Օրենքի նախագիծ. առաջարկվում է նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունել աշխատանքային ստաժի տևողությունը

Labour codeՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 22-ին կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ինչպես նաև, «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդվածի 3-րդ մասում «1-ին եւ 2-րդ մասերով» բառերը փոխարինել «1-ին, 2-րդ եւ 2.1-րդ մասերով» բառերով, իսկ «ժամանակավոր անաշխատունակության նպաստ» բառերը փոխարինել «մայրության նպաստ» բառերով:

Համաձայն նախագծի ներկայացված հիմնավորման, ներկայացվող իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է ժամանակավոր անաշխատունակության նպաստների բնագավառում իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրներով: 

Ինչպես նշվում է նախագծի հիմնավորման մեջ, գործող իրավակարգավորումների արդյունքում էապես նվազում է ժամանակավոր անաշխատունակության նպաստների ուղղությամբ կատարվող ծախսերի հասցեականությունը: Մասնավորապես, կորցրած եկամուտը փոխհատուցվում է ամբողջությամբ, հաշվի չառնելով, թե անձը որքան աշխատանքային ստաժ ունի: Այսինքն, 100 տոկոսով փոխհատուցվում է թե մինչեւ 1 տարվա աշխատանքային ստաժ ունեցողի կորցրած եկամուտ, թե 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցողի կորցրած եկամուտը:

Խնդրո առարկա է նաեւ այն հանգամանքը, որ անձին որպես վարձու աշխատող գրանցելու եւ նրան մեկ-երկու ամիս ամիս հետո  նպաստ վճարելու համար որեւէ օրենսդրական արգելք չկա (ինչից ակնհատորեն օգտվում են գործատուները), իսկ նպաստի (նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմի) բացակայությունը առանձին դեպքերում ետին պլան է մղում նպաստի սոցիալական էությունը:

Ընդ որում, այս պարագայում ֆորմալ իմաստով օրենք չի խախտվում:

Միաժամանակ նշվում է, որ ՀՀ գործող օրենսդրությամբ չաշխատող մայրերի համար հղիության և ծննդաբերության ժամանակահատվածի համար որեւէ դրամական վճար սահմանված չէ: Այսինքն, պետությունը չաշխատող կնոջը հղիության ընթացքում ուղղակի ֆինանսական աջակցություն չի ցուցաբերում:

Հաշվի առնելով ժամանակավոր անաշխատունակության նպաստների ոլորտում առկա խնդիրները, առաջարկվում է.

1) Նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի մեծությունը փոխկապակցել աշխատանքային ստաժի տեւողությանը, մասնավորապես, սահմանել, որ հիվանդության, ընտանիքի անդամի խնամքի, առողջարանային բուժման, պրոթեզավորման պատճառով առաջացած ժամանակով անաշխատունակության դեպքում, նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձի.

  1. 40 տոկոսից՝ եթե աշխատանքային ստաժի տեւողությունը 1 տարուց պակաս է,
  2. 60 տոկոսից՝ եթե աշխատանքային ստաժի տեւողությունը 1-3 տարի է,
  3. 80 տոկոսից՝ եթե աշխատանքային ստաժի տեւողությունը 3 տարուց ավելի է:

2) Սահմանել նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն չափ՝ նվազագույն ամսական աշխատավարձի 5-ապատիկի չափով (բացառությամբ՝ հղիության և ծննդաբերության կամ մայրության նպաստի):

3) Հղիության և ծննդաբերության նպաստը վերանվանել մայրության նպաստի եւ սահմանել, որ 2016 թվականից սկսած, այն վճարվում է նաեւ չաշխատող կնոջը՝ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի (140 օր) համար:

4) Չաշխատող կնոջը տրվող նպաստը հաշվարկել նվազագույն ամսական աշխատավարձից, վերանայելով նպաստը հաշվարկելու կարգը (նպաստ հաշվարկելու համար՝ հիմք ընդունվող միջին ամսական եկամուտը բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) եւ բազմապատկվում հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով):

5) Սահմանել աշխատող մոր հղիության եւ ծննդաբերության (մայրության) նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն չափ՝

  1. առաջին եւ երկրորդ երեխայի դեպքում՝ նվազագույն ամսական աշխատավարձի 7-ապատիկի չափով (նպաստի առավելագույն չափը՝ շուրջ   1 700 000 դրամ),
  2. երրորդ եւ հաջորդ երեխայի դեպքում՝ նվազագույն ամսական աշխատավարձի 10-ապատիկի չափով (նպաստի առավելագույն չափը՝ շուրջ 2 400 000 դրամ):

Նշենք, որ օրենքն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2015 թ. հունվարի 1-ին:

Աղբյուրը՝ www.parliament.am