«Ցմահ ազատազրկված չի նշանակում ավելի սարսափելի հանցագործություն կատարած, քան ավելի մեղմ պատիժ կրածները». Ավետիք Իշխանյան

Ցմահ դատապարտյալների խնդիրների, վաղաժամկետ ազատման, կատարած հանցագործությունների և մի շարք այլ հարցերի մասին Legalinfo.am–ը զրուցել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ: 

-Ի՞նչ պայմաններում են այսօր գտնվում ցմահ դատապարտյալները քրեակատարողական հիմնարկներում և ինչպիսի՞ խնդիրներ ունեն:

-Եթե խոսենք պահման պայմանների մասին, ապա պետք է ասեմ, որ մոտավորապես 2000-ական թվականներից ցմահ ազատազրկվածների պայմաններն էականորեն բարելավվել են: Մինչ այդ նրանք մահապատժի էին դատապարտվում, և կան բազմաթիվ հրապարակումներ և հիշողություններ այն ժամանակվա մահապատժի դատապարտվածների մասին, թե ինչ անմարդկային և անտանելի պայմաններում էին պահվել և ինչպիսի խոշտանգումներ են կիրառվել նրանց նկատմամբ: 2000-ական թվականներից սկսած՝ քայլ առ քայլ բարելավվեց նրանց պահման պայմանները և այսօր, հաշվի առնելով Հայաստանի ընդհանուր ազատազրկվածների պահման պայմանները, ապա ցմահ ազատազրկվածների պահման պայմանները որոշ դեպքերում նույնիսկ շատ ավելի բարվոք են, քան այլ ազատազրկվածների պայմանները: Եթե առաջ նրանք միայն պահվում էին ‹‹Նուբարաշեն›› քրեակատարողական հիմնարկում, այսօր նաև՝ ‹‹Արմավիրում››, որտեղ պայմաններն էականորեն ավելի լավն են: Պահման պայմանների հետ կապված՝ լուրջ խնդիրներ ցմահ ազատազրկվածները չունեն:

Իսկ, եթե խոսենք մյուս խնդիրների մասին, ապա Հայաստանում դրանք բազմաթիվ են: Առաջինը՝ 2003 թվականին, երբ Հայաստանում ընդունվեց նոր քրեական օրենսգիրքը, դրա հետ կապված խնդիրներն են, որովհետև արդեն Եվրոպայի խորհրդի պահանջն էր, որպեսզի Հայաստանում դե յուրե վերցավեր  մահապատիժը և մահապատժի փոխարեն նոր քրեական օրենսգրքում՝ որպես առավելագույն պատիժ սահմանվեց ցմահ դատապարտումը, և դրան հետևեց նախագահի հրամանագիրը, որով նա մինչ այդ մահապատժի դատապարտվածներին ներում շնորհեց և իր իսկ հրամանագրով նրանց տվեց ցմահ ազատազրկում: Այստեղ միանգամից եղավ իրավական կազուս, որովհետև, եթե նախագահը որևէ բան չաներ, քանի որ արդեն նոր իրավիճակ էր ստեղծվել, ապա դատարանները  պետք է վերանայեին մահապատժի դատապարտվածների գործերը և չի բացառվում, որ նրանց բոլորի դատավճիռը փոխվեր ցմահի, բայց, երբ ներում շնորհեց նախագահը՝ արդյո՞ք նա իրավասություն ուներ նաև նրանց տալու ցմահ ազատազրկում: Մահապատժի դատապարտվածներին ներում շնորհելու դեպքում նախկին քրեական օրենսգրքում նախատեսվում էր նրանց դատավճիռը վերանայել և փոխել դատավճիռը 15 տարով, երբեմն 20 տարով: Այսինքն՝ տվյալ դեպքում նախագահի հրամանագրի 2-րդ մասն իրավական չէր, բայց քանի որ մեզ մոտ դատարաններն անկախ չեն, որևէ դատարան չհամարձակվեց վիճարկել նախագահի հրամանագիրը և 42 մահվան դատապարտվածների հարցն իրավական տեսակետից եղավ անօրինական և մնաց օդից կախված:

Երկրորդը՝ տեղի ունեցավ 2011 թվականին, երբ քրեական օրենսգրքում փոփոխություն մտցվեց, որով ավելացավ պատժի տեսակ՝ 20 տարի, համակցված հանցագործությունների դեպքում՝ 25 տարի: 15 տարվա և ցմահի մեջ եղած ճեղքը լրացվեց միջանկյալ պատժատեսակներով: Այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հենց դրանով էլ բացատրեց, որ ճեղքվածքը շատ մեծ է 15 տարվա և ցմահի միջև, այդ պատճառով դատարանները դժվարությամբ են կողմնորոշվում այդ ճեղքվածքի մեջ՝ 15 տարի տալ, թե՞ ցմահ: Կարելի է ողջունելի համարել այդ փոփոխությունը, բայց միանգամից հարց է ծագում, չէ որ սա նոր երևան եկած հանգամանք է, եթե այդ օրենքը նախկինում գործեր, ապա գուցե ցմահ դատապարտվածներից և մահապատժի դատապարտվածներից շատերին տրվեր 20 կամ 25 տարի, հետևաբար, նրանց գործերը պետք է վերանայվեին: Բայց նրանց բոլոր փորձերին վերնայալելու իրենց գործերը՝ դատարանները պատասխան էին տալիս, որ այս օրենքը խստացման բնույթ ունի և ոչ թե մեղմացման, որն ընդհանրապես իրավական տեսակետից  ծիծաղելի է, որովհետև, եթե 15 տարվա դատապարտված լիներ, բնական է, որ նրա համար կլիներ խստացնող, բայց հակառակ դեպքում մեղմացնող էր:

Երրորդ խնդիրն այն է, որ ցմահ ազտազրկվածը պետք է հույս ունենա վաղաժամկետ ազատվելու և մեր օրենսդրությունը նախատեսում է դա՝ 20 տարի հետո կարող է վաղաժամկետ ազատվել: Բայց դեռևս նախադեպ չկա, որ որևէ  ցմահ ազատազրկված 20 տարի հետո վաղաժամկետ ազատվի: Պատճառները բազմաթիվ են լինում՝ հանկարծ նրանց մոտից հեռախոս են գտնում, որը տույժ է համարվում կամ նրանց առաջարկվում է, որ այս անգամը չդիմի, որովհետև, եթե դիմի և բացասական կարծիք ստանա, ապա հետո բավական ուշ կկարողանան նորից դիմել և այլ:

Իսկ չորրորդ խնդիրն այն է, որ մեր օրենսդրությունը նախատեսում է , որ նոր երևան եկած հանգամանքերով Վճռաբեկ դատարանը կարող է գործը վերաբացել: Բերեմ 2 օրինակ, մեկը հանգուցյալ Սողոմոն Քոչարյանի գործով էր, երբ այն ժամանակվա դատախազը հայտարարեց, որ դա եղել է միջազգային ճնշում, որպեսզի նրան մահապատժի դատապարտեն, որովհետև նրա արարքը չէր համապատասխանում մահապատժի հետ և սա կարելի էր դիտել որպես նոր երևան եկած հանգամանք, սակայն դատարանը մերժեց դա: Երկրորդ դեպքը Արթուր Մկրտչյանի գործով, երբ նա մեղադրվում էր 5 հոգու սանության մեջ և այն ժամանակվա զինվորական դատախազն ասաց, որ նա սպանել է 3-ին, ոչ թե 5-ին: Սա նույնպես նոր երևան եկած հանգամանք որպես չդիտարկվեց դատարանում:

Այսպիսով 4 տիպի ոչ իրավական լուծումներ կատարվել են ցմահների նկատմամբ, և ես վստահաբար կարող եմ ասել, որ սա եղել է քաղաքական  որոշում, որպեսզի ցմահ ազատազրկվածներից որևէ մեկը, որևէ ձևով չազատվի: Ցավոք սրտի սա է մեր իրականությունը:

-Ինչո՞ւ մեզ մոտ չկա նախադեպ ցմահ դատապարտյալների վաղաժամեկտ ազատման հետ կապված:

-Ընդհանրապես վաղաժամկետ ազատման մեխանիզմը Հայաստանում կարելի է ասել, որ լիարժեք չի իրականացել: Ժամանակին վաղաժամկետ ազատման մեխանիզմը հետևյալն էր, որ քրեակատարողական հիմնարկը ներկայացնում է վաղաժամկետ ազատվածների ցուցակը՝ ըստ իր հայեցողությամբ, և դա միանգամից գնում էր դատարան: Հետագայում այդ ազատումը դարձավ եռաստիճան՝ այպես ասած անկախ հանձնաժողովներ և դատարան: Վիճակագրության համաձայն չնչին մարդիկ էին, որ վաղաժամկետ ազատվում էին և պատճառաբանություն որպես այդպիսին այդ անկախ հանձնաժողովը չէր տալիս: Ես կարծում եմ այստեղ խնդիրը վաղաժամկետ ազատման մեխանիզիմի չաշխատման մեջ է, որը նույնպես քաղաքական հարթության մեջ է: Այդ հանձնաժողովներում մեծամասնություն էին կազմում  ուժային կառույցների ներկայացուցիչները՝ ոստիկանություն, դատախազություն և այլն, որոնք ունեն պատժիչ հոգեբանություն: Պատժիչ հոգամաբնությամբ անձինք ազատազրկվածներին մեջ միշտ տեսնում են որպես հանցագործ, ոչ թե որպես մարդ: Դա հոգեբանություն է ոչ միայն Հայաստանում:

-Արդյո՞ք ցմահ դատապարտվածների կատարած հանցագործություններն այդքան մեծ են, և նրանք այդքան վտանգավոր են հանրության համար, որ նրանց չի տրվում վաղաժամկետ ազատման, կամ գործերի վերաբացման հնարավորություն:

-Ինչպես նշեցի, դա եղել է քաղաքական որոշում, բայց, ընդհանրապես, այդ հոգեբանությունը, ցավոք սրտի, կա նաև  հասարակության մեջ, և ցմահ ազատազրկվածներին համարում են սարսափելի ինչ-որ անձինք, որոնք գործել են ահավոր սարսափելի հանցագործություն: Նախ, եթե ուսումնասիրում ենք ցմահ  ազատազրկվածների գործերը, այնտեղ բազմաթիվ գործեր կան, որ ընդհանրապես իրենք սպանությանը մասնակից չեն էլ եղել: Կան բազմաթիվ մարդիկ, որոնք մի հոգու սպանությամբ են մեղադրված, եղել է, որ մի ցուցմունքով է անձը դատապարտվել: Մի շատ կարևոր խնդիր կա, որ Հայաստանում չեն պահվում իրեղեն ապցույցները, որպեսզի հետագայում նոր երևան եկեած հանգամանքներով գործերը վերանայվեն: Հայաստանում գործել է ընտրովի արդարադատություն և շատ ավելի  ծանր հացագործություն կատարած մարդն անզգուշությամբ սպանելու կամ ինքնապաշտպանության հոդվածով ազատվել է կամ ընդհանրապես չի դատվել, կամ ներում է շնորհվել և այլն: Եթե համեմատության մեջ դնենք, ապա շատ ավելի ծանր հանցագործություններ կատարածները ազատության մեջ են հայտնվում, քան նրանք որոնք ցմահ ազատազրկված են: Մեր հասարակության մեջ շատ կարծրատիպային մտածողություն կա և բոլորովին չի նշանակում, որ եթե նա ցմահ ազատազրկման է դատապարտված, ապա նա  ավելի սարսափելի երևույթ է, քան ավելի մեղմ պատիժ կրակծները, ավելին ասեմ՝ ազատության մեջ գտնվողները:

-Ցմահ դատապարտյալներից շատերը պնդում են, որ իրենք կնախընտրեին մահապատիժը, քան ցմահ ազատազրկումը: Ի՞նչ կասեք այս մասին, արդյո՞ք ցմահ ազատազրկումն ավելի մարդասիրական է, քան մահապատիժը:

-Ամեն դեպքում ցմահ ազատազրկման դեպքում մարդը միշտ հույս ունի և մարդու համար ամենակարևոր հարցը կյանքն է: Այդ տեսակետից գուցե նրանց մեջ անկեղծ մարդիկ կան, որոնք ասում են, որ մահապատիժն  ավելի լավ է, քան ցմահը, բայց դա իրենց անձնական կարծիքն է և չի կարելի տարածել բոլորի վրա:

-Ցմահ ազատազրկվածները անջատ են պահվում որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանցից, արդյո՞ք ճիշտ է նրանց մեկուսացնելը մյուսներից:

-Մեկուսացումը կամ ռեժիմների տարբեր լինելը մեծապես պետք է կախված լինի ոչ թե նրանց պատժի տեսակից, այլ պետք է կախված լինի նրանց վարքագծից: Փաստորեն դուրս է գալիս, որ ի սկզբանե սուբյեկտիվ որոշում կա, որ ցմահ ազատազրկվածերը վարքի տեսակետից վտանգավոր են, որն իմ կարծիքով այդպես չէ: Կարող է ավելի թեթև հանցագործություն գործածը վարքի տեսակետից ավելի վտանգավոր լինի, քան ծանր հանցագործություն գործածը: Սա շատ սուբյեկտիվ մոտեցում է, որը ևս խոչընդոտում է ցմահ ազատազրկվածների ինտեգրմանը: Ամեն դեպքում շփումն այլ կալանավորների հետ շատ ավելի կարևոր է, քան մեկուսացումը: Սա ընդունելի տարբերակ չէ:

-Եթե ներկայիս իշախանությունները որոշում կայացվնեն համաներում հայտարարելու մասին, ի՞նչ եք կարծում դա կտարածվի ցմահ ազատազրկվածների վրա ևս:

-Այժմ նոր իշխանության պայմաններում ես մեծ հույս ունեմ, որ այդ կարծրատիպը կոտրված կլինի և համաներումը կանդրադառնա նաև ցմահ ազատազրկվածների  որոշակի կատեգորիաների վրա: Կարծում եմ, որ առաջինը պետք է վերացնել այն անարդարությունը, որը տեղի է ունեցել 2003 թվականին՝ մահապատժի դատապարտվածների հետ կապված:  Ես կարծում եմ, որ այդ անարդարությունը թեկուզ 15 տարի հետո պետք է վերացվի, գոնե համաներման միջոցով: Շատ եվրոպական երկրներում մահապատիժը տրվում է 21 տարեկանից հետո, իսկ մեզ մոտ 18 տարին է:  Չափահասությունը շատ սուբյեկտիվ մտածողություն է և հոգեբանների կողմից ապացուցված է, որ հաճախ մինչև 21 տարեկանում էլ են լինում անչափահաս մտածողությամբ: Հաշի առնենք, որ մեծ մասամբ մինչև 21 տարին դատապարտվածները զինվորական հանցագործությունների համար դատապարտվածներ են, և ես կարող եմ ասել, որ նրանք նույնպես զոհեր են, քանի որ դա եղել է բանակում և մեր հասարակության մեջ բարքերի հետևանք: Կարծում եմ այս 2 կատեգորիաները պետք է ընդգրկվեն համաներման մեջ, որովհետև էլի անարդարություն կլինի ցմահների հետ կապված:

-Դուք որպես ցմահների խնդիրներին լավ ծանոթ , ի՞նչ առաջարկներ ունեք նրանց խնդիրները թեթևացնելու հետ կապված:

-Նախ պետք է հստակ գործեն իրավական մեխանիզմները:  Ինչպես ասացի համներման միջոցով կարելի է այս կատեգորիաների հարցը լուծել: Մնացածի հետ կապված՝ այն անձինք, որոնք որ դատապարտվել են ցմահ ազատազրկման 2011 թվականից՝ վերանայել նրանց գործերը: Վերանայելուց հետո շատ հավանական է, որ նրանցից մի մասի դատավճիռը փոխվի և միանգամից նրանց մի մասի վրա էլ կանդարդառնա վաղաժամկետ ազատման հարցը: Շատ կարևոր է, որ պետությունը ունենա  ինտեգրման ծրագիր ազատազրկվածների և մասնավորապես ցմահ ազատազրկվածների հետ կապված, կարողանա նրանց ապահովագրել , շատացնել շփումը, հնարավորություն տալ ինչ-որ մասնագիտությամբ զբաղվելու՝ խրախուսելով դա , նույնիսկ ժամանակ առ ժամանակ արձակուրդներ տրամադրել, որպեսզի նրանք շփվեն հասարակության հետ: Ինտեգրման հոգեբանական ծառայություն լինի, այդ փակ ռեժիմն ըստ իրենց պահվածքի փոխվի կիսափակի, նույնիսկ բաց ռեժիմի, որպեսզի նրանք հետագայում հասարակություն վերադառնալուց հետո խորթ չլինեն հասարակությանը և նաև խրախուսի նախկին  ազատազրկվածներին սոցիալական ծրագրերով, նաև աշխատանքի ընդունելով և այլն: