Քննարկման է դրվել «Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացման հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը

Young woman is sitting hunched at a table at home, the focus is on a man's fist in the foregound of the image

Այսօր քննարկման է դրվել «Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացման հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  կողմից:

Ըստ ներկայացված նախագծի՝ ՀՀ-ում ներկայումս ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ կենտրոնացված հաշվառում չի իրականացվում: Ընտանիքում բռնության երևույթի տարածվածության, ծավալների և դրսևորման ձևերի մասին տեղեկատվությունը ձևավորվում է իրավապահ մարմինների կողմից արձանագրված դեպքերի, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող հետազոտությունների հիման վրա, ինչը հնարավորություն չի տալիս.

·բացահայտել ընտանիքում բռնության դեպքերի տարածվածությունն ու դրանից բնակչության տուժելու իրական մասշտաբները,

·գնահատել ընտանիքում բռնության դրսևորման օրինաչափությունները,

·բացահայտել այն գործոնները, որոնք հանգեցնում են բնակչության շրջանում ընտանեկան բռնության,

·հստակեցնել այն հնարավոր փոփոխությունները, որոնք հրատապ կերպով պետք է տեղ գտնեն հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, այդ թվում` պետական մարմինների գործունեության մեջ` ընտանեկան բռնության կանխարգելման առումով:

Առաջարկվող նախագծով կարգավորվում են ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում իրավասու մարմինների կողմից ընտանիքում բռնության դեպքերի հաշվառման, տեղեկատվության փոխանակման և դրանց կենտրոնացված հաշվառման հետ կապված հարաբերությունները:

Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի ընտանիքում բռնության դեպքերի հաշվառման համար արդյունավետ մեխանիզմ:

Նախագծին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: