«Քաղաքացիների հետ հարկ է տանել շարունակական բացատրական աշխատանք»․ Գլխավոր հարկադիր կատարողը՝ Արարատի մարզում

 ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը ս/թ փետրվարի 15-ին Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ծառայության Արարատի մարզային բաժնում: Հերթական մարզային այցելության ընթացքում կառույցի ղեկավարը եղել է նաև Ծառայության Արարատի մարզային բաժնի Մասիսի տարածաշրջանի բաժանմունքում:Արարատի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Լևոն Դանիելյանը ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին է զեկուցել մարզային բաժնի կողմից հունվար ամսվա ընթացքում կատարված աշխատանքների մասին: Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձել է Արարատի մարզային բաժնի խնդիրներին, ինչպես նաև կատարողական վարույթների իրականացման շրջանակում ի հայտ եկող այլ հարցերի, լսել Ծառայության մարզային բաժնի աշխատակիցների բարձրաձայնած հարցադրումները:
Կառույցի ղեկավարն առանձնակի ուշադրություն է հրավիրել վերջին օրենսդրական փոփոխությունների արդյունքում կատարողական վարույթների իրականացման սահուն ընթացքի ապահովման կարևորությանը, և նշել, որ քաղաքացիների հետ հարկ է տանել շարունակական բացատրական աշխատանք՝ ներկայացնելով նաև կատարողական վարույթի շրջանակում իրենց իրավունքներն ու պարտականությունները:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ոչ գույքային բնույթի, մասնավորապես՝ երեխայի տեսակցությունների և մի ծնողից մյուսին հանձնմանն առնչվող կատարողական վարույթների իրականացմանը, որոնց շրջանակներում Ծառայությունը ներգրավում է նաև մասնագիտացված ընտանեկան հոգեբանների: Մարզային բաժնի աշխատակիցներն ընդգծել են, որ  հոգեբանների ներգրավվածությունը դրականորեն է անդրադառնում նման բարդ և նուրբ լուծում պահանջող կատարողական վարույթների իրականացման ընթացքի վրա:
Աշխատանքային խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնի աշխատակիցներին տվել է համապատասխան հանձնարարականներ: