը, այդ թվում նաև՝ անձի մասնավոր և ընտանեկան կյանքի, հաղորդակցության գաղտնիության, անձնական տվյալների պաշտպանության իրավունքը:
    • Որևէ միջազգային կամ ներպետական իրավական ակտով չի սահմանվում գաղտնի ձայնագրությունները/տեսագրությունները դատավարությունում որպես ապացույց օգտագործելու ընդհանրական արգելք:
    • Եթե գաղտնի ձայնագրությունը/տեսագրությունը կատարվել է օրենքի խախտմամբ, այն է՝ դրանով խախտվում է անձի հիմնարար իրավունքներից որևէ մեկը, այն չի կարող համարվել թույլատրելի ապացույց: