«Փաստաբանությունն այն եզակի մասնագիտություններից է, երբ դու մարզիկի նման պարբերաբար կարող ես զգալ հաղթանակի բերկրանքը». Անի Աթանեսյան

Լեգալ Ինֆոն փաստաբանական գործունեության, իրավաբանական կրթության բացթողումների մասին զրուցել է փաստաբան, ELSA Եվրոպայի իրավաբան ուսանողների ասոցիացիայի փոխնախագահ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտ Անի Աթանեսյանի հետ:

-Մանրամասնեք խնդրեմ, ո՞վ է փաստաբանը, ինչո՞վ է զբաղվում և ի՞նչ պարտականություններ ունի:  

-Փաստաբանն այն անձն է, որը սկսում է քո դատական պաշտպանությունը: Ընդորում ասեմ, որ փաստաբանի գործունեությունը չի սկսվում դատարանում: Դա սկսվում է քո գրասենյակում, որտեղ դու ծանոթանում ես գործի հետ ու ամբողջ  դատավարական ընթացքում դու լինում ես այդ կարգավիճակի մեջ:  Փաստաբանն առաջին հերթին ենթադրում է դատավարական պաշտպանություն, իրավաբանական խորհրդատվություն. և ընդհանրապես՝ փաստաբանը իրավաբանի հավաքական կերպարն է հասարակության մեջ: Փաստաբան լինելով՝ դու ավելի մեծ պատասխանատվություն ես ունենում, քանի որ մի ամբողջ իրավաբանական օգնության ինստիտուտ  հասարակությանը ներկայանում է հենց փաստաբանիմիջոցով:

— Ի՞նչն է հիմք հանդիսացել, որ դուք  ընտրեք հենց փաստաբանի մասնագիտությունը։  

 Հիշում եմ, որ առաջին կուրսում մեր դասախոսներն ասում էին՝ դուք բոլորդ ձեզ պատկերացնում եք դատավորներ, իսկ տղաները դատախազներ: Ես իրականում ոչ դատախազ էի ինձ պատկերացնում, ոչ դատավոր: Իրականում ես ընդունվել էի այդ ֆակուլտետ հենց փաստաբանի կերպարը սիրելուվ: Իմ ընդունվելու տարիներին  փաստաբանի կերպարը ֆիլմերից էր մեր մոտ արտատպվել և  ֆիլմերով ինքը միշտ աջակցում էր հերոսներին, միշտ անսպասելի լուծումներ էր գտնում:  Փաստաբանի կերպարը ֆիլմերում միշտ կենտրոնական էր՝ բոլոր խճճված իրավիճակներում գալիս էր ու վերջինիս կերպարը դառնում էր կենտրոնական: Այս ազատությունը, մարդկանց օգնելու ձգտումը, բարդ ու խճճված իրավիճակներում ինչ-որ մեկին ձեռք մեկնելու՝ ճիշտ ձևով օրենքի շրջանակներում մարդուն օգնելու ցանկությունը. Այս ամենը հիմք հանդիսացան, որ ես, իրավաբան լինելով, ընտրեմ հենց այս ուղվածությունը:

Որո՞նք են եղել փաստաբանի մասնագիտական գործունեության մեջ Ձեր առաջին պրակտիկ քայլերը։

Արդեն 5 տարվա փաստաբան եմ․ փաստաբանական գործունեությունս սկսել եմ 2012 թվականի հուլիսի 14-ից, երբ ես ստացա արտոնագիր: Առաջին տարում ինձ բաժին հասած գործերը բավականին բարդ ու խճճված գործեր էին։ Առաջին գործս միանգամից հնարավորություն տվեց զգալու փաստաբանի մասնագիտական գործունեության ամբողջ  ծանրությունը, հետաքրքրությունը, ու այդ գործից դուրս եկանք հաղթանակով, իհարկե, իմ գործընկերների հետ միասին: Փաստաբանն այն եզակի մասնագիտություններից է, երբ դու մարզիկի նման պարբերաբար կարող ես զգալ հաղթանակի բերկրանքը:   Ամեն դեպքում, ամեն տարվա իմ փորձն ապացուցում է, որ իմ կողմից կատարվել է մասնագիտական ճիշտ ընտրություն:      

-Ձեր կարծիքով ի՞նչ է պետք որակյալ և մրցունակ փաստաբան դառնալու համար։  

-Ընդհանրապես փաստաբանությունը առաջին հերթին աշխատասիրության ու կարգապահության   մասնագիտություն է: Մասնագիտական կարողություններն առաջնայինն են, բայց ամենաառաջնայինը՝ լինել կարգապահ և պատասխանատու:

Դու պետք է կարողանաս պատասխանատու լինես քո արածի համար, երբեք քո մեղավորությունը չբարդես «դատավորի կոռուպացված լինելու», դատավարական կողմի և դատավորի «բարեկամական» հարաբերությունների վրա, կարողանաս ընդունել քո սխալները, ընդունես, որ՝  այո, մի տեղ թույլ ենք եղել, դրա համար վատ վճիռ է եղել: Նաև պետք է նշեմ՝ մանսագիտական պարբերաբար աճը թույլ է տալիս շոկւայում մրցունակ լինել: Փաստաբանի դեպքում, եթե դու ինչ-որ մի պահ դադարես ինքնակրթվելուց, ինքնազարգանալուց, ուսումնասիրություններ կատարելուց, ինչ-որ մի պահ է գալու, որ դու շուկայից դուրս ես մնալու, որպես լավ ու առաջատար փաստաբան:

Դուք դասավանդում եք Ֆրանսիական համալասարանում, նաև ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետում, ասացեք խնդրեմ՝ ՀՀ-ում իրավաբանական կրթուրթյունն ինչ բացթողումներ ունի։  

 -Կրթության որակը բավականին փոփոխություններ է կրել իմ սովորելու տարիների հետ համեմատած, բայց էլի շարունակում է կրթուրթյունը հիմնականում հիմնված լինել տեսականի վրա, այսինք՝ մենք չենք կարող վստահորեն ասել, որ այսօր ուսանողը ավարտելով համալսարանը հենց վաղը կարող է մտնել աշխատաշուկա: Ամբողջությամբ աշխատաշուկայի պահանջներին բավարարող ուսանող դեռևս համալսարանը չի ավարտում:  Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր տարի ուսանողները պետք է ունենան որոշակի պրակտիկա, ժամաքանակ, իսկ մեր համալսարաններում դա միայն վերջին ուսումնական տարում են նշանակում, իսկ համալսարաններն էլ հնարավորություն չեն ունենում վերահսկելու  պրակտիկան:

 Բացատրեք, խնդրեմ՝ ի՞նչ տարբերություն իրավաբանի և փաստաբանի միջև։  

— Երկու դեպքում էլ նմանությունները շատ են, բայց փաստաբանը ավելի հանրային անձնավորություն է: Իրավաբանը ավելի լայն հասկացություն է: Իրավաբանը կարող է իրավաբանական խորհրդատվություն տալ: Փաստաբանի դեպքում՝ պատասխանատվության զգացումը ավելի է բարձրանում, որովհետև դու ամբողջ ինստիտուտ ես ներկայացնում՝ փաստաբանություն: Նմանությունները շատ են, տարբերությունների մասին խոսելիս՝ պետք է նշեմ, որ փաստաբանի գործունեությունը շուրջօրյա գործունեություն է՝ չկան հանգստյան օրեր, չունի աշխատանքային օրեր, ժամեր, սա հրատապության գործ է: Փաստաբանը ինքնաստեղծող է, փաստաբանի մոտ ինպրովիզացիան շատ բարձր մակարդակի է հասած: Դու երբեք չես կարող մտածել թե դատարանում քեզ ի՞նչ հարց կտան, ի՞նչ իրավիճակ կլինի և հստակ այդ հարցին ի՞նչ ձևով կպատասխանես:  Փաստաբանը նաև դերասան է․ կառավարել ու զսպել էմոցիաները։ Եթե նույնիսկ զգում ես, որ դատավարական գործընթացը գնում է ի վնաս քեզ, պետք է կարողանալ պահել ինքնատիրապետումը: Իրավաբան, եթե խոսում ենք իրավախորհրդատուների (որովհետև իրավաբան են դատավորները, դատախազները, քննիչները) մասին, ինքը կարող է ամբողջությամբ չխորանալ անձի հոգեկան վիճակի մեջ, բայց փաստաբանը ձեռք է բերում նաև հոգեբանի հմտություններ:

— Վարչական, քրեական, քաղաքացիական․․․  ո՞ր  ուղղվածությամբ եք հիմնականում  Դուք զբաղվում  

Ես ընտրել եմ քաղաքացիական, վարչական և ամուսնաընտանեկան: Այնքան լայն են ոլորտները, որ հնարավոր չէ  և՛ քաղաքացիականով, և՛ քրեականով բոլոր մանրամասնությունների ու նրբերանգների մեջ  խորանալ:

Ուսանողական տարիներին առավել մեծ սեր ու հետաքրքրություն էի տածում քաղաքացիաիրավական ուղղության նկատմամբ և դրանով էլ շարունակեցի հետագա մասնագիտական գործունեությունս, ապա դրան ավելացավ նաև վաչական իրավունքը: Ընդորում, ասեմ՝ Վարչական իրավունք-Վարչական դատավարություն՝ դրանք բոլորովին այլ ոլորտներ  ու դատավարությունններ են: Վարչական դատարանում հակառակ կողմում հիմնականում պետական մարմինն է լինում և երբեմն ավելի պրոֆեսիոնալ մակարդակով է անցնում այս դատավարությունը, քանի որ հիմնականում իրավաբաններ են մասնակցում և քաղաքացիների մասնակցությունը նվազագույնի է հասցված: Այս ոլորտում շատ հետաքրքիր քննարկումներ ու դատավարություններ են տեղի ունենում:

 Ինչպե՞ս քաղաքացին ճիշտ կողմնորոշվի փաստաբան ընտրելու հարցում։    

Փաստաբանների թիվը բավականին մեծ է, և չեմ կարող ասել, որ բոլոր փաստաբանները հավասարապես լուսաբանված են ԶԼՄ-ների կողմից: Փաստաբանների որոշակի հատված պարբերաբար, աղմկահարույց գործերով պայմանավորված կամ իր մասնագիտական ոճով պայմանավորված, հանրությանը ներկայանում է:  Քաղաքացուն խորհուրդ կտամ, որ գովազդին շատ ականջալուր չլինի: Առաջին հերթին փորձի ընտրել փաստաբանի, ում հանդեպ ինքն անձնական համակրանք ունի, քանի որ փաստաբան-վստահորդ հարաբերությունները նախ և առաջ անձնական հարաբերություններ են, որտեղ համակրանքը մեծ դեր է ունենում հետագա արդյունավետ համագործակցության համար: Նաև պետք է նշեմ, որ մինչև փաստաբանի հետ շփումը՝ ներկայումս ՓՊ-ն հնարավորություն է տալիս իր կայքի միջոցով ծանոթանալ տվյալ փաստաբանի գործունությանը․: Այսինք՝ քաղաքացին հնարավորություն ունի նախապես ճշտելու, տեղեկանալու, թե տվյալ փաստաբանը ի՞նչ կրթուրթյուն ու ի՞նչ մասնագիտացում ունի: Նաև պետք է նշեմ, որ մեր քաղաքացիներ մտածում են, որ փաստաբանը ինչքան տարիքով մեծ լինի այնքան ավելի փորձառու, սակայն դրա հակառակը վաղուց ապացուցվել է, որ մեր գործունեության դեպքում՝ փորձառությունն ու տարիքը էական չեն: րիտասարդ մասնագետներ ունենք,  որոնք մասնագիտական մեծ փորձ ունեն և ավելի շատ պատրաստված են:

— Փաստաբանի ծառայությունները բավականի թանկ արժեն:  Բացատրեք խնդրեմ՝ ինչպե՞ս է ձևավորվում փաստաբանական ծառայությունների արժեքը։

-Իրականում, երբ  համեմատում ենք այլ երկրների հետ, մեզ մոտ շատ մատչելի է փաստաբանի ծառայությունը: Մեր գնողունակության պայմանների առումով, այո՛, քաղաքացիների համար լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն է: Փաստաբանների պալատը սահմանել է ծառայության միջին գնացուցակ՝ զուտ կողմորոշման համար, դատարանների համար խորհրդատվական նպատակ ունի, որպեսզի, երբ  փաստաբանի խելամիտ վարձատրություն որոշեն, հաշվի առնեն նաև այն հանգամանքը, որ  Պալատը, օրինակ՝  ալիմենտի գործերով սահմանել է այսքան, գույքային գործերով այսքան․․․: Պետք է նշեմ, որ սա փաստաբանի համար պարտադրող չէ և փաստաբանն ազատ է որոշելու: Փաստաբանը առաջին հերթին հաշվի է առնում, որ ինքն իր ծախսերը պետք է վճարված գումարով փոխհատուցի, բացի դրանից փաստաբանը պետք է գնահատի իր մտավոր  աշխատանքը, որովհետև մենք  ծառայություններ ենք մատուցում, իսկ ծառայությունների մատուցումը նշանակում է ինչ-որ տեղ քո մտավոր ունակությունները «վաճառել» վստահորդին: Դու պետք է հասկանաս՝ ինչքա՞ն ես գնահատում քո աշխատանքը:

-Երբևէ դիմե՞լ եք ՄԻԵԴ և  ի՞նչ գործով:   

-Ես ինքս պրակտիկա չեմ ունեցել դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան, թեև նախորդ տարի գործընկերոջս հետ կազմեցինք դիմում, սակայն ներկայացուցիչն ինքն էր: Դեռևս չեմ դիմել, բայց ամեն դեպքում բացառված չէ:

— Դուք զբաղվում եք նաև հաշտարարությամբ։ Կանդրադառնա՞ք վեճի լուծման ալյընտրանքային այս տարբերակի առանձնահատկություններին։  

Այն նոր ինստիտուտ է Հայաստանում: Առաջին արտոնագրված հայտարարեներից մեկը նաև  ես եմ: Շատ հետաքրքիր ինստիտուտ է իրականում, ու ես շատ կցանկանամ, որ զարգանա մեր երկրում,  եթե նույնիսկ ինքս հաշտարար չլինեի։ Հաշտարարության դեպքում ֆինանսական միջոցները խնայվում են, քանի որ կարող է մեկ -երկու դատական նիստերից հետոտեղի ունենա հաշտարարություն։ ԵՎ շատ քիչ ֆինանսական միջոցներով, սուղ ժամանակում, նյարդեր խնայելով ստանում ես ոչ ի վնաս քեզ դատական ակտ:

Ես համարում եմ անբարեխղճություն այն փաստաբանի գործունեությունը, որը, տեսնելով հաշտության եզրերի հնարավորություն, զուտ իր մասագիտական շահի համար չի նպաստում, որպեսզի կողմերը գնան հաշտության: Հաշտարարը երբեք չի որոշում գործի ելքը, երբեք հաշտության տարբերակներ չի առաջարկում: Հաշտարարը մարդ է, որն օգնում է որպեսզի քաղաքացիները գան և նստեն մի սեղանի շուրջ և սկսեն բանակցել:

 Եվ վերջում, նկարագրեք խնդրեմ Ձեր աշխատանքայի մեկ օրը։

-Օրս սկսվում է առավոտյան ներկայանալով գրասենյակ․ առաջին հերթին ծանոթանում եմ նորություններին՝ շատ պարտադիր է առավոտյան ԶԼՄ-ների ընթերցումը: Հետագայում ուսումնասիրում եմ օրակարգս, որպեսզի հասկանամ արդյո՞ք դատական գործեր ունեմ, թե ոչ: Դատական գործերի առկայության պարագայում արդեն կենտրոնանում եմ դատական գործերիս վրա, ըստ ժամային հերթականության՝ սկսում եմ նախապատրաստվել նիստերին՝ ստուգել փաստաթղթերի առկայությունը: Օրվա երկրորդ կեսին արդեն սկսում եմ կազմել դատավարական փաստաթղթեր: Հետո ունենում եմ դասեր՝ պարբերաբար այցելում եմ համալսարաններ: Եվ հիմնականում աշխատանքային օրն ավարտում եմ երեկոյան ժամը 7-ին։ Լինելով ասպիրանտ՝ աշխատանքային օրվանից հետո շարունակում եմ աշխատել իմ թեկնածուական ատենախոսության վրա: Արդեն երեկոյան ժամը 9-ին ավարտում եմ հիմնական  մասնագտական գործունեությունը և դրանից հետո  փորձում  եմ կարճ ժամանակահատվածով նվիրվել ընտանիքին:

Հարցազրույցը՝ Ազնիվ Սիրադեղյանի