«Միջնորդում եմ դիմել ՀՀ Արդարադատության նախարարություն՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար». փաստաբան

Այսօր  Երևանի  ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում շարունակվեց «Սասնա ծռերի» 11 ամբաստանյալների գործով դատական նիստը դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

Նիստը մեկնարկեց առանց ամբաստանյալների: Նշենք, որ նախորդ նիստերում նրանք դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար հեռացվել էին մի քանի ժամով: Նիստի մեկնարկին պաշտպանները միջնորդեցին ժամանակից շուտ վերացնել իրենց պաշտպանյալների նկատմամբ կիրառված սանկցիան: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց միջնորդությունը և բոլոր ամբաստանյալներիը բերվեցին նիստերի դահլիճ, բացի Կարո Եղնուկյանից:

Հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանը միջնորդություն ներկայացրեց՝ Վարդգես Գևորգյանի մասով իր պաշտպանության լիազորությունները դադարեցնելու մասով, քանի որ վերջինիս և մյուս ամբաստանյալների շահերի բախում կա, նաև հավելեց, որ ամբաստանյալը իր պաշտպանությունից հրաժարվել է:

«Մնացած ամբաստանյալների հետ փորձել եմ մենատեսակցել, որպեսզի դիրքորոշումները պարզեմ. որևէ ամբաստանյալ չի ցանկացել տեսակցել, իսկ ով էլ ցանկացել է գրավոր հայտարարության կարգով ասել է, որ չեն ցակնկանում իրենց շահերը պաշտպանեմ, քանի որ ունեն օայմանագրային պաշտպաններ»,-հայտարարեց Անուշ Մխիթարյանը:

Հայտարարված միջնորդությանը միացան մյուս փաստաբանները: Դատարանը միջնորդությունը մերժեց՝ գործի նյութերում ամբաստանյալների շահերում հակասող բան չտեսնելու հիմքով:

«Գործի նյութերը կազմում են 120 հատոր, այսինքն՝ 65 000 էջ, որոնցից մոտ 20 թերթն է վերաբերում Կարո Եղնուկյանին: Այլ է հարցը, որ դրանք էլ չեն հիմնավորում նրան առաջադրված մեղադրանքը: Այդ մի քանի թերթը մի քանի ժամում կարելի է ավարտել, իսկ նրա մասով մեկ վկա կա՝ Մաքսիմ Սարգսյանը: Եղնուկյանին առնչվող նյութերի հետազոտումից հետո էլ տեղին չի լինի պնդումը, թե Եղնուկյանը կարող է խոչընդոտել ապացույցների հետազոտմանը: Այդ ժամանակ կարող եմ արդեն ներկայացնել միջնորդություն՝ նրա խափանման միջոց կալանքը փոխելու համար: Հակառակ դեպքում կստացվի, որ Եղնուկյանը երեք տարի պետք է լսի 65 000 թերթ ապացույցների հետազոտումը»,-հայտարարեց փաստաբանը:

Մեղադրող դատախազները միջնորդության դեմ առարկեցին և անհիմն համարեցին, մանրամասնելո, որ հստակ ասել հնարավոր չէ թե գործի նյութերից որոնք են վերաբերվում Կարո Եղնուկյանին:

Դատարանը Տիգրան Հայրապետյանի միջնորդությունը ևս մերժեց:

Հայտարարված ընդմիջումից հետո փաստաբան Արայիկ Պապիկյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց.

«Միջնորդում եմ դիմել ՀՀ Արդարադատության նախարարություն՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար, երկրորդ՝ միջնորդում եմ դիմել դատախազություն՝ կարգապահական վարույթ հարոցել այս դահլիճում գտնվող դատախազների նկատմամբ: Միջնորդում եմ նաև դիմել ՓՊ՝ կարգապահական վարույթ հարուցել այն հանրային պաշտպանների նկատմամբ ովքեր լսելով իմ պաշտպանյալ Աշոտ Պետրոսյանի կարծիքը՝ հանրային պաշտպաններից հրաժարվելու մասին, այնումաենայնիվ մնում են նիստերի դահլիճում և ձևացնում են թե նրա իրավունքները պաշտպանում են»,-հայտարարեց Արայիկ Պապիկյան:

Տիգրան Հայրապետյան էլ ի պաշտպանություն ամբաստանյալ Աշոտ Պետրոսյանի շահերի՝ դատարանում հայտարարեց, որ եթե դատավորը չմիջամտի և ամբաստանյալին չտրամադրեն յուղաներկեր, կտավներ՝ ստեղծագործելու համար, ապա ինքը կխնդրի Աշոտ Պետրոսյանից լիազորություն, որպեսզի այս հարցով դիմի ՄԻԵԴ:

Հանրային պաշտպանները ևս միացան Արայիկ Պապիկյանի միջնորդությանը, սակայն մասնակի՝ չմիանալով միայն հանրային պաշտպաններին կարպապահական վարույթ հարուցելու մասով:

Մեղադրող Հակոբ Ենոքյանը միջնորդության դեմ ոչ միայն առարկեց, այլ նաև «ապօրինի» որակեց և համարեց, որ ենթակա չէ քննարկման:

Դատավորը միջնորդությունը՝ բոլոր երեք մասերով, մերժեց: Որոշման հրապարակումից հետո պաշտպաններ Մուշեղ Շուշանյանը և Արայիկ Պապիկյանը լքեցին նիստերի դահլիճը, սակայն նախագահող դատավորը սանկցիա չկիրառեց, մանրամասնելով, որ պաշտպանները մեկ այլ գործով շտապում էին:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 8-ին: