Վերջին շրջանում թրաֆիքինգի զոհ են դառնում տղամարդիկ և անչափահաս երեխաները

Ամբողջ աշխարհում տարածված գլոբալ խնդիրներից մեկը թրաֆիքինգն է: Մարդկանց վաճառք, սեռական շահագործում, մուրացկանության դրդում, ստրկություն, բռնություն, չնչին վարձատրություն աշխատանքի դիմաց, որը մեկ բառով անվանում ենք թրաֆիքինգ:

ՀՀ Քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի համաձայն` մարդու թրաֆիքինգը` շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաև մարդուն շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը՝ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձևերով պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

 Հայաստանում թրաֆիքինգը դրսևորվում է սեռական շահագործմամբ` դեպի Թուրքիա և Արաբական Էմիրություններ, ինչպես նաև աշխատանքային շահագործմամբ` դեպի Ռուսաստանի Դաշնություն և Թուրքիա:

 Հայաստանի Հանրապետությունում թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքներ սկսվել են ծավալվել վերջին 10-ը տարիների ընթացքում, այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ, ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը:

 Չնայած նրան, որ Հայաստանը հանդիսանում է սկզբնաղբյուր երկիր թրաֆիքինգի համար, վերջին տարիներին թրաֆիքինգի զոհերի քանակը զգալիորեն կրճատվել են. «Եթե 90-ականների սկզբներին թրաֆիքինգի զոհերի թիվը հասնում էր 200-ի, ապա այսօր տարեկան միջին թվաբանությունը մոտավորապես 15 դեպքն է»:

 Պարոն Կաժոյանը նշեց, որ զոհերի քանակը կրճատվել է այն պատճառով, քանի որ վերջին շրջանում ձևավորվել է աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված են Հայաստանի բոլոր գերատեսչությունները և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց շնորհիվ կարողանում են արագորեն արձագանքել ցանկացած դեպքի և քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

«Վերջին շրջանում բացահայտված դեպքերից մեկը Թբիլիսում գտնվող հայաստանաբնակ քաղաքացու դեպքն էր, ով երկար տարիներ շահագործման է ենթարկվել և ստրկական աշխատանքներ է կատարել Վրաստանի ադրբեջանաբնակ գյուղի ընտանիքներից մեկում: Այսօր այդ մարդը գտնվում է Հայաստանում»:

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության, կանանց հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Էլիանորա Վիրաբյանը զրույցի ժամանակ հայտնեց, որ 2015թ. նոյեմբերից մինչև 2016 թ. թրաֆիքինգի զոհ է դարձել 24 անձ, որից 5-ը կանայք են եղել` 2-ը ենթարկվել են սեռական շահագործման, 3-ը աշխատանքային իսկ 19-ը եղել են տղամարդիկ և 2-ը անչափահաս երեխաներ: Դեպքերը տեղի են ունեցել Ռուսաստանում և Հայաստանում:

«Եթե նախկինում սեռական շահագրոծման դեպքերն էին ավելի շատ և կանայք էին դառնում թրաֆիքինգի զոհ, ապա վերջին 2 տարներին շատ են հարկադիր աշխատանքի շահագործման դեպքերը, անգամ ընտանիքներով և հիմնական զոհերը ավելի շատ տղամարդիկ են և անչափահաս երեխաները:

 Համաձայն «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքի` թրաֆիքինգի ենթարկված անձինք, հայտնաբերվելուց հետո պետության կողմից ստանում են աջակցություն, որն իր մեջ ներառում է` բժշկական օգնություն, ժամանակավոր կացարանի տրամադրում, հիմնական կրթության ապահովում, առաջնային հոգեբանական օգնություն, խնամքի տրամադրում, գումարային օգնություն և այլն:

 ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, Թրաֆիքինգի բաժնի պետ Վաչե Հովսեփյանը հայտնեց, որ ըստ հարուցված քրեական գործերի` 2017թ. հանրապետությունում արձանագրվել է թրաֆիքինգի 7 դեպք, որից 3-ը սեռական շահագործման դեպքեր են իսկ 4-ը աշխատանքային շահագործման:

«Աշխատանքային շահագործման 4 դեպքն էլ ներքին թրաֆիքինգի դեպքեր են և կատարվել են ՀՀ-ում իսկ սեռական շահագործման դեպքերից 1-ը ներքին շահագործման դեպք է իսկ 2-ը արտաքին` Թուքիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում»:

 Նշված դեպքերով ի հայտ են եկել թրաֆիքինգի ենթարկված 12 անձ, որոնցից 5-ը սեռական շահագործման դեպքեր են և արական սեռի ներկայացուցիչներ իսկ 7-ը աշխատանքային և իգական սեռի ներկայացուցիչներ:

 Իսկ 2016թ. արձանագրվել է թրաֆիքինգի 10 դեպք, որից 7-ը աշխատանքային, 3-ը սեռական շահագործման դեպքեր:

«Սեռական շահագործման դեպքերից 2-ը տեղի է ունեցել Արաբական Միացյալ Էմիրություններում, 1-ը ՀՀ-ում իսկ աշխատանքային շահագործման դեպքերից 1-ը Թուրքայում, 6-ը Ռուսաստանում»:

 Հիշեցնենք, որ հուլիսի 30-ը համարվում է թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օր: Այն հռչակվել է 2013 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամաբ: