11-ի գործը կքննի մեկ այլ դատավոր․ «Սասնա ծռեր» 18-ի գործից մաս անջատվեց

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  շարունակում է ընթանալ  «Սասնա ծռեր»-ի 18 անդամների գործով դատավարությունը:  Դատական նիստի մեկնարկին դատավոր Արտուշ Գաբրիելյանը առանց որևէ բան մանրամասնելու, 40 րոպե ընդմիջում հայտարարեց՝ դատական ակտ կայացնելու նպատակուվ: 

Ընդմիջումից հետո դատավորը հրապարակեց դատական ակտի որոշումը, ըստ որի՝ սույն գործով 18 ամբաստանյալներից 11-ի՝ Արամ Մանուկյանի, Թաթուլ Թամրազյանի, Տիգրանի Մանուկյան, Սերգեյ Կյուրեղյանի, Գեւորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի, Հովհաննես Հարությունյանի, Արայիկ Հակոբյանի, Մարտիրոս Հակոբյանի, Արամ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի գործն անջատվում է և կքննվի մեկ այլ դատավորի կողմից:     

Իսկ մյուս 7 ամբաստանյալներ՝ Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդգես Գեևորգյանի եւ Մանվել Աթոյանի գործը շարունակելու է քննել դատավոր Արտուշ Գաբրիելյանը:  

Հավելենք, որ բոլոր 18 ամբաստանյալների խափանման միջոցը՝ կալանավորումը մնաց անփոփոխ:

«Մամուլում էլ էր երկար ժամանակ լուրեր շրջանառվում, որ ըստ էության Արտուշ Գաբրիելյանը հրաժարվելու է սույն գործից, սակայն ընտրվել է ոչ թե ինքնաբացառկի տարբերակը, այլ գործից հերթական անգամ մաս անջատելուտարբերակը»,-Ասաց Երրվանդ Վարոսյանը, հավելելով, որ առաջին տպավորությունը, որ  գործով կարևոր ամբաստանյալների մասը անջատվել է և կտրվի մեկ այլ դատավորին, իսկ մնացած մասով գործը կմնա Արտուշ Գաբրիելյանի վարույթում:

Փաստաբանը հավելեց, որ այս գործերի տարանջատումը արդարադատության շահերից չի բխում, առաջին տարանջատումը արվեց տեխնիկական նպատակներով, իսկ հիմա էլ դատավորին գործի վարույթից հեռացնելու նպատակով.

«Ամեն դեպքում՝ գործի քննության որակը սրանից տուժելու է, և ըստ էության այդ բաժանումը գործի քննությանը խոչնդոտելու է: Սա ոչ թե իրավունքից ու օրենքից  եկող որոշում է, այլ նպատակահարմարությունից»,-ասաց փաստաբանը մնարամասնելով, որ այս անջատումը կձգձգի գործի քննությունը. «Տարբեր դատավորների մոտ նույն գործը քննել, նույն ապացույցների շրջանակում, սա խոչնդոտելու արդար դատաքննությանը»:

Փաստաբանները չբացառեցին նաև այն, որ Սսանա ծռերի 14 ամբաստանյալների գործով ևս կարող է անջատումներ լինել:

Փաստաբան Արայիկ Պապիկյանի խոսքով, այս որոշումը Արտուշ Գաբրիելյանը ինքնուրույն չի կայացրել.  «Այս գործով՝  Սասնա ծռեր 14 և  18 ամբաստանյալների մասերով  որևէ դատավոր ինքնուրույն որոշում չի կայանում: Դատավորը հանդիսանում է որպես դատավոր, սակայն որոշում ինքնուրույն չի կայացնում»,-ասաց նա:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել և պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները:

Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի