34-ամյա նախկին փեսան դանակահարել է աներոջը. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Երևանի 59-ամյա բնակչին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել տուժողի նախկին փեսային:

2017թ. մայիսի 31-ին ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի բակում սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք է պատճառվել Երևան քաղաքի բնակիչ, 1958թ. ծնված տղամարդուն՝ կրծքավանդակի ձախ հատվածի շրջանում։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի դստեր նախկին ամուսինն է՝ ծնված 1983թ.։

Քննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 2017թ. մայիսի 31-ին` ժամը 11:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի բակում 34-ամյա տղամարդը ընտանեկան հարցի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ հոր` 1958թ. ծնված տղամարդու հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող դանակով մեկ անգամ հարվածել է նրա կրծքավանդակի ձախ հատվածին։ Պատճառված մարմնական վնասվածքը, դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ, գնահատվել է ծանր՝ կյանքին վտանգ սպառնացող:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: