Ֆաթիհ Թաշն ընդդեմ Թուրքիայի 

Blue mosque and hagia sophia ..

Դիմումատուն՝ Ֆաթիհ Թաշը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1979 թվականին, բնակվում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած 5-րդ բողոքին՝ իր դեմ հարուցված քրեական գործով դատավարությանը։ 

Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուն հանդիսացել է հրատարակչական ընկերության սեփականատեր և գլխավոր խմբագիր։ Դիմումատուն մի քանի գիրք է հրատարակել, և Թուրքիայի իրավապահ մարմինները սկսել են նրա դեմ քրեական հետաքննություն իրականացնել։

2004 թվականի ապրիլին Դիմումատուն գիրք է հրատարակել՝ «Նրանք ասում են, որ դուք անհետացել եք» վերնագրով։ Գրքում նկարագրված են 1994 թվականին Թուրքիայի հարավ-արևելքում մի լրագրողի անհետացման պատճառներն ու դեպքի հետ կապված այլ իրադարձությունները։ Գրքի հեղինակը հայտարարել է, որ լրագրողը առևանգվել է Թուրքիայի Սիվերեք նահանգի գյուղերից մեկի պահակների և հակապարտիզանական զորքերի կողմից՝ նույն նահանգում հետազոտական զեկույց պատրաստելու ժամանակ։

Գրքի հրատարակումից հետո Դիմումատուի դեմ քրեական գործ է հարուցվել՝ Թուրքիայի Հանրապետության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու և երկրի իրավիճակը խեղաթյուրելու մեղադրանքով։ Հիմք ընդունելով 2004 թվականի հուլիսին Դիմումատուին մեղավոր ճանաչելու և նրա նկատմամբ օրենքով սահմանված պատիժ նշանակելու մասին Թուրքիայի Արդարադատության նախարարության կողմից տրամադրված թույլտվությունը՝ Գլխավոր դատախազը մեղավոր է ճանաչել Դիմումատուին՝ սուտ տեղեկություններ տարածելու, տեղի իշխանություններին վարկաբեկելու և երկրի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար։ Այնուհետև, Գլխավոր դատախազը Դիմումատուի նկատմամբ 1․650 թուրքական լիրայի չափով տուգանք նշանակելու մասին որոշում է կայացրել։ Դիմումատուն բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազի կայացրած որոշման դեմ, սակայն, ապարդյուն։ Հետագայում, Դիմումատուն բողոք է ներկայացրել Թուրքիայի Վճռաբեկ դատարան՝ դատավարական իրավունքի նորմերի խախտման վերաբերլալ։ Այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանը մերժել է Դիմումատուի բողոքը՝ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտում և 6-րդ հոդվածի 1-ին կետի (ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք) խախտում։ Դիմումատուն բողոքել է իր դեմ հարուցված քրեական գործով դատավարության արդարացիության մասին։ Դիմումատուն իր բողոքի մեջ նշել է, որ Արդարադատության նախարարը միջամտել է քրեական գործին։ Այսպիսով, Դիմումատուն բողոքել է նաև Թուրքիայի դատական իշխանության անկախության և անկողմնակալության մասին։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում։

Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Թուրքիան պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 2․500 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։