Կուրսանտի սպանության գործով ամբաստանյալի համար շտապօգնություն կանչվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում՝ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով նիստի ժամանակ, ամբաստանյալներից Գնել Թևոսյանը դատարանին հայտնեց, որ ունի առողջական խնդիրներ և չի կարող մասնակցել դատական նիստին: Վերջինիս պաշտպանը ևս  հայտնեց, որ իր պաշտպանյալն ի վիճակի չէ նիստին մասնակցելու: 

Դատավոր Դավիթ Հարությունյանը որոշեց ամբաստանյալի համար շտապօգնություն հրավիրել դատարան, իսկ դատական նիստը հետաձգել, որպեսզի դատավարության մասնակիցները երկար չսպասեն:

Նշենք, որ այսօրվա նիստը ևս սկսվեց մոտ 1 ժամ ուշացումով՝ փաստաբան Արա Զաքարյանի ուշացման պատճառով: Վերջինս մեկ այլ գործով նիստի էր:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 16-ին, որի ժամանակ հավանաբար տեղի կունենա ամբաստանյալների հարցաքննությունը:

Նշենք, որ այսօրվա նիստն սկսվեց մոտ 1 ժամ ուշացումով՝ դատախազների և փաստաբան Արա Զաքարյանի ժամանակին չներկայանալու պատճառով: Դատախազները հայտնեցին, որ իրենք գտնվել են  դատարանի շեքի մոտ և իմանալով, որ պաշտպանը դեռ չի եկել ներս չեն մտել, իսկ Արա Զաքարյանն էլ հայտնեց, որ գործերն ավարտելուց հետո գնացել է ընդմիջման, այդ պատճառով է ուշացել նիստից: Դատարանը որոշեց փաստաբանի նկատմամբ կիրառել սանկցիա՝ նախազգուշացում, գտնելով, որ վերջինս դատարանի նկատմամբ դրսևորել է անհարգալից վերաբերմունք: