Վոլլանդն ընդդեմ Նորվեգիայի

Դիմումատուն՝ Ստեինգրիմ Վոլլանդը, ազգությամբ նորվեգացի է, ծնվել է 1961 թվականին և ապրում է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ փաստաբանական գործունեության ընթացքում իրեն պատկանող փաստաթղթերը բռնագրավելուն, դրանք հետ չվերադարձնելուն և հետաքննելուն։

Դիմումատուն փաստաբանական գործունեություն է ծավալել մինչև 2009 թվականը։ Նույն թվականի ապրիլի 9-ին Դիմումատուի փաստաբանական արտոնագրի գործողությունը կասեցվել է՝ մեկ այլ քաղաքացու կողմից ներկայացրած սնանկության գործով բողոքը վարույթ ընդունելուց հետո։

2010 թվականի մարտին Դիմումատուի դեմ քրեական գործ է հարուցվել՝ սնանկության գործին առնչվող փաստաթղթերը կեղծելու և խարդախության փորձին օժանդակելու մեղադրանքով։ Ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են կատարել Դիմումատուի տանը և գրասենյակում։ Այնուհետև, ոստիկանները բռնագրավել են Դիմումատուին պատկանող փաստաթղթերը և պատճենահանել են նրա համակարգչում պահվող բոլոր նյութերը։

Նորվեգիայի ներպետական օրենսդրության համաձայն՝ գոյություն ունի իրավական կանխավարկած, որ փաստաբան հանդիսացող անձին պատկանող որոշ փաստաթղթեր և նյութեր կարող են արգելանքի տակ գտնվել։ Բացի այդ՝ որոշ փաստաթղթեր կարող են փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն պարունակել։ Այդ պատճառով նախաքննության ընթացքում քննիչները փորձել են Դիմումատուին պատկանող գույքի և փաստաթղթերի ստուգումն ու բռնագրավումն իրականացնել բացառապես օրենքի սահմաններում։

2011 թվականի փետրվարին Դիմումատուի փաստաբանը Օսլոյի քաղաքային դատարան դատավորի ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, բողոքել է Դիմումատուին պատկանող փաստաթղթերը բռնագրավելու որոշման մասին և պահանջել է հետ վերադարձնել դրանք։ Սակայն Օսլոյի քաղաքային դատարանը մերժել է Դիմումատուի փաստաբանի ներկայացրած միջնորդությունը, և այդ որոշումը հետագայում հաստատել է նաև Նորվեգիայի Վերաքննիչ դատարանը։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտում։ Դիմումատուն իր բողոքի մեջ նշել է, որ իրավապահ մարմինները բռնագրավել են իրեն պատկանող փաստաթղթերը՝ առանց դատարանի պաշտոնական հրամանի։ Վերջինիս խոսքերով՝ իրավապահ մարմիններն ապօրինի կերպով են խուզարկություն կատարել իր տանը և գրասենյակում, իսկ հետո չեն վերադարձրել իրեն պատկանող փաստաթղթերը։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չի արձանագրել կոնվենցիայի խախտում։