184 փաստաբաններ այսօր գործադուլ են արել

Այսօր թվով 184 փաստաբան գործադուլ էր իրականացրել. նրանք չեն մասնակցել դատական նիստերին, սակայն տեղեկացրել էին իրենց վստահորդներին, որ այս քայլն ամենևին էլ միտում չունի: «Մենք շարունակելու ենք իրականացնելու ձեր շահերի պաշտպանությունը»,- հայտարարել են փաստաբանները:

Արդեն 3 ամիս է, ինչ փաստաբանների մուտքը դատարան որոշակի խնդիրների է հանգեցնում: Դատական կարգադրիչները մետաղաորսիչ սարքերով զննում են փաստաբաններին և նրանց աշխատանքային պայուսակները, ապա սարքի ազդանշանի դեպքում պահանջում են բացել այն: Իրավական համակարգում, ըստ փաստաբանների, չկա որևէ կետ կամ նորմ, որը թույլ է տալիս զննել կամ խուզարկել փաստաբանին: Նշենք, որ զննություն է իրականացվում միայն ընտրված դատական գործի քննության ժամանակ, դրանցից են «Սասնա Ծռեր»-ը և «Ժիրայր Սեֆիլյան և մյուսներ»-ի վերաբերյալ դատական նիստերը:

Այսօրվա քննարկմանը ներկա էին մոտ 30 փաստաբաններ, իրավապաշտպաններ, ԶԼՄ ներկայացուցիչներ, ակտիվիստներ և ՓՊ վերընտրված նախագահ Արա Զոհրաբյանը: Վերջինս նշել էր, որ չի մասնակցելու փաստաբանական գործադուլին:

«Արդյո՞ք Հայաստանում անհրաժեշտություն կար դատարան մուտք գործող փաստաբաններին զննել, եղե՞լ է նախադեպ, երբ փաստաբանն իր հետ դահլիճ է տարել արգելված իր կամ խթանել է նոր հանցագործության իրականացմանը: Իհարկե ոչ, չկան նման օրինակներ: Կիրառվող մեթոդները և գործողությունները հիմնավորված չեն, շատ ստորացուցիչ կերպով զննում ու խուզարկում են փաստաբաններին: Եթե սա ստորացուցիչ չէ, ապա ի՞նչ է»,- քննարկման ժամանակ ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Տիգրան Աթանեսյանը, որը, չնայած այն հանգամանքին, որ ներառված չէ հանրային հնչեղություն ունեցող դատական գործերին, նշեց, որ գործադուլի միտքն իրենն է, քանի որ խուզարկություն իրականացնելով ոտնահարվում է  փաստաբանների իրավունքները:

«Այս քայլով երևում է, թե պետությունն ինչպես է մեզ արժևորում: Մենք համարվում ենք ամենաթույլ օղակներից մեկը, որի գլխին կարող են ամեն ինչ անել, պարզապես նվաստացուցիչ խուզարկություն իրականացնելով: Չկա արդարադատություն առանց փաստաբանների»:

Փաստաբանների կողմից քննարկվեց երեկ ՀՀ դատավորների նախագահների կողմից սահմանված արգելված իրերի ցանկը, որի մեջ ներառվում էր հրաձգային և հրազենային զենքեր, կտրող-ծակող գործիքներ, գործելու շյուղեր, նավակի և գոլֆի թիեր, ցանկացած տեսակի կենդանիներ, սողուններ, թռչուններ, ձկներ և այլն:

«Համոզված եմ՝ դատարանների նախագահները չեն կարդացել այս փաստաթուղթը, Քոմեդի քլաբի տեքստ է սա, պատկերացնո՞ւմ եք՝ արգելվում է մտցնել գործելու շյուղ, ոնց որ փաստաբաններն ամբողջ օրը դրանով են զբաղված»,- նշեց Աթանեսյանը:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այս ցանկին ավելացրեց նաև ձմերուկն ու սեխը՝ «Միայն սրանք են պակասում»:

Փաստաբան Արթուր Գրիգորյանն իր խոսքում ասաց, որ երևի այս խնդիրները կկարգավորվեն այն ժամանակ, երբ Եվրոպական դատարանում դառնան քննության առարկա, որպեսզի իրավական համակարգում հասկանան և փոխեն իրենց պրակտիկան․ «Ցավալի է, բայց Եվրոպական դատարանում լուծում ստանալուց հետո էլ նոր խոչընդոտներ ստեղծելու մասին կմտածեն»:

Նիկոլայ Բաղդասարյանի համար արգելված իրերի ցուցակը ծիծաղելի է: Ըստ նրա՝ այս որոշման հեղինակը Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն է, որն ուղղակի իրավունք չունի չարաշահելու իր լիազորությունները և քաղաքական ենթատեքստ մտցնելու այս ամենում:

«Սասնա Ծռեր»-ի գործով փաստաբան Գրիշա Բալասայանը դիմեց դահլիճում նստած Արա Զոհրաբյանին՝ նշելով, որ ցավում է, որ ՓՊ-ի նախագահը մասնակցել է Դատական դեպարտամենտի խաղին․ «Փաստաբանը հասարակության այն ուժն է, որն ինքը պետք է պայմաններ թելադրի, այլ ոչ թե համակերպվի այդ պայմաններին: Գուցե, որպես նախագահ, կաշկանդված եք, սակայն խնդրում եմ Ձեզ, զերծ մնացեք նմանատիպ խաղերում ներգրավվելուց,  փորձեք ավելի ուշադիր լինել ստորագրելուց և չմասնակցեք այնպիսի գործողությունների, որոնք հետագայում օգտագործվելու են փաստաբանների դեմ»:

Երբ հարցին փորձեց պատասխանել ՓՊ նախագահ Զոհրաբյանը, Տիգրան Աթանեսյանը և մի քանի այլ փաստաբաններ լքեցին դահլիճը: Նիստից հետո փորձեցինք ճշտել բոյկոտելու պատճառը:

«Ես չեմ կարող գտնվել մի վայրում և լսել մի մարդու խոսքը, ում կողքին նստած է ինձ ծեծելու մեջ մեղադրվողը»,-ասաց Տ․ Աթանեսյանը:

Արա Զոհրաբյանն անդրադարձավ ոչ միայն Բալասանյանի, այլև մնացած փաստաբանների դիտարկումներին և փաստերին:

«Ուզում եմ ասել, որ Փաստաբանական պալատը և ես ոչ մի խաղերի մեջ ներառված չենք և չենք եղել: Նշեմ, որ ես համաձայն չեմ, որ դուք խուզարկվում եք կարգադրիչների կողմից: Ո՛չ, ձեզ զննում են, քանի որ խուզարկության ժամանակ ձեզնից ուղղակի պարտադրաբար կվերցնեին պայուսակը և կդատարկեին տարողությունը: Մի՛ հավատացեք, թե այս հարցն ինձ չի վերաբերում: Եթե այսօր ես փաստաբանական գործունեություն չեմ ծավալում, դա դեռ չի նշանակում, որ մի քանի տարի հետո ինձ էլ նույն եղանակով, գուցե ավելի վատ, չեն զննելու: Այս ամենի առթիվ մենք հրավիրեցինք ակումբի նիստ, որպեսզի զննության եղանակը քննարկենք: Մենք փորձեցինք Դատական դեպարտամենտին տանենք զիջումների, սակայն ես չեմ կարող ՓՊ-ը տանել կտրուկ զիջումների: Ես պետք է գնամ հավասարակշռված քայլերի, քննարկեմ բոլորի շահերը»,-ասաց Ա․ Զոհրաբյանը:

Փաստաբան Լուսինե Սահակյանը դիմեց Արա Զոհրաբյանին, մասնավորապես հարցնելով, թե ինչպե՞ս կվարվեր, եթե լիներ իրենց փոխարեն:

«Ես հաղորդում կներկայացնեի Հատուկ քննչական ծառայություն, եթե որևէ արդյունք չլիներ՝ Պալատի խորհրդին»,- պատասխանեց ՓՊ նախագահը:

Լուսինեն Սահակյանը զարմացավ. «Այսինքն, պետք է դիմենք ՀՔԾ-ին, ապա՝ Խորհրդին, տարիներով սպասենք որոշման, իսկ մեր պաշտպանյալները մնան առանց պաշտպանների՞»:

Երվանդ Վարոսյանը խնդրեց ներկաներին հիշել քննարկման առիթը և վերջացնել այս հարցուպատասխանը: Զոհրաբյանը համաձայնեց նկատառման հետ, ապա ասաց, որ գործ ունի, չի կարող այլևս մնալ և դուրս եկավ դահլիճից: Միջանցքում պատասխանեց լրագրողների այն հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Արտակ Խաչատուրովի՝ Գասպարիի վերաբերյալ հրապարակած լուսանկարին, Զոհրաբյանը պատասխանեց. «Տեսել եմ հրապարակումը, սակայն ժամանակ չեմ ունեցել մեկնաբանություններն ուսումնասիրելու: Նկարը հումորի շարքից է, հաջո՞ղ, թե՞ անհաջող հումոր է, որակում չեմ տա»:

Վերջում նշեց, որ իր այստեղ գտնվելը, այս հանդիպմանը ներկա լինելը ևս պարունակում էր համերաշխության կոչ, սակայն առաջիկայում առանձին հանդես կգա համերաշխության կոչով:

Փաստաբանների պալատի նախորդ նախագահ Ռուբեն Սահակյանը հանդիպման վերջում անդրադարձավ օգոստոսի 3-ին ՓՊ-ի և Դատական դեպարտամենտի համատեղ փաստաթուղթ ստորագրելուն: Վերջինս հեգնանքով արտահայտվեց. «Այսօր այդ փաստաթղթի քառասունքն էր, 5 օրից էլ «սբխեչ»-ն է, իր ուժը կկորցնի այդ թուղթը: Այս իրավիճակը չէր լինի, եթե հանրային հնչեղություն ունեցող գործերով նշանակվեին դատավորներ, որոնք կկարողանային տիրապետել դահլիճին: Ես ինձ ստորացված կզգայի, եթե ինձ ներկայացնեին այդ թուղթը և սկսեին զննել», -իր խոսքն ավարտեց Սահակյանը:

Նյութը՝ Ռոզա Վարդանյանի

 [views]