Օլլեր Կամինսկան ընդդեմ Լեհաստանի

     Դիմումատուն՝ Անիտա Օլլեր Կամինսկան, ազգությամբ լեհ է, այժմ ապրում է Իռլանդիայում։

  Դիմումատուն բողոքում է, որ Լեհաստանի դատարանները չեն կարողացել ժամանակին իրեն վերադարձնել իր երեխային:  2009 թվականին ամուսինը  դստեր հետ մեկնել է արտերկիր, թեև արդեն առկա էր իռլանդական երկու դատարանների ուժի մեջ մտած ակտեր, որոնց համաձայն՝ երեխան պետք է մնա Դիմումատուի մոտ։ Այնուամենայնիվ, 2012 թվականին Դիմումատուն երեխայի հետ վերադարձել է Իռլանդիա։ Դիմումատուն դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հիմք ընդունելով Կոնվենցիայի 8-րդ հոդվածը (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք)։

     Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ Լեհաստանի կառավարությունը չի կարողացել սեղմ ժամկետներում ի կատար ածել իռլանդական դատարանի որոշումները՝ ԵՄ օրենքի շրջանակներում։ ՄԻԵԴ-ը համաձայն չէ կառավարության այն փաստարկներին, որ դատավարությունը երկարաձգվել է, քանի որ գործը եղել է բարդ։ Ավելին, ներպետական դատարանները երբեմն հակասական որոշումներ են ընդունել։ Արդյունքում, Դիմումատուի անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը պատշաճ կերպով չի պաշտպանվել։

     Այսպիսով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրում է, որ կատարվել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտում։