Քննարկվել է պարզեցված վարույթի կարգով քննվող գործերի բարելավման վերաբերյալ

Երևանում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկում, որը կազմակերպել էր ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը: Քննարկման ներկայացված նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության և Բարձրագույն դատական խորհրդի համագործակցության արդյունքում:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սերգեյ Մեղրյանը, Հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ՝ Ֆինանսների նախարարությունից, Վճռաբեկ դատարանից, Վերաքննիչ քաղաքացիական դատարանից, Երևան քաղաքի և մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններից, Կենտրոնական բանկից, Հայաստանի բանկերի միությունից, ՀՀ մարդու իրավունքի պաշտպանի աշխատակազմից, Փաստաբանների պալատից, ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամից ու քաղաքացիական հասարակությունից:

Հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին մասնակցության համար և նշել, որ պարզեցված վարույթի իրավակիրառ պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրներով պայմանավորված Արդարադատության նախարարությունը որոշել է նոր նախագիծ մշակել: Դրանից զատ, Տիգրան Մարկոսյանի խոսքով, Բարձրագույն դատական խորհուրդը վերջերս հրապարակել է «Հայաստանում արդարադատության արդյունավետության համալիր բարելավման» հայեցակարգը, որում, ի թիվս այլնի, ևս կարևորվել է դատավորներին քաղաքացիական գործերով բեռնաթափելու գործիքակազմի ներդրման խնդիրը: «Հաշվի առնելով նաև դատավարական տնտեսվարության սկզբունքի լիարժեք իրացման անհրաժեշտությունը՝ որոշվեց Բարձրագույն դատական խորհրդի հետ համատեղ մշակել այս նախագիծը, որը հանրային քննարկման է ներկայացվել նաև իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում՝ www.e-draft.am –ում»,- ասել է Հիմնադրամի տնօրենն ու բոլորին մաղթել արդյունավետ քննարկում:

Մասնագիտական քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել պարզեցված վարույթի կարգով քննվող գործերին, պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշմանը, որոշումը ստանալուց հետո գործին մասնակցող անձանց կողմից կատարվող գործություններին, պարզեցված վարույթը քննելու կարգին ու ժամկետներին և այլ հարցերին: