«Ցույցի մասնակիցների կողից կոչեր չեմ լսել՝ միայն հայհոյանքներ էին լսվում». Անդրիաս Ղուկասյանի գործով վկա 

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների նստավայրում, դատավոր Արշակ Վարդանյանի  նախագահությամբ շարունակվեց Արնդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստը։ 

Այսօր շարունակվեց վկաների հարցաքննությունը: Նիստին ներկայացել էր միայն վկաներից Հենրիկ Գաբրիելյանը, ով  դեպքի օրը՝  2016 թվականի հուլիսի 29-ին ծառայություն է իրականացրել Երևանի Խորենացի փողոցում:

Ըստ ցուցմունքի՝ այդ օրը բախում է սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև՝ Սարի թաղում և իր հրամանատարը իրեն մի խումբ ոստիկանների հետ ցուցում է տվել բարձրանալ Սարի թաղ:

Ամբաստանյալ Անդրիաս Ղուկասյանի այն հարցին թե դեպքի վայրում կային արդյո՞ք քաղաքացիական հագուստով ոստիկաններ, վկան պատասխանեց, որ ինքը չի նկատել և տեղյակ չէ:

Հենրիկ Գաբրիելյանը պատմեց նաև, որ ոստիկանները դեպքի վայր գնացել են ովտոբուսներով, սակայն ավտոբուսների հստակ թվաքանակ չկարողացավ նշել:

«Մեզ ցուցում էին տվել, որ բերման ենթարկել այն ցուցարարները ովքեր չեն ենթարկվի: Ցուցարարները քարեր բոլոր ուղություններով էլ նետում էին»,- պատմեց վկան, մանրամասնելով, որ ցուցարարներից իր մեջ տպավորվել է միայն Հովհաննես Ղազարյանի, քանի որ նախկինում նրան տարբեր ցույցերի ժամանակ տեսել է:

Ամբաստանյալի այն հարցին, թե  Հովհաննես Ղազարյանը եթե քարեր է նետել ոստիկանների վրա, ապա  ինչո՞ւ վերջինիս բերման չեն ենթարկել, վկան պատասխանեց, որ մոտենում էին առաջին պատահածին և բերման ենթարկվում. «Ես հո չէի ընկնելու մեկի հետևից»:

Քաղաքացիների քարերով հարվածելու արդյունքում տուժած ոստիկանների մասին հարցին վկան ասաց, որ հստակ չի հիշում թե ովքեր են տուժել. անձամբ ինքը չի տուժել, բայց իր հետ եղածներից մի քանիսը տուժել են:

Վկան չէր հիշում նաև այդ օրը իր հետ ծառայություն իրականացրած ընկերներին:

Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեջլումյանի այն հարցին, թե արդյոք վկան տեսել է՝ ինչպես  են ավելի քան 100 քաղաքացու և 15 լրագրող ծեծի ենթարկվում ոստիկանների կողմից, վկան պատասխանեց, որ ինքը ոչ մեկի ծեծի չի ենթարկել:

«Ցույցի մասնակիցների կողից կոչեր չեմ լսել՝ միայն հայհոյանքներ էին լսվում»,-պատմեց Հենրիկ Գաբրիելյանը, հավելելով, որ դեպքի օրը ամբաստանյալ Անդրիաս Ղուկասյանին չի տեսել:

Այսպիսով, վկայի հարցաքննությունը ավարտվեց, իսկ մեղադրող Պետրոս Պետրոսյանը արդար դատաքննություն իրականացնելու նպատակով միջնորդեց վկաներից՝ Անաստաս Ղլեչյանին և Տիգրան Մկրտչյաին ծանուցել: Պաշտպանական կողմը ավելացրեց նաև վկա Ռոբերտ Անանյանին, իսկ դատավորն էլ իր հերթին՝ Իշխան Վարդանյանին: Վերոնշյալ անձինք ցուցմունք կտան հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա փետրվարի 6-ին:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 29-ին, Երևան քաղաքում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաև փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ և բուժաշխատակիցներ պատանդ վերցրած  զինված խմբին: Զինվել է, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք է  կրել, պահել և խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել է պահել զավթածն ու պատանդներին: