Վերջին շրջանում ավելացել է դատապարտյալների դիմումների քանակը՝ հանրային պաշտպանի գրասենյակ. Մելանյա Առուստամյան  

Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածության, որակյալ իրավաբանական ծառայության, ձեռքբերումների և մի շարք այլ հարցերի մասին Legalinfo.am-ը զրուցել է Հանրային պաշտպանի գրասենյակի  ղեակավար, փաստաբան Մելանյա Առուստամյանի հետ: Մանրամասները՝  հարցազրույցում:

 – Տիկի´ն Առուստամյան, վերջերս շատ է խոսվում Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածության մասին: Ինչո՞վ է դա պայմանավորված:

– Հանրային պաշտպանի գրասենյակը ձևավորվել է 2006 թվականին: Բազմաթիվ քննարկումների արդյունքում   ներդրվել է  հանրային պաշտպանի գրասենյակի ամերիկյան մոդելը: Նշված մոդելը  հնարավորություն էր տալիս կենտրոնացված կարգով ապահովել անվճար իրավաբանական օգնության տրամադրումը ամբողջ ՀՀ տարածքում՝ հսկողություն և վերահսկողություն իրականացնել որակյալ իրավաբանական օգնության տրամադրման, արդյունավետ պաշտպանության և կարգապահության  նկատմամբ։

Հանրային պաշտպանների ծանրաբեռնվածությունը տարեցտարի աճում է, և դա առաջին հերթին պայմանավորված է որակի բարձրացմամբ, նաև ՀՊԳ-ի գործունեության վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացմամբ    «Փաստաբանության մասին» օրենքի փոփոխություններով՝ մի քանի սոցիալական խմբերին էլ հնարավորություն է ընձեռվել քաղաքացիական և վարչական գործերով անվճար իրավաբանական օգնություն ստանալ:  Հանրային պաշտպանները շատ հաճախ ժամանակ են կորցնում՝ ՔԿՀ-ներ այցելելով և դատապարտյալներին իրենց իրավունքերը բացատրելով:  Վերջին շրջանում ավելացել է դատապարտյալների դիմումների քանակը, ինչը պայմանավորված է նրանց իրազեկմամբ: Կատարում ենք նաև տնայցեր և տեղաշարժման խնդիր ունեցող անձանց այցելում ենք իրենց բնակարաններում: Մեր աշխատանքը ծանրաբեռնվում է նաև լեզվին չտիրապետող անձանց հետ կապված գործերով, քանի որ վերջին շրջանում սահմանախախտների թիվն աճում է ՀՀ-ում, որոնք լեզվին չեն տիրապետում, դրան զուգահեռ նրանց մեծ մասը փորձում է ապաստան հայցել: Մենք դեռ կարողանում ենք դա ապահովել, սակայն պակասում են անհրաժեշտ հաստիքներ:

– Քանի՞ հաստիք կա  այս պահին Հանրային պաշտպանի գրասենյակում։

– Այս պահին ունենք հանրային պաշտպանի 55 հաստիք, որից մեկը զբաղեցնում է տեղակալը, իսկ  մնացած 54 հաստիքները բաշխել ենք․ Երևանում ունենք քրեական ուղղվածությամբ 22 հանրային պաշտպան, իսկ քաղաքացիականով՝ 6 հանրային պաշտպան, մնացած 26 հաստիքներից  որոշները բաժանել ենք  0,25 և 0,5 դրույքների, որպեսզի կարողանանք ամբողջ հանրապետությունում ապահովել անվճար իրավաբանական օգնության տրամադրումը: Մասնավորապես՝ հաստիքներ ունենք Սյունիքում, Սիսիանում, Կապանում և Գորիսում: Տարվա ընթացքում հանրային պաշտպաններն ունենում են 100-ից ավել գործեր և կարողանում են հասցնել կատարել այդ գործերը, շատ արագ լուծումներ գտնել, քանի որ արհեստավարժ են։

– Ինչպե՞ս կարելի է լուծել հանրային պաշտպանների ծանրաբեռնվածության խնդիրները։

– Հանրային պաշտպանների գերծանրաբեռնվածությունը պետք է թոթափել․դրա համար անհրաժեշտ է ֆիլտրեր դնել, որպեսզի մեր ծառայություններից օգտվեն միայն անվճարունակ անձինք, եթե խաբում են հանրային պաշտպանի գրասնյակին՝ թաքցնելով իրականությունը, որ իրենք վճարունակ են, հետագայում հնարավրություն լինի պահանջել գումարները:

Մենք օրենսդրական նախաձեռնությամբ ենք հանդես եկել և արդարադատության նախարարության միջոցով փորձում ենք ֆիլտր դնել, որպեսզի Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածությունը թոթափենք: Քաղաքացիական դատավարությունում արդեն ունենք հնարավորություն, որ կարող ենք պահանջել դատական ծախսերը, երբ շահում ենք գործը և առաջարկում ենք նույնը քրեական գործերով, որպեսզի մարդիկ հավաստեն, որ իրենք անվճարունակ են, բայց, եթե հետո պարզվի, որ իրենք անվճարունակ չեն՝  մենք կարողանանք դատական ձախսերի հատուցման պահանջ ներկայացնել:

Խնդիրը կայանում է նրանում, որ քրեական գործերով անվճար իրավաբանական օգնությունը տրամադրվում է վարույթն իրականացնող մարմնի որոշումների հիման վրա, իսկ վերջիններս հիմք են ընդունում ոչ միայն մեղադրյալի անվճարունակությունը, այլ նաև արդարադատության շահը: Այսինքն լինում են դեպքեր, երբ վճարունակ անձին նույնպես նշանակվում է հանրային պաշտպան: Այս դեպքերում, Հանրային պաշտպանի գրասենյակը չի կարող մերժել քննիչի որոշումները:

Բացի այդ առաջարկում ենք նաև այլ փաստաբանների՝ տրամադրելով իրենց սենյակներ, տեխնիկա, ամեն հնարավորություն, որպեսզի իրենք էլ գան, զբաղվեն և՛ իրենց մասնավոր գործունեությամբ, և՛ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի կողմից գործեր տրամադրվեն: Օրենսդրական փոփոխությունների միջոցով կարող ենք հասնել նրան, որ այն շահառուները, որոնք վճարունակ են, չօգտվեն ՀՊԳ-ից, նաև պետք է  լինեն հաստիքների ավելացումներ: Պետությունը անընդհատ մեզ խոստանում է, բայց չի տրամադրում   անհրաժեշտ  հաստիքներ՝ պայմանավորված բյուջեի միջոցների սղությամբ:

– Արդյո՞ք ծանրաբեռնվածությունը չի ազդում որակի վրա:

– Ծանրաբեռնվածությունն ազդում է ժամկետների վրա․ դատական նիստեր են հետաձգվում, բայց որակյալ պաշտպանությունն իրականացվում է: Ամենաշատ արդարացման գործերն ունի Հանրային պաշտպանի գրասենյակը և շատ-շատ ծանրաբեռնվածության պարագյում հասցնում ենք ապահովել որակը, որովհետև հանրային պաշտպաններն այնքան արհեստավարժ են, այնքան փորձառու են, որ շատ արագ են կողմնորոշվում: Հանրային պաշտպանները որևէ մեկին ապացուցելու ոչինչ չունեն, դատական նիստերը երկարացնելու և շոուներ անելու խնդիր ևս չունեն: Մենք պարզապես աշխատում ենք ռեալ, բայց իհարկե այդ խնդիրը կա, որ, եթե գործերի քանակն աճի, մենք այլևս չենք կարողանա հասցնել: Որպեսզի որակը բարձր պահենք, մենք հանրային պաշտպաններին աշխատանքի ենք ընդունում մրցույթով և յուրաքանչյուր տարի՝ 10 ամսվա կտրվածքով, ստուգում ենք նրանց աշխատանքը: Ունենք նաև գնահատման համակարգ, և յուաքնաչյուր հանրային պաշտպանի համար կազմվում է անհատական հաշվետվություն: Այս վերահսկողությունն ուղիղ կապ ունի որակի բարձրացման հետ:  Այս պահին ունենք որակյալ կադրեր և աշխատում ենք, որ նոր եկած կադրերին ևս դարձնենք որակյալ, փորձառու և այսպես ապահովենք: Հանրային պաշտպանները ազգանվեր գործ են  կատարում ու չի կարելի դա փնովել: Անհրաժեշտ է իրազեկման մեխանիզմ, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան իրենց պաշտպաններն ունենալու: Այսօր հանգիստ եմ, որ շատ-շատ մարդկանց կարողանում ենք օգնել, իհարկե, կան մարդիկ, որոնք չարաշահում են  իրենց իրավունքը:

– Տիկի´ն Առուստամյան, հաճախ՝ դատավորնեը, մասնավորապես՝ Սասնա ծռերի գործով, դատավարությունների ժամանակ ներգրավում են հանրային պաշտպանների, երբեն առանց ամբաստանյալների ցանկության: Արդյո՞ք սա իրավունքի խախտում չէ:

– Քրեական դատավարության օրենսգրքի 68 հոդվածը սահմանում է, որ անձը կարող է պաշտպանի իրավավիճակ ձեռք բերել ամբաստանյալի համաձայնությունը ստանալու պահից, իսկ Սահմանադրությունն ուղղակի ասում է, որ անձն իրավունք ունի պաշտպանվելու իր և իր ընտրած դատապաշտպանի միջոցով: Եթե անձը չի ցանականում, որ իր պաշտպանությունն իրականացնի հանրային պաշտպանը, այդ դեպքում որևէ դատարան լիազորություն չունի չընդունելու հրաժարումը: Սակայն կան դեպքեր, երբ վարույթն իրականացնող մարմնին լիազորություն է տրվում չընդունելու  հրաժարումը, ենթադրենք անձը կույր է, անչափահաս է կամ համր և հրաժարվում է հանրային պաշտպանի ծառայությունից։ Սակայն այդ դեպքում հանրային շահը պահանջում է, որ դատարանը չընդունի հրաժարում, որովհետև տվյալ անձը սահմանափակված է՝ իր ֆիզիկական կարողություններով իրականացնելու իր պաշտպանությունը: «Սասնա ծռերի» (ՊՊԾ գնդի) գործերով հանրային պաշտպանները սկզբից գնում էին և դատարանում հայտարարում, որ իրենք չունեն ամբաստանյալի համաձայնություն և չեն կարող ներգրավվել: Շատ դեպքերում նրանք անգամ լքել են դատարանի դահլիճը։ Եվ սա դարձել էր խնդիր, քանի որ հանրությունը հանրային պաշտպաններին մեղադրում էր, որ նրանք առանց համաձայնության մասնակցում են: Արդյունքում՝ Սահմանադրական դատարանը որոշեց, որ տվյալ դեպքում՝ առանց ամբաստանյալի համաձայնության ներգրավումը չի հակասում Սահմանադրությանը: Շատ դեպքերում մենք ունեցանք հանրության դժգոհությունը՝ հանրային պաշտպանների վերաբերյալ, մինչդեռ սա օրենքի պահանջն է և Սահմանադրական դատարանի կայացրած դիրքորոշման հետևանքը: Հիմա էլ հանրային պաշտպանները հայտնվել են այնպիսի իրավիճակում, որ մասնավոր պաշտպանները գալիս են  այդ գործերով  մի քիչ մնում են դատական նիստին, հետո գնում են կամ, տեսնելով, որ հանրային պաշտպանները դատարանում են, գնում են իրենց մասնավոր գործերով, իսկ հանրային պաշտպանները մնում են, քանի որ չեն կարող հեռանալ մինչ նիստի ավարտը , որպեսզի  դատարանները կարողանան շարունակել նիստերը:

Ես հորդորում եմ փաստաբաններին, որ գան,  իրենց պաշտպանյալներին  պաշտպանեն։ Մենք չենք ուզում այդ գերծանրաբեռնվածությունը, թոթափե´ք այն մեզանից, և կատարե´ք  ձեր պարտականությունները:

– Արդյոք  ՀՊԳ-ն չի՞ կարող մերժել դատավորի որոշումը և չտրամադրել հանրային պաշտպան:

– ՀՊԳ ղեկավարը, վարույթ իրականացնող մարմինների, այդ թվում դատարանների որոշումներն օրենսդրորեն մերժելու լիազորություն չունի: Քրեական գործերով, երբ կասկածյալը, մեղադրյալը, կամ ամբաստանյալը հայտարարում է, որ ինքն անվճարունակ է, անպայման իրեն տրամադրվում է այդ օգնությունը, եթե կայացվել է որոշում և դիմել են ՀՊԳ, որոշումը պետք է բավարարել և տրամադրել անվճար իրավաբնական օգնություն։ Եվ այստեղ մենք խնդիր ունենք, քանի որ չկա ֆիլտր, թե ով է անվճարունակ: Այսինքն՝ ցանկացած մեկը կարող է հայտարարել, որ ինքն անվճարունակ է, և նրան պարտադիր պետք է տրամադրվի պաշտպան: Իսկ քաղաքացիական գործերով ՀՊԳ-ն ունի  քննարկելու լիազորություն, քանի որ քաղաքացիական գործերով ՀՊԳ-ին հնարավորություն է տրվել մերժելու, եթե հավաստի տվյալներ կան, որ անձը վճարունակ է: Վարույթ իրականացնող մարմինները շատ դեպքերում ոչ թե մասնավոր պաշտպանի միջոցով են փորձում ապահովել անձի պաշտպանությունը, այլ հանրային պաշտպանի միջոցով: Անձին առաջին հերթին պետք է  իրազեկել մասնավոր պաշտպանի մասին, եթե նա չբերի մասնավոր պաշտպան, այդ դեպքում` տալ հանրային պաշտպան:

– Հատկապես ո՞ր գործերն են գերակշռում ՀՊԳ-ում։

– Վերջին շրջանում հատկապես աճել են քրեական գործերը, եթե 2016 թվականին մենք ունցել ենք 5264, ապա 2017 թվականին՝ 5890 գործ, իսկ  քաղաքացիականի դեպքում 2016 թվականին ունեցել ենք՝ 4753, իսկ 2017 թվականին՝ 5864 գործ: Մեզ շատ դիմում են հաշմանդամություն ունեցող անձինք, այս տարի մոտավորապես ունցել ենք 544 դիմում:  Աճել է մեզ դիմող  դատապարտյալների թիվը: Շատ են դիմում գործազուրկներ, անվճարունակ ֆիզիկական անձինք, միայնակ թոշակառուներ և շատ այլ անձինք:

– Բացի փաստաբանների ծանրաբեռնվածությունից, ուրիշ ի՞նչ խնդիրներ են առկա այսօր ՀՊԳ-ում:

– Հիմնականում բոլոր խնդիրները կապված են նյութականի հետ: Պետությունը մեզ տալիս է աշխատավարձ, գումարած աշխատավարձի 30 տոկոս՝  հավելյալ ծախսերի փոխհատուցման գումար, սակայն այդ 30 տոկոսը մեզ չի բավարարում շատ բաներ անելու համար: Խնդիրներ ունենք տեխնիկայի վերազինման հետ կապված, լեզվի հետ կապված, անվճար տարածքների հետ կապված: Հիմա աշխատում ենք մարզպետարանների հետ, որպեսզի նրանք մեզ տրամադրեն անվճար տարածքներ, որպեսզի հանրային պաշտպանները կարողանան այնտեղ նստել և աշխատանք կատարել: Ունենք նաև լավ գործընկերության և սպեցիֆիկ վերապատրաստման անհրաժեշտություն:

– Վերջին տարիներին ինչպիսի՞ զարգացում և ձեռքբերումներ է ունեցել ՀՊԳ-ն:

Վերջին տարիներին ՀՊԳ-ի ձեռքբերումները գործերի անճն է և արդյունքերը: Ձեռքբերումները պայմանավորված են որակի աճով, շահառուների ավելացմամբ, որը կարծում եմ վստահության արդյունք է, իսկ ՀՊԳ-ի նկատամամբ վստահության աճը մեր  ամենամեծ ձեռքբերումն է: