Քննարկում ՀՀ-ում հանրային պաշտպանության համակարգում առկա խնդրիների վերաբերյալ

Հանրային պաշտպանի գրասենյակի աշխատակիցները գերծանրաբեռնված են, ինչը ծայրահեղ է և աննախադեպ, այսօր այս մասին հայտարարվեց  «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Մարդու իրավունքների դիտորդում և շահերի պաշտպանություն» ծրագրի շրջանակներում հրավիրված կլոր-սեղան հանդիպման ժամանակ:  Հանդիպման ընթացքում ներկայացվեցին հանրային պաշտպանության համակարգում առկա խնդիրների և դրանց հետագա լուծումների վերաբերյալ հարցեր:

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցը հայտնեց, որ իրենց կատարած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ տարեկան կտրվածքով յուաքանչյուր հանրային պաշտպանի վարույթում լինում է մոտավորապես  79-80 գործ:

Փաստաբանի խոսքերով իրենք անդրադարձել են այս խնդրին, քանի որ նկատել էին, որ շատ դատական նիստեր հետաձգվում էին հանրային պաշտպանների բացակայությունների  պատճառով, իսկ բացակայությունների պատճառն այն էր, որ յուրաքանչյուրն օրեկան ունենում էր 3-4 դատական նիստ և 1-2 քննչական գործողություն:

‹‹Ունեցել ենք դեպքեր, երբ մեր գործընկերներն ուղղակի անտեղյակ են եղել գործի նյութերին և հենց իրենք էլ  հայտնել են, որ իրենց ներկայությունը զուտ ձևական բնույթ է կրում››,- հայտնեց  փաստաբանը:

Նինա Կարապետյանցը նշեց, որ կա նաև հաստիքների պակաս. ‹‹Բնականբար այս ծավալով աշխատանքները չեն  կարող կատարվել  այդ քանակի հանրային պաշտպանի գրասենյակի անդամների կողմից: Դա տրամաբանական չէ և չի կարող արդյունավետ լինել››:

Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև ԱՄՆ-ի և եվրոպական մի շարք երկրների փորձը, թե ինչպե՞ս են այլ երկրներում օգտագործվում Հանրային պաշտպանի գրասենյակի ռեսուրսները, հանրային պաշտպան ստանալու և նշանակելու կարգը, նրանց վճարման կարգը և այլն:

Նինա Կարապետյանցը հայտնեց, որ կատարված հետազոտության  արդյունքում՝ իրենց կողմից արձանագրվել է 3 խնդիր՝ արդյունավետ դատաքննության իրավունքի խախտում, ողջամիտ ժամկետներում դատաքննության իրականացման իրավունքի խախտում և արդար դատաքննության իրավունքի խախտում:

Վերջինս նշեց, որ իրենք շատ բարձր են գնահատում հանրային պաշտպանի աշխատանքը և պետք է քայլեր ձեռնարկել նրանց ծանրաբեռնվածությունը թեթեևացնելու համար:

Քննարկման վերջում ներկաները հանդես եկան՝ հանրային պաշտպանի գրասենյակի գերծանրաբեռնվածությունը թեթևացնելու վերաբերյալ առաջարկություններով, քննարկեցին առկա խնդիրներն ու դրանց հետագա լուծումները:

‹‹Հանրային պաշտպանի գրասենյակն իսկապես ծանրաբեռնված է աշխատում: Մենք  առավելագույնս փորձում ենք  ապահովել մեզ դիմած  բոլոր շահառուների  դիմումներն ու անվճար իրավաբանական օգնություն տրամադրել››,- այս մասին հայտնեց Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը:

Վերջինս նշեց, որ առկա են օրենսդրական բացեր և չի ֆիլտրվում, թե ովքեր են անվճարունակ համարվում քրեական գործերով. ‹‹Անձը անվճարունակ է, թե ոչ մենք իրեն տրամադրում ենք անվճար իրավաբանական օգնություն››:

Մելանյա Առուստամյանը նշեց, որ Հանրային պաշտպանի գրասենյակն ունի շատ լավ մասնագետներ, սակայն պետք է տեղի ունենա հաստիքների ավելացում նման քանակի գործեր կատարելու համար :

Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ հայտնեց, որ խնդիրը կայանում է նրանում, որ վարույթ իրականացնող մարմինների կողմից մեխանիկորեն որոշումներ են կայացվում հանրային պաշտպաններ ներգրավելու՝  իմանալով, որ Հանրային պաշտպանի գրասենյակը ամեն կերպ  դա ապահովելու է:

‹‹Այսօր Հայաստանի Հանրապետությունը անվճար իրավաբանական  օգնություն մատուցելու իր պարտականությունը չի կատարում, որովհետև մեխանիզմ սահմանաողն էլ է պետությունը, գումար սահմանաողն էլ և ամեն ինչի պատասխանատուն պետությունն է: Պետությունն  այսօր իր ամբողջ պատասխանատվությունը գցում է Հանրային պաշտպանի գրասենյակի վրա››,-նշեց նա:

‹‹Փայլուն հանրային պաշտպաններ ունենք, որոնք ի վիճակի չեն ծանրաբեռնվածության պատճառով իրենց ներուժն օգտագործել››,- այս մասին էլ ասաց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

Փաստաբան Արսեն Մկրտչյանն էլ նշեց, որ ի սկզբանե սխալ մոտեցում կա հանրային պաշտպանի նկատմամբ. ‹‹Եթե Հանրային պաշտպանի գրասենյակը ծանրաբեռնված է, ես համաձայն եմ վերցնել այն գործերը, որոնք հանրային պաշտպանը չի հասցնում , բայց պայմանով, որ ինձ պետք է վճարեն այնպես, ինչպես ՝ Փաստաբանների պալատի գնացուցակում նախատեսված է: Ես չեմ ուզում աշխատել այն վճարման  չափերով որով աշխատում է այսօր հանրային պաշտպանը››,- նշեց նա:

Վեջինիս խոսքերով հանարային պաշտպաններին խաբում են և դրել են անհավասար պայմանների մեջ: