Քննարկվել է սահմանամերձ համայնքների աշակերտների դասագրքերի փոխհատուցման և ուսանողների վարձավճարների հարցը

ՀՀ Կառավարության պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ  այսօր տեղի  ունեցած ՀՀ Կառավարության  նիստի,  ժամանակ քննարկվել է 2017-2018թթ. ուսումնական տարվա պատշաճ մեկնարկն ապահովելու հարցը: Այդ  նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարին, ՀՀ մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ մինչև 2017 թվականի օգոստոսի 25-ը ապահովել հանրապետության բոլոր դպրոցներում իրականացվող շինարարական և վերանորոգման աշխատանքների պատշաճ կատարումը և ավարտը։ «Աշխատանքները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում, ապահովել հասցեական խիստ պատժամիջոցների կիրառում», – ասել է վարչապետը։

Հանձնարարվել է նաև միջոցներ ձեռնարկել հանրապետության սահմանամերձ, բարձրլեռնային համայնքների ուսումնական հաստատություններում մասնագիտական առարկաների ուսուցիչներով համալրելու ուղղությամբ:

Կրթության ոլորտին վերաբերող այսօրվա հանձնարարականում ներառվել են նաև ՀՀ Նախագահի հանձնարարականները՝ սահմանամերձ համայնքների աշակերտների բոլոր դասագրքերի փոխհատուցման խնդրի լուծմանը և սահմանամերձ համայնքների ուսանողների ուսման վարձերի հատուկ մեխանիզմի ներդրմանը վերաբերող: