Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով բողոքները

ՀՀ վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 19-ին կայացրած որոշմամբ վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Ռուբեն Սահակյանի, Արամ Օրբելյանի և Հովհաննես Խուդոյանի վճռաբեկ բողոքները՝ օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած որոշման դեմ բողոքը:

ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ Հուլիսի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը  խափանման միջոց էր ընտրել կալանավորումը, սակայն հետագայում՝ օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշումը, արդյունքում  ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: