Քրեակատարողական համակարգի առաջնահերթ խնդիրը պետք է լինի անձին ազատ արձակմանը նախապատրաստելը․ ՄԻՊ

Այսօր՝ հունվարի 26-ին, կայացել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստը:

Հանդիպմանը մասնակցել են խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետներ և ոլորտի մասնագետներ։

Օրակարգում քննարկվել են ազատությունից զրկված անձանց պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մեխանիզմներին առնչվող խնդիրները։

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև պատիժները կատարող մարմինների և հիմնարկների պաշտոնատար անձանց որոշումների, գործողությունների և անգործության վարչական և դատական կարգով բողոքարկման ընթացակարգերի օրենսդրական բացերին և գործնական թերություններին:

Քննարկման առարկա են դարձել նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից շրջանառության մեջ դրված ազատությունից զրկված անձանց վիճակը բարելավող օրենսդրական մի շարք նախագծերը, որոնք վերաբերում են ազատազրկման դատապարտված և կալանավորված անձանց կարճատև և երկարատև տեսակցություններ, ինչպես նաև կարճատև մեկնումներ տրամադրելուն, կալանավորված անձանց ժամանակավոր վկայական ստանալու հետ կապված խնդիրների լուծմանը, փաստաբանի գործունեությունը խոչընդոտելու համար պատասխանատվությունը խստացնելուն:

Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ կարևորվել է այն մտածողության արմատավորումը, որ դատապարտյալի նկատմամբ վերաբերմունքի հարցում որոշիչը պետք է լինի ոչ թե նրա կատարած հանցանքի տեսակը կամ ծանրության աստիճանը, այլ նրա վարքագիծը քրեակատարողական հիմնարկում: Սակայն դրա լիարժեք իրացման համար էլ պետք է առաջնահերթ լինեն դատապարտյալին հասարակություն վերաինտեգրելուն ու նրան ազատ արձակմանը նախապատրաստելուն ուղղված գործողությունները: