Օրենքների նախագծերը դրվել են քննարկման

Քննարկման են դրվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

Սույն օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի վերաբերյալ կարգավորումները վերագրել դրա իրավահաջորդ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ինչպես նաև հստակեցնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ կարգավորումների առկա սուբյեկտային շրջանակը:

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2018 թվականի ապրիլի 10-ից ուժի մեջ են մտել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 9-15-րդ հոդվածները, որոնք վերաբերում են նշյալ հանձնաժողովի ձևավորմանը: Միևնույն օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի վերաբերյալ դրույթները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման պահից կորցնում են իրենց ուժը: Նշվածից հետևում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիարժեք գործունեությունն ապահովելու նպատակով մինչև վերջինիս կազմավորումն անհրաժեշտ է բոլոր առնչվող իրավական ակտերում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավասությունները վերագրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:

Ուստի, անհրաժեշություն է առաջացել  «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման» բառերով:

Միաժամանակ, 23.03.2018թ. ընդունված «Հանրային ծառայության մասին»  ՀՕ-206-Ն օրենքում «բարձրաստիճան պաշտոնատար անձ» բառերն արտացոլված չեն՝ պայմանավորված նշված խմբի վերացման հանգամանքով: Ուստի, անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածներից հանել նշված բառերը և փոխարենը հստակեցնել համապատասխան սուբյեկտային կազմի շրջանակը:

Ակնկալվող արդյունքը

Վերոնշյալ օրենսդրական փոփոխությունների արդյունքում կապահովվի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի վերաբերյալ կարգավորումների վերագրումը դրա իրավահաջորդ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ կարգավորումների առկա սուբյեկտային շրջանակի հստակեցումը: Օրենսդրական փոփոխություններն անհրաժեշտ է կատարել մինչ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորումը: Հակառակ դեպքում, կխաթարվի Հանձնաժողովին՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքով վերապահված առանձին գործառույթների և լիազորությունների պատշաճ իրականացումը:

Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝  e-draft.am կայքում: