ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԽՈՐՀՐԴԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃԸ ԼՔԵԼՈՒ ՄԱՍՈՎ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) խորհուրդը, քննության առնելով փաստաբանների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցը, որոշում է կայացրել:

ՀՀ ՓՊ պաշտոնական հաղորգագրությունից.

Դատական կարգադրիչների կողմից փաստաբանների զննության հետ կապված հարցը բարձրացել է հիմնականում Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Գաբրիելյանի կողմից քննվող «Սասնա. Ծռեր» խումբ-14 անձ (թիվ ԵԷԴ/0050/01/17) և Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տ.Գրիգորյանի կողմից քննվողԺիրայր Սեֆիլյան և այլոք (թիվ ԵԱԴԴ/0028/01/17)  քրեական գործերով դատական նիստերից առաջ:

Փաստաբաններն ահազանգում էին, որ՝

-դատական կարգադրիչները փաստացի փորձում են խուզարկություն իրականացնել.

  • խտրական մոտեցում են ցուցաբերում դատախազների նկատմամբ և նրանց զննության չեն ենթարկում.
  • զննությունն իրականացվում է այնպիսի եղանակով, ինչը նվաստացնում է փաստաբանի մասնագիտական արժանապատվությունը:

Վերջին շրջանում, արձանագրվել են նաև դեպքեր, երբ քրեական գործերով պաշտպաններն առանց նիստը նախագահող դատավորի թույլտվության լքել են դատարանի դահլիճը:

Այս առիթներով, դատավորները դատական սանկցիաներ են կիրառել փաստաբանների նկատմամբ՝ դիմելով ՀՀ փաստաբանների պալատին:

  1. ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃԸ ԼՔԵԼՈՒ ՄԱՍՈՎ ՊԱԼԱՏԻ ԽՈՐՀՐԴԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը, դատական նիստերի դահլիճն առանց նախագահող դատավորի թույլտվության լքելու դեպքերի մասով, սահմանափակվում է խորհրդի նմանատիպ իրավիճակներում կայացված որոշումներով մոտեցումները ներկայացնելով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ փաստաբանների պալատը ստացել է դատական սանկցիաներ՝ փաստաբանների կողմից դահլիճն առանց նախագահողի թույլտվությամբ լքելու դեպքերի վերաբերյալ, և այդ գործերը քննելիս՝ խորհուրդը որոշումներ է կայացնելու հաշվի առնելով յուրաքանչյուր գործի փաստերը:

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը նախկինում քննելով դատական նիստերի դահլիճը փաստաբանների կողմից առանց նախագահող դատավորի թույլտվությամբ լքելու վերաբերյալ գործերը՝ հարուցված դատական սանկցիայի հիմքով, հիմնականում ընդունել է պայմանականորեն երեք տեսակի բաժանվող որոշումներ՝

  1. Փաստաբանի նկատմամբ կիրառել է տույժ՝ դահլիճը լքելու համար.
  2. Կարճել է կարգապահական վարույթը, քանի որ դատավորը դատական սանկցիայի որոշումը չի կայացրել փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառելու համար օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ.
  3. Կարճել է կարգապահական վարույթը, քանի որ փաստաբանի կողմից դահլիճ լքելը համարել է հարգելի և միակ հնարավոր ընդունելի միջոցը՝ դատավորի ոչ օրինական գործողությունների դիմաց:
  1. Փաստաբանի նկատմամբ կիրառված տույժերի մասով.

Ա. ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը (նախագահող՝ Ռուբեն Սահակյան[1], զեկուցող խորհրդի անդամը պարզ չէ) 16.11.2009թ. թիվ 29/1-Ա որոշմամբ փաստաբան Սեդա Սաֆարյանին ենթարկել է կարգապահական պատասխանատվության, այն բանի համար, որ փաստաբանը «..խոչընդոտել է դատական նիստի բնականոն ընթացքը և առանց նախագահողի թույլտվության լքել է դատական նիստերի դահլիճը: Հետևաբար, նրա արարքում առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի, Փաստաբանի վարքագծի կանոնագրքի և Պալատի կանոնադրության պահանջների խախտման հատկանիշներ:»: Այս գործով Պալատի խորհուրդը այսպիսի դիրքորոշում է հայտնել՝ «Պալատի խորհուրդն արժանահավատ չի համարում նաև փաստաբան Ս.Սաֆարյանի բացատրություններն այն մասով, որ նշված դատական նիստում ամբաստանյալ Նշան Հարությունյանը հրաժարվել է իր պաշտպանից, քանի որ դատական նիստի արձանագրությունում նման փաստ արձանագրված չէ, իսկ եթե նույնիսկ ամբաստանյալը հայտարարեր պաշտպանից հրաժարվելու մասին, ապա դա իրավունք չէր վերապահում պաշտպան Սեդա Սաֆարյանին լքել դատական նիստերի դահլիճը, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ պաշտպանը դադարում է որպես այդպիսին մասնակցել քրեական գործով վարույթին, եթե քրեական վարույթն իրականացնող մարմինը, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում, ընդունել է կասկածյալի կամ մեղադրյալի հրաժարումը պաշտպանից, որպիսի փաստը ևս կարգապահական գործում առկա է և Պալատի խորհրդի կողմից ձեռք բերված ապացույցներով չի հաստատվել: Հետևաբար, ….դատական նիստի ընթացքում դատական նիստի դահլիճը լքելու պահին փաստաբան Ս.Սաֆարյանը շարունակել է հանդիսանալ ամբաստանյալ Ն.Հարությունյանի պաշտպանը, ուստի գտնվել է վերը շարադրված ակտերով սահմանված պարտականությունների տիրույթում:»:

Բ. ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը (նախագահող՝ Ռուբեն Հակոբյան) 22.02.2013թ. թիվ 7-ԿԳ/1-Ա որոշմամբ փաստաբան Էմին Խաչատրյանին ենթարկել է կարգապահական պատասխանատվության, այն բանի համար, որ փաստաբանը «….դատական նիստի ընթացքում, լսելով նախագահող դատավորի հայտարարությունն առ այն, որ դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ պաշտպանի ներկայացրած ինքնաբացարկ հայտարարելու մասին միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար, առանց նախագահողի թույլտվության, մինչև ընդմիջում հայտարարելը, առանց հարգելի պատճառի լքել է նիստերի դահլիճը և դատարանի շենքը՝ առանց այդ մասին նախագահողին գրավոր կամ բանավոր կարգով տեղեկացնելու և լքելու պատճառների մասին իրազեկելու: Նման գործողություններով Պատասխանող Էմին Խաչատրյանն ակնհայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել Դատարանի և դատավարության մասնակիցների նկատմամբ՝ ձախողելով դատական նիստը:»:

  1. Դատավորի կողմից դատական սանկցիա կիրառելու համար օրենքով նախատեսված պահանջների խախտմամբ որոշում կայացնելու հիմքով փաստաբանի նկատմամբ վարույթը կարճելու մասով.

Ա. ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը (նախագահող՝ Ռուբեն Սահակյան, զեկուցող՝ խորհրդի անդամ Մելանյա Առուստամյան) 25.02.2010թ. թիվ 5/2-Ա որոշմամբ փաստաբան Կրոմվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կարճել է այն հիմքով, որ՝ դատական սանկցիա կիրառելու մասին պատշաճ որոշում չի կայացվել: Խորհուրդը գտել է, որ՝ «… ՀՀ քր. դատ. օր. 314.1-րդ հոդվածի 7-րդ մասը՝ փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառելու համար նախատեսում է երեք պահանջ՝

  1. Դատարանը սանկցիա կիրառելու մասին որոշումը պետք է կայացնի նույն դատական նիստում,
  2. Դատարանը սանկցիա կիրառելու մասին պետք է կայացնի առանձին որոշում՝ կոնկրետ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար ՀՀ փաստաբանների պալատ դիմելու մասին,
  3. Դատարանը պետք է դիմի ՀՀ փաստաբանների պալատին՝ իր կողմից կայացրած առանձին որոշումը ՀՀ փաստաբանների պալատին հանձնելու միջոցով:»:

Բ. ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը (նախագահող՝ Ռուբեն Սահակյան, զեկուցող՝ խորհրդի անդամ Արա Զոհրաբյան) 04.04.2011թ. թիվ 7/10-Ա որոշմամբ փաստաբաններ Լուսինե Գրիգորյանի, Վաղարշակ Գևորգյանի, Անահիտ Ավետիսյանի, Ռուբեն Ռշտունու և Համլետ Մկրտչյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կարճել է այն հիմքով, որ՝

«1. դատավորը դատական սանկցիայի որոշումը կայացրել է դատական նիստերի դահլիճում՝ մեղադրողի ճառից անմիջապես հետո.

  1. դատավորն առանձին ակտի ձևով որոշում չի հրապարակել:»:

Խորհուրդը վկայակոչել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերի և 3141 հոդվածի 7-րդ մասի պահանջները գտել է, որ «..փաստաբանի նկատմամբ կիրառվող վերոհիշյալ սանկցիայի վերաբերյալ որոշումը դատարանը պարտավոր էր կայացնել խորհրդակցական սենյակում առանձին փաստաթղթի ձևով շարադրելով:»:

  1. Փաստաբանի նկատմամբ վարույթը կարճելու մասով.

Ա. ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը (նախագահող՝ Ռուբեն Սահակյան, զեկուցող՝ խորհրդի անդամ Արա Զոհրաբյան) 12.11.2008թ. թիվ 22/11-Ա որոշմամբ փաստաբաններ Արա Զաքարյանի, Արթուր Գրիգորյանի և Դիանա Գրիգորյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կարճել է ըստ էության այն հիմքով, որ՝ նշված քրեական գործով դատավորի ոչ օրինական գործողություններն այլընտրանք չեն թողել փաստաբաններին: Պալատի խորհուրդը նշել է հետևյալը՝ «..Ինչպես կարող է դատավորը կողմերին ուղարկել որոշում, իսկ դրանից մոտ 50 օր անց, երբ համոզվելով, որ ուղարկված որոշումն իր մեջ լուրջ թերություն է պարունակել, հայտարարել, որ իր մոտ այդ նույն ամսաթվով մեկ այլ որոշում էլ կա, սակայն այլ բովանդակությամբ:.. Դատավորի գործողությունների արդյունքում խախտվում են փաստաբանության անկախության և օրինապահության սկզբունքները: Փաստաբանը ստիպված է լինում դահլիճը լքելու միջոցով առարկել դատավորի ոչ օրինական գործողությունների դեմ:»:

Պալատի խորհուրդը հայտնել է նաև հետևյալ դիրքորոշումը՝

«Պալատի խորհուրդը միաժամանակ գտնում է, որ փաստաբանները իրավունք չունեն առանց նախագահող դատավորի թույլտվության լքելու դատական նիստերի դահլիճը և պարտավոր են հարգանք դրսևորել դատավորի և դատավարության մյուս մասնակիցների նկատմամբ: Այս մոտեցումից շեղումը կարող է առաջացնել կարգապահական պատասխանատվություն, բացառությամբ, երբ առկա կլինեն ծանրակշիռ պատճառներ:»:

Բ. ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը (նախագահող՝ Ռուբեն Սահակյան, զեկուցող՝ խորհրդի անդամ Հայկ Ալումյան) 26.05.2009թ. թիվ 12/1-Ա որոշմամբ փաստաբաններ Լ.Սիմոնյանի, Հ.Արսենյանի, Մ.Առուստամյանի, Ս.Ոսկանյանի և Վ.Էլբակյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կարճել է ըստ էության այն հիմքով, որ՝ նշված քրեական գործով դատավորի ոչ օրինական գործողություններն այլընտրանք չեն թողել փաստաբաններին:

Պալատի խորհուրդը նշել է՝ «Գնահատելով փաստաբանների փաստարկները, Խորհուրդը անհրաժեշտ է համարում իր դիրքորոշումն արտահայտել քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի այն դրույթի վերաբերյալ, որ պաշտպանն իրավունք չունի կատարել պաշտպանյալի շահերին հակասող որևէ գործողություն: Խորհուրդը գտնում է, որ այս նորմը չի կարող տարածական մեկնաբանություն ունենալ՝ այն չի կարող մեկնաբանվել այնպես, որպեսզի պարտադրի պաշտպանին անվերապահորեն հետևել իր պաշտպանյալի բոլոր ցանկություններին կամ քմահաճույքներին: Այնուամենայնիվ, եթե խոսքը գնում է քրեական գործով վարույթի հետ կապված վստահորդի շահերին, և այդ շահերը օրինական են, ապա պաշտպանը բոլոր դեպքերում կրում է պարտականություն՝ չկատարել իր վստահորդի շահերին հակասող գործողություն:»:

Խորհուրդն արձանագրելով՝ դատարանի աշխատանքային շաբաթվա 4 օրերին դատական նիստեր նշանակելու վարքագիծը՝ ամբաստանյալների հեռացված լինելու պարագայում, որը նաև հնարավորություն չի ընձեռում ՔԿՀ-ներում գտնվող ամբաստանյալների և պաշտպանների ողջամիտ տեսակցությունը, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1 հոդվածի փոփոխությունները նույն օրենսգրքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն գործող վարույթի վրա ոչ իրավաչափ տարածելու դատավորի վարքագիծը, այլև քրեական գործում 300 թերթից բաղկացած ևս մեկ հատորի՝ պաշտպանության կողմին ծանոթացման ներկայացված չլինելու հանգամանքները, խախտում չի որակել փաստաբանների կողմից դահլիճը լքելու վարքագիծը:

Ամփոփելով վերոգրյալը, ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը գտնում է, որ փաստաբանի կողմից Փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջները խախտելու դեպքում, վնասվում է ողջ փաստաբանության հեղինակությունը, և եթե ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը իրավական օբյեկտիվ գնատական չտա փաստաբանի վարքագծին, ապա դրանով իսկ կվտանգի փաստաբանության ինքնակառավարումը և անկախությունը:

ՀՀ փաստաբանների պալատի խնդիրներից է պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում: Այս խնդիրն իրագործելու համար ՀՀ փաստաբանների պալատը ստեղծել է նաև Փաստաբանի իրավունքների պաշտպանության հանձնաժողով և Արագ արձագանքման հանձնախումբ, ինչպես նաև ակտիվ գործարկում է ակումբի (համատեղ քննարկումների) հարթակը:

Հաշվի առնելով նաև ՄԻԵԴ վերոհիշյալ դիրքորոշումը, ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը կոչ է անում փաստաբաններին՝ իրենց վստահորդներին պաշտպանելու հարցում դրսևորել համարձակություն, սկզբունքայնություն և բարեխղճություն՝ պահպանելով Փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջները:

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ.

Ելնելով վերոգրյալից,

ղեկավարվելով «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի պահանջներով,

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը, միաձայն

Ո Ր Ո Շ Ե Ց`

  1. Փաստաբաններին զննության ենթարկելու դեպքերի մասով՝
    • Արձանագրել, որ՝
  • Փաստաբանները քրեական գործերով արդարադատության կայացման հարցում կարևոր և անփոխարինելի սուբյեկտներ են և պետական ծառայողները պարտավոր են փաստաբանների նկատմամբ ցուցաբերել հարգալից վերաբեմունք՝ ղեկավարվելով փաստաբանի բարեխղճության կանխավարկածով.
  • Առանց հատուկ սարքերի փաստաբանին զննելու համար դատական կարգադրիչը պետք է ունենա իրավական և փաստական հիմքեր.
  • Փաստական հիմքը կարող է լինել այն դեպքում, երբ կա ողջամիտ կասկած, որ փաստաբանը կարող է օրենքով արգելված իրեր տեղափոխել.
  • Անթույլատրելի է զննություն կատարելիս դրսևորել խտրական վերաբերմունք փաստաբանների նկատմամբ.
  • Զննությունը չի կարող փաստացի վերածվել խուզարկության կամ ստեղծել փաստաբանական գաղտնիքի հրապարակման վտանգ կամ փաստաբանի համար նվաստացուցիչ պայմաններ.
  • Անթույլատրելի է դատարանի և դատական կարգադրիչների կողմից՝ փաստաբանի մասնագիտական գործունեության իրականացման համար անհրաժեշտ իրերը, այդ թվում՝ անվտանգ տարայով խմելու ջուրը, տեղափոխելու արգելքը:
  • Առաջարկել ՀՀ դատական դեպարտամենտին՝
  • Զննությունը կատարել տեխնիկական միջոցներով (սկանավորմամբ)՝ առանց փաստաբաններին լրացուցիչ անհարմարություն պատճառելու.
  • Փաստական հիմքի առկայությամբ փաստաբանի պայուսակի պարունակությունը զննելու դեպքում (եթե փաստաբանը համաձայնվել է անձամբ ցույց տալ պարունակությունը՝ առանց փաստաթղթերի բովանդակությունը բացահայտելու), փաստաբանի պահանջի դեպքում, զննությունը կատարել առանձին սենյակում՝ համապատասխան սեռի դատական ծառայողների և ընթերակաների մասնակցությամբ՝ արդյունքների վերաբերյալ կազմելով արձանագրություն երկու օրինակից (մեկ օրինակը հանձնելով փաստաբանին).
  • դատական կարգադրիչներին հրահանգել, որ փաստաբանի պայուսակը կամ այլ իրը զննելու դեպքում, դատական կարգադրիչն իրավասու չէ՝ ա) ինքնուրույն որոնողական գործողություններ կատարել, այդ թվում՝ բացել պայուսակը կամ տեղաշարժել պայուսակի մեջ գտնվող իրերը, և բ) որևէ փաստաթղթի բովանդակությանը ծանոթանալ:
  1. Կոչ անել փաստաբաններին՝ իրենց վստահորդներին պաշտպանելու հարցում դրսևորել համարձակություն, սկզբունքայնություն և բարեխղճություն՝ պահպանելով Փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջները:
  2. Ընդունել ի գիտություն, որ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջներին համապատասխան գործող փաստաբանն ունի փաստաբանի գործունեության պաշտպանության օրենքով սահմանված երաշխիքները և ՀՀ փաստաբանների պալատի լիարժեք աջակցությունը:
  3. Հանձնարարել ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարին` սույն որոշումն ուղարկել ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին և ապահովել որոշման հրապարակումը ՀՀ փաստաբանների պալատի կայքում:

Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի խորհրդի նախագահ`   Արա Զոհրաբյան

21.07.2017