Տղա երեխա ցանկացող ընտանիքների թիվը 2 անգամ գերազանցում է աղջիկ երեխա ցանկացող ընտանիքների թվին

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալներով ծնունդների բնականոն  սեռային հարաբերակցություն է համարվում 102-106 տղա յուրաքանչյուր 100 աղջիկ նորածինների հաշվով: Մինչդեռ` Հայաստանում այս հարաբերակցությունը էականորեն խախտված է, ինչն ի հայտ է եկել դեռևս 1990-ական թվականներին:

2011 թվականին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը Հայաստանում մեծածավալ հետազոտություն իրականացրեց, որի արդյունքում բացահայտվեց, որ  ծնունդների բնականոն համարվող սեռային հարաբերակցության շեղումները  ՀՀ-ում վտանգավոր սահմանագծի են հասել և դարձել լուրջ ժողովրդագրական սպառնալիք:

Այսպես` 2011 թվականի դրությամբ 100 աղջկա դիմաց գրանցվել էր 110-115 տղա երեխայի ծնունդ: Այս ցուցանիշով Հայաստանը հայտնվել է սեռով պայմանավորված հղիության ընդհատման վատագույն ցուցանիշներ ունեցող երկրների շարքում (Չինաստան, Հնդկաստան, Ադրբեջան, Ալբանիա):

Ծնունդների նման սեռային հարաբերակցության հետագա շարունակման դեպքում կանխատեսվում է գենդերային խզում, որի արդյունքում  մինչև 2060 թվականը չեն ծնվի 92932 աղջիկներ, ինչն էլ իր հերթին կբերի ծնունդների թվի առավել կրճատման,  և որպես հետևանք բնակչության թվաքանակի նվազման:

Այդ շեղումները նվազեցնելու համար 2016-2017թթ իրականացվեց «Պտղի սեռի խտրական ընտրության տարածվածությունն ու պատճառների» վերաբերյալ հետազոտություն, որի նպատակն էր բարձրացնել հասարակության իրազեկվածությունը խնդրի վերաբերյալ:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Գալստյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ծրագրի շրջանակներում հարցումներ են իրականացրել 15-45 տարեկան երբևէ հղիացած կանանց շրջանում և  բուն հարցվողների թիվը եղել է 1920 հոգի: Հարցումները իրականացրել են նաև  այն մարզերում, որտեղ այս շեղումների քանակը  եղել է բարձր:

Պարոն Գալստյանի խոսքերով հետազոտությունների ամփոփումը ցույց է տալիս, որ 2011 թվականին հարցված կանաց 60%-ի վրա միջավայրի կողմից ճնշում գործադրելու ազդեցություն է եղել, իսկ 2017թ. այդ ճնշումների թիվը  30%-ով նվազել են:

«Օրինակ հղի կինը նստում է տաքսի և վարորդը հարցնում է, թե ի՞նչ երեխա պետք է ունենաս, կինը պատասխանում է` աղջիկ, իսկ վարարդը, թե ոչինչ մյուսը տղա կլինի: Ինչն էլ  շրջապատի կողմից ճնշման ենթարկվելու օրինակ է»,- նշեց պարոն Գալստյանը:

Ճնշումներ եղել են նաև ընտանիքի անդամների կողմից: Եթե 2011թ. այդ ճնշումները կազմել են 45.3%, ապա  2017թ. դրանց թիվը նվազել է, կազմելով մոտ 13 %:

Պարոն Գալստյանի հավատմամբ երեխայի սեռի նախապատվությունը փոփոխվել է շուրջ 40%-ով, ավելացել են այն ընտանիքները, որոնք սկսել են նախապատվություն չտալ որևէ սեռի:

«Եթե գյուղական բնակավայրերում ընտանիքների շուրջ 40%-ը նախապատվություն է տալիս տղա երեխային, իսկ 5-6 %-ը աղջիկ երեխային, ապա  քաքային բնակավայրում 11%-ն է նախապատվությունը տալիս տղա երեխային: Տղա երեխա ցանկացող ընտանիքների թիվը 2 անգամ գերազանցում է աղջիկ երեխա ցանկացող ընտանիքների  թվին»,- ասաց նա:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ զարգացման հետազոտությունների բաժնի ղեկավար Վահան Ասատրյանի խոսքերով էլ,  եթե 2011 թվականին հետազոտության մասնակից կանանց գրեթե 60%-ը  նախապատվությունը տալիս էր տղա երեխաներին, ապա 2017 թվականին այս ցուցանիշը իջել է, հասնելով  37%-ի:

«2011թ-ի համեմատ այս տարիների ընթացքում այդ շեղումները կրճատվել են՝ 115-ով իջնելով 112-ի: Գյուղական շրջանում առաջին երեխայից արդեն նախապատվությունը կա»,- ասաց Վ․ Ասատրյանը:

 Ընտանիքում առաջին և երկրորդ երեխաների դեպքում սեռերի հարաբերակցությունը կազմում է, համապատսխանաբար, 1,08 և 0,96 %: Երեխաների սեռի հարաբերակցության ընդգծված անհավասարակշռություն է արձանագրվել ընտանիքում երրորդ և հաջորդող երեխաների սեռային կազմում:

«Մինչև 2 երեխա ունեցող ընտանիքներում 100 աղջկա հաշվով առկա է 122 տղա, իսկ 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքներում գերակշռում են աղջիկները` 100 աղջկա հաշվով առկա է 94 տղա»,- հայտնեց պարոն Ասատրյանը:

Ըստ Վահան Ասատրյանի Հայաստանում նախապատվությունը տրվում է տղա երեխային, քանի որ հարցված կանանց 64%-ի պնդմամաբ տղան տոհմի շարունակողն է, 33%-ի կարծիքով տղան ունեցվածքի ժառանգն է իսկ 17%-ի կարծիքով տղան հայրենիքի պաշտպանն է:

Վերջում պարոն Ասատրյանը հավելեց, որ հայկական ընտանիքներում աղջիկ երեխաները տղաներից միջինում ավելի մեծ են:

Նյութը՝ Ելենա Արամյանի