Քաղաքացին Վարչական դատարանում վերացրել է ՃՈ-ի որոշումը

Քաղաքացի Մանվել Խաչատրյանը Վարչական դատարան է դիմել հայցադիմումով` խնդրելով անվավեր ճանաչել ՀՀ Ճանապարհային ոստիկանության որոշումը: 

Հայցվորը դատարան ներկայացրած հայցադիմումով հայտնել է, որ Ծառայության կողմից 2017 թվականի փետրվարի 21-ին կայացված վարչական տույժ նշանակելու մասին թիվ 1705752512 որոշմամբ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տույժի 5.000 ՀՀ դրամի չափով:
Մանվել Խաչատրյանը գտնում է, որ վարչական ակտն ոչ իրավաչափ է և ենթակա վերացման, քանի որ տեսանյութով չի հիմնավորվում վարչական իրավախախտում թույլ տալու փաստը, բացի այդ՝ եթե նույնիսկ խախտում է թույլ տրվել, ապա այն նվազ նշանակություն ունի:

Հայցվորը  իր հայցադիմումում նշել է մի քանի իրավական հիմնավորումներ, օրինակ՝ տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին: Ըստ  ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթի իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտումը հիմնավորող ապացույցն իրավախախտումն ամրագրած տեսանյութն է կամ լուսանկարը:
Նույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավախախտման հատկանիշների պարզումը վարույթ իրականացնող վարչական մարմնի կողմից տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների համադրումն է իրավախախտման հատկանիշների հետ:
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 39-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 21-րդ և 25-րդ մասերով (միայն կանգառ կատարելու մասով) նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ կանգառը կատարվել է միայն ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով, չի գերազանցել մեկ րոպե ժամանակահատվածը, և դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել:
Նույն օրենսգրքի 245-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն են` յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը, գործը օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը, ընդունված որոշման կատարումն ապահովելը, ինչպես նաև վարչական իրավախախտումների կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները բացահայտելը, իրավախախտումները կանխելը, քաղաքացիներին օրենքները պահպանելու ոգով դաստիարակելը:
Նույն օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի ա կետի համաձայն՝ գրավոր վարչական ակտին ներկայացվում են հետևյալ պահանջները՝ վարչական ակտն իր բովանդակությամբ պետք է համապատասխանի դրա ընդունման համար օրենքով նախատեսված պահանջներին, նշում պարունակի այն բոլոր էական, փաստական և իրավաբանական հանգամանքների վերաբերյալ, որոնք վարչական մարմնին հիմք են տվել ընդունելու համապատասխան որոշում: Նույն օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը:  Նույն օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է`
ա) օրենքի խախտմամբ, այդ թվում՝ օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով.
բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում:

Նշենք, որ պատասխանողը՝ ՃՈ-ն, հայցադիմումի պատասխան չի ներկայացրել:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված պատասխանող կողմը չի ապահովել իր կամ իր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, ինչի արդյունքում էլ  ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատարանը որոշել է գործի քննությունը շարունակել Պատասխանողի բացակայությամբ:

Գործի քննության արդյունքում, դատարանը կայացրել է Մանվել Խաչատրյանի հայցը բավարարելու մասին որոշում: Անվավեր է ճանաչել Հայաստանի Հանրապետության Ճանապարհային ոստիկանություն ծառայության 21.02.2017 թվականի թիվ 1705752512 որոշումը:
Հայաստանի Հանրապետության Ճանապարհային ոստիկանության ծառայությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձելվել է 4.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար:
Նաև Հայաստանի Հանրապետության Ճանապարհային ոստիկանության ծառայությունից հօգուտ Ռաֆիկ Գրիգորյանի բռնագանձելվել է 20.000 ՀՀ դրամ` որպես ներկայացուցչին վճարվելիք գումար:

Ծանուցում. Նյութը վերցված է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, իսկ անունները փոփոխված են: