Ցվետկովան և ուրիշներն ընդդեմ Ռուսաստանի

Դիմումատուները՝ Սվետլանա Ցվետկովան, Ալեքսանդր Բգանցևը, Պավել Անդրեևը, Ալեքսեյ Դրագոմիրովը, Վիկտոր Տորլոպովը և Կիրիլ Սվետլովը, ազգությամբ ռուս են, ծնվել են համապատասխանաբար 1972, 1958, 1989, 1980, 1963 և 1990 թվականներին, ապրում են Ռուսաստանում։ Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքներին՝ վարչական իրավախախտումներ կատարելու պատճառով նրանց նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

2008 թվականից մինչև 2015 թվականն ընկած ժամանակաշրջանում Դիմումատուներին մի քանի անգամ ուղեկցել են ոստիկանության բաժիններ, որտեղ նրանք ձերբակալված են եղել տարբեր ժամկետներով, իսկ հետո ազատ են արձակվել կամ դատապարտվել են վարչական կալանքի։ Դիմումատու Ցվետկովային ձերբակալվածներին պահելու վայրում պահել են 5 ժամ, իսկ Անդրեևին՝ 40 ժամ։

Բոլոր Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) խախտում։ Դիմումատուներ Անդրեևը, Դրագոմիրովը և Տորպոլովը բողոքել են նաև, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի (հայցի ուժով օժտված փոխհատուցման իրավունք) խախտում։ Դիմումատու Բգանցևն առանձին բողոքել է ձերբակալվածներին պահելու վայրի վատ պայմանների մասին և նշել է, որ իր նկատմամբ տեղի է ունեցել կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում) խախտում և 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտում։ Դիմումատու Սվետլովն իր հերթին բողոքել է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի (արդար դատաքննության իրավունք/անմեղության կանխավարկածի սկզբունք) խախտում և թիվ 7 Արձանագրության 2-րդ հոդվածի (քրեական գործերով գանգատարկման իրավունք) խախտում։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում և 13-րդ հոդվածի խախտում Բգանցևի նկատմամբ ( ձերբակալման վատ պայմանների վերաբերյալ), 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ Դիմումատուներ Ցվետկովայի, Բգանցևի, Անդրեևի և Տորլոպովի նկատմամբ (նրանց ոստիկանության բաժին տանելու և ձերբակալելու վերաբերյալ), 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ Դրագոմիրովի նկատմամբ (վարչական կալանքի տուգանքի նշանակման վերաբերյալ), 5-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում՝ Անդրեևի նկատմամբ և թիվ 7 Արձանագրության 2-րդ հոդվածի խախտում՝ Սվետլովի նկատմամբ։

Դիմումատուների հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Ռուսաստանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցման համար վճարել 3.600 եվրո Բգանցևին, 3.300 եվրո՝ Անդրեևին, 3.000 եվրո Ցվետկովային, 3.000 եվրո՝ Տորլոպովին, 1.500 եվրո՝ Դրագոմիրովին և 1.000 եվրո՝ Սվետլովին։ Ռուսաստանը պարտավոր է նաև դատական ծախսերի փոխհատուցման համար վճարել 3.000 եվրո Բգանցևին, 150 եվրո՝ Սվետլովին և 50 եվրո՝ Ցվետկովային։

Հետևյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։