«Այ տղան դու ես». բախում Սեֆիլյանի և մյուսների գործով նիստի ժամանակ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ժիրայր Սեֆիլյանի և մյոսների գործով այսօր հարցաքննվեց ՀՀ ոստիկանության Փորձագիտական վարչության փորձագետ Ռուդիկ Պողոսյանը: Նշենք, որ վերջինս իրեղեն ապացույց հանդիսացող ինքնաձիգերի և փամփուշտների վերաբերյալ ներկայացրել էր փորձագիտական եզրակացություն:

Խոսելով եզրակացության մեջ տեղ գտած ռուսերեն գռարումներ կատարելու մասին, փորձագետը հայտնեց, որ ինքն ընդամենը հղում է կատարել, թե որ գրականությունից է օգտվել. «Իսկ դրանից հետո ով, ինչ լեզվով այն կթարգմանի դա իմ պարտավորությունների մեջ չի մտնում»:

Պատասխանելով պաշտպանների հարցերին փորձագետը հայտնեց, որ ինքնաձիգերի  և փամփուշների փոփոխելիությունը բացառելու համար՝ դրանք  զննության ենթարկվելուց հետո, ինքը նշել է այն բոլոր անհատականացնող տվյալները, որոնք առկա են եղել:

«Եթե անհատականացնող տվյալներ չեն նշվել, ուրեմն դրանք չեն եղել»,- ասաց նա:

Իսկ, թե ինչո՞ւ է  120 փամփուշտներից միայն 20-ը ենթարկվել զննության՝ դրանց պիտանելիությունը ստուգելու համար,  փորձագետը պատասխանեց, որ դրանք ընտրվել են պատահականության միջոցով, բացի այդ ըստ մեթոդիկայի որպես կանոն զննության է ենթարկվում  առկա փամփուշտներից միայն 1/3-ը:

«Փամփուշտների հետ կապված արտաքին ձևափոխման դեպքեր չեն եղել, եթե փամփուշտները պահված լինեին օրինակ խոնավ պայմաններում՝ նախ և առաջ տեղի կունենար արտաքին ձևափոխում»,- իր խոսքում նշեց փորձագետը, սակայն նա հրաժարվեց պատասխանել այն հարցին, արդյո՞ք փամփուշները եռացնելուց հետո դրանք  պիտանի կլինեին օգտագործման համար, թե ոչ:

Մեկ այլ հարցին, թե ինչո՞ւ չեն պահվել կրակված փամփուշտները, փորձագետը պատասխանեց, որ կրակված փամփուշտները պահելու կարգ ՀՀ-ում գոյություն չունի:

Ամբաստանյալ Ներսես Պողոսյանն էլ հայտնեց, որ եթե զենքի մեջ եղած «պրուժինը» չլինի, զենքը չի կարող կրակել, իսկ եզրակացության մեջ առկա նկարներից պարզ չի, այդ զենքերը դատարկ են, թե լիքը:

Ի պատասխան ամբաստանյալի փորձագետը հայտնեց. «Ես առանց պրուժին զենքով կրակել եմ»:

«Փաստորեն մեր Քննչական կոմիտեում առանց պատրոնի կարան մարդ էլ սպանեն»,- ասաց Ներսես Պողոսյանը:

Փորձագետի հարցաքննությունից հետո Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը դատարանին միջնորդեց  հրավիրել և նորից հարցաքննել ազատության մեջ գտնվող Սմբատ Գալոյանին: Վեջինս դատարանին հայտնեց, որ Սմբատը մոտեցել է մի շարք անձանց և առաջարկել իր ծառայությունները՝ ասելով, որ ինքն ունի մոտ 300 հոգանոց խումբ, որը  պատրաստ է կատարել հրահանգներ:  Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն էլ հայտնեց, որ Սմբատ Գալոյանը ԱԱԾ գործակալ է:

Այս միջնորդությանը առարկեց Հովհաննես Պետրոսյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը՝ հայտնելով, որ իր մոտ այնպիսի տպավորություն է, որ այս միջնոդությունը արվել է դատախազության կողմից:

Ամբաստանյալ Ներսես Պողոսյանն էլ տեղից բղավեց՝ «մեր ասածները հիմնավորված են»,  Արսեն Մկրտչյանն էլ փորձեց հակադարձել Ներսեսին՝ օգտագործելով «այ տղա» արտահայտությունը: «Այ տղան դու ես» փասատաբանի խոսքն ընդհատեց Ներսեսը, որից հետո նրանց միջև սկսեց վիճաբանություն: Առաջացավ լարված իրավիճակ, դահլիճում գտնվող անձինք ևս սկսեցին բղավել և հայհոյել փաստաբան Արսեն Մկրտչյանին: Իրավիճակը հանդարտվեց ամբաստանյալներին ուղեկցող ոստիկանների միջամտությամբ:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը  Ներսես Պոսոսյանի և Արսեն Մկրտչյանի նկատմամբ կիրառեց նախազգուշացում, իսկ միջնորդության մասով որոշեց մերժել այն:

Այնուհետև Տիգրան Հայրապետյանը հանդես եկավ՝ Ալեք Ենիգոմշյանին և Սյուզան Սիմոնյանին հարցաքննելու միջնորդությամբ, սակայն այս միջնորդությունը ևս մերժվեց դատավորի կողմից:

Հաջորդ դատական նիստը կկայանա հունվարի 26-ին:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, բացի այդ, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգանամքներով ավարտին չի հասցվել: