«Քո ցուցմունքի դիմաց քեզ բան առաջարկե՞լ են».ամբաստանյալը վկային.  Շարունակվում է «Նորքի  զինված խմբի» գործով վկաների հարցաքննությունը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Նորքի  զինված խմբի» գործով այսօրվա դատական նիստի ընթացքում շարունակվեց վկաների ցուցմունքները:

Վկա Հարություն Հովհաննիսյանը հրաժարվեց ցուցմունք տալ դատարանում և պատասխանել կողմերի հարցերին, ինչի արդյունքում մեղադրող կողմը դատարանին միջնորդեց հրապարակել նախաքննության ընթացքում վկայի տված ցուցմունքը:

Նշենք, որ վկան նախանքննության ցուցմունքից ևս հրաժարվել էր, ինչի արդյուքում լրացուցիչ հարցաքննություն է իրականացվել: Հավելենք, որ նախաքննության ընդացքում Հարություն Հովհաննիսյանը եղել է կասկածյալ:

Ըստ ցուցմունքի՝ Հարություն Հովհաննիսյանը հոր ավտոտնակից գտել է վերջինիս պատկանող զինամթերք, որը չի իմացել ինչ անի, և նույնիսկ վախեցել է այն հանձնել: Վերոնշյալ ժամանակահատվածում ծանոթացել է Անուշավան Ավետիսյանի հետ, ով էլ առաջարկել է լավ գնով զենքը իրենից գնել:

«Մտածում էի շուտ և առանց քաշքշուկ ազատվել զենքերից: Անուշավանին հանդիպել եմ «Աստրալ»  հյուրանոցում, որը գտնվում է Գյումրի քաղաքի մոտակայքում: Ավետիսյանին վաճառել եմ 1 ինքնաձիգ և նռնակներ՝ 2 մարտական և 3 ուսումնական, որոնց դիմաց ստացել եմ 900  ԱՄՆ դոլար»,- ասաց վկան, հավելելով, որ  Անուշավան Ավետիսյանը հետ է վերադարձրել ինքնաձիգը, քանի որ այն անսարք է եղել, ինքը համոզվել է անսարքության մեջ և նետել աղբարկղը:

Վկան նշեց, որ ինքը զենքը վաճառել է միայն նրանից ազատվելու համար՝ առանց հանցավոր մտադրության: Հարություն Հովհաննիսյանի խոսքով՝ ինքը ճանաչում է այս գործից անջատված մասով դատապարտյալ Ստեփան Չիլինգարյանին:

Որպես վկա հանդես եկավ նաև վերոնշյալ Ստեփան Չիլինգարյանը, ով ևս հրաժարվեց ցուցմունք տալ և հարցերին պատասխանել: Դատարանը հրապարակեց նախաքննության ընթացքում նրա տված ցուցմունքը:

Ըստ ցուցմունքի՝ Ստեփան Չիլինգարյանը այն բնակարանից, որտեղ ապրում է գտել է մահացած պապին պատկանող 1996 թվականի զենքերը.

«Պապս` Գյումրի քաղաքում հայտնի մարդ է եղել և մտերիմ է եղել Վազգեն Սարգսյանի հետ: Այդ պատճառով էլ իմ ծանոթ Անուշավան Ավետիսյանը  հետաքրքրվեց, թե  պապիցս զենք չի մնացել և առաջարկեց գնել»,-ասաց Ստեփան Չիլինգարյանը, հավելելով, որ  հիվանդ հայր ունի, ինքն էլ տառապում է շաքարային դիաբետով, ինչի պատճառով մեծ պարտքեր էր կուտակվել:

«Սկզբում վաճառեցի 2 ինքնաձիգ՝ 2 400 դոլարով: Ես այդ գումարով կարողացա փակել վարկերս և պարտքերս: Ավելի ուշ ևս 2 երկու ինքնաձիգ է գնել Անուշավանը: Սկզբից նա խնդրեց գինը իջեցնել, ես էլ ասացի, որ զենքերը իմը չեն՝ չեմ կարող, էլ գնի մասին խոսք չեղավ»,-ասաց վկան: Ըստ Ստեփան Չիլինգարյանի՝ Անուշավան Ավետիսյանին ինքը խնդրել է մոռանալ, որ զենք է գնել իրենից, քանի որ ինքը կարիքից դրդված է այդ քայլին գնացել:

«Հետո էլի հանդիպել եմ Անուշավանին, սակայն նա այլևս երբեք զենքի մասին չի խոսել: Արթ Վարդանյանին չեմ ճանաչել: «Զինված խմբի» մասին իմացել եմ հեռուստացույցից: Անուշավանի ձերբակալության մասին լսել եմ, բայց չեմ կարծել որ զենքի համար է, այլապես ավելի շուտ կդիմեի ոստիկանությանը»,-ասաց վկա Ստեփան Չիլինգարյանը:

Մյուս վկայի՝ Հարություն Հովհաննիսյանի հետ ծանոթ լինելու վերաբերյալ Ստեփան Չիլինգարյանը ասաց, որ ծանոթ են՝ միասին են աշխատել, սակայն բացի գործնական հարաբերություններից  նրանց ոչինչ չի կապել.

«Հարություն Հովհաննիսյանին ծանոթ եմ, բայց տեղյակ չեմ եղել, որ նա էլ է զենք վաճառել Անուշավան Ավետիսյանին, նա էլ չգիտեր, որ ես եմ էլ եմ վաճառել»,-ասաց նա:

Դատավոր Արմեն Բեկթաշյանը դատական նիստը անակնկալ ընդմիջեց, նշելով, որ շտապօգնություն է կանչվել նիստերի դահլիճ ամբաստանյալներից մեկի վատ լինելու պատճառով: Ավելի ուշ՝ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կինը հայտնեց, որ իր ամուսնու վիճակն է կտրուկ վատացել:

Դատական նիստը շարունակվեց: Մյուս վկան՝ Իլիչ Թադևոսյանի խոսքերով ինքը մեկ անգամ հեռախոսազրույց է ունեցել Արթուր Վարդանյանի հետ, և պահանջել է, որ վերջինս իր հորը հանգիստ թողնի, քանի որ լսել է նրանց հեռախոսազրույցը Քեսաբ գնալու վերաբերյալ:

Արթուր Վարդանյանն էլ նշեց, որ վկայի հոր ՝ Մարատ Թադևոսյանի հետ, երբեք այդ թեմայի վերաբերյալ հեռախոսազրույց չի ունեցել, այդպիսով, վկան ո՞ւմից է դա իմացել, ինչին ի պատասխան նշեց, որ հայրը այդ օրը խմած էր և ինքն էլ պատմել է, ասելով, որ կպաշտպանի Արթուր Վարդանյանին. «Ես կռվի ժամանակ դոշ կտամ, պուլեն թո գա, կպնի ինձ»:

Արթուր Վարդանյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, վկայի խոսքով՝ ամբաստանյալը նրան ասել է.

«Լակոտ, ես բան ու գործ չունեմ, որ քո հետևից ընկնեմ, ես հազար հատ գործ ունեմ»,-ասաց վկան նշելով, որ վերոնշյալ խոսակցությունը եղել է գիշերվա ժամը 12:00-ին:

Ամբաստանյալ Արթուր Վարդանյանն էլ վկային մեղադրեց կեղծ ցուցմունք տալու մեջ.

«Քո ցուցմունքի դիմաց քեզ բան առաջարկե՞լ են»,-հարցրեց ամբաստանյալը, ինչին ի պատասխան վկան ասաց, որ ոչ:

Դատավոր Արմեն Բեկթաշյանը նախորդ դատական նիստի ընթացքում ամբաստանյալների միջնորդությունը բավարարեց, որպեսզի քրեակատարողական հիմնարկներում վերջիններիս թոռնիկները կարողանան այցելել նրանց:

Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին:

Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի