Քննություն է տարվում՝ պարզելու դատապարտյալի մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննություն է տարվում՝ պարզելու ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվող  դատապարտյալի մահվան հանգամանքները:2018թ. հուվարի 3-ին  ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահը զեկուցագիր է ներկայացրել առ այն, որ քրեակատարողական հիմնարկի հերթապահ բժշկական խմբի աշխատակիցները ժամը 23:30-ի սահմաններում այցելել են հոգեբուժական բաժանմունքի հիվանդասենյակներից մեկը՝ դատապարտյալ Մ.Խերունցին բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով, և նրան հայտնաբերել մահացած: Կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննությամբ ակնհայտ թարմ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Օրեր անց՝ հունվարի 6-ին, մահացած դատապարտյալի եղբայրը լրատվական կայքերից մեկին կարծիք է հայտնել, որ նշված ՔԿՀ-ում եղբորը պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվել։ Ըստ նրա՝ 2018թ հունվարի 3-ին՝ ժամը 21:00-ին, բաժանմունքի կալանավորներին պահելու խցերի դռները փակելուց հետո,  եղբոր  ինքնազգացողությունը վատացել է, և կալանավորները պատուհանից օգնություն են կանչել, սակայն բժիշկները եկել են ուշացումով՝ 15 րոպե անց, երբ նա արդեն մահացած է եղել:

Դեպքի առթիվ ՀՀ դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով և ուղարկվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննություն իրականացնելու:

Քրեական գործը հունվարի 18-ին ընդունվել է վարույթ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դատապարտյալի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: