Մարդու իրավունքների պաշտպանը հղիների նպաստի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել

OmbudsmanՄարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներին` վեր հանելով հղիներին տրամադրվող պետական նպաստի կրճատում նախատեսող օրինագծի խնդրահարույց կետերը: Ինչպես այդ մասին այսօր տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը, Պաշտպանն առաջարկել է անցկացնել պատշաճ հանրային քննարկումներ շահագրգիռ կառույցների հետ և արդյունքում վերանայել նախագիծը: 

Օրինագծով կնոջը նախածննդյան ու հետծննդյան 140 օրվա համար գումար կտրամադրվի միջին աշխատավարձի 40, 60, 80 տոկոսի չափով՝ կախված միևնույն գործատուի մոտ կնոջ աշխատանքային ստաժից: Այսինքն՝ ոչ միայն էապես նվազում է ստացվող գումարի չափը, այլև այն կախման մեջ է դրվում նույն աշխատավայրում աշխատելու հանգամանքից: Պաշտպանը մտահոգ է, որ նման պահանջը կարող է սահմանափակել կնոջ աշխատանքի ընտրության սահմանադրական ազատությունը և հանգեցնել գործատուների կողմից աշխատանքային իրավունքների չարաշահման:

Միաժամանակ, օրինագծով սահմանվում է նպաստի առավելագույն շեմ, մինչդեռ գործող օրենքով 140 օրվա համար տրվում է 100 տոկոսանոց փոխհատուցում: Փաստորեն, առաջարկվող փոփոխություններից հատկապես կտուժեն բարձր աշխատավարձ ստացող կանայք, քանի որ նրանց վճարվելիք նպաստը անհամաչափ է լինելու վճարած բարձր հարկերին:

Օրինագիծը նաև անհամեմատ անբարենպաստ պայմաններ է ստեղծում այն կանանց համար, ովքեր արդեն իսկ հղիացել են գործող օրենքի ժամանակ: Ստացվում է, որ նրանց վրա տարածվելու են օրինագծով առաջարկվող ավելի վատթար պայմանները՝ այսպիսով խախտելով օրինական ակնկալիքի սկզբունքը:

Ընդգծելով հղի կանանց սոցիալական երաշխիքները վատթարացնելու անթույլատրելիությունը՝ Պաշտպան Կարեն Անդրեասյանն անհրաժեշտ է համարում պատշաճ հանրային քննարկումների անցկացումը:

Մարդու իրավունքների պաշտպանի՝ սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը պատրաստակամ է վերոնշյալ խնդրահարույց կետերը և դրանց վերանայման ճանապարհները քննարկել շահագրգիռ բոլոր պատգամավորների հետ: