Վարույթ է ընդունվել հակամրցակցային գործունեության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում այսօր ստացվել և վարույթ է ընդունվել այլ տնտեսվարող սուբյեկտների՝ շուկա մուտք գործելուն խոչընդոտելու, շուկայից դուրս մղելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործը։Քրեական գործի տվյալներով՝ «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ՍՊ ընկերությունները ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից 22.01.2008 թվականին տրված ՏԿՈւ 00223 և 05.11.2009 թվականին տրված ՏԿՈւ 00346 լիցենզիաների հիման վրա իրականացրել են ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումներ Աբովյան-Երևան-Աբովյան և Չարենցավան-Երևան-Չարենցավան ուղղություններով:

Նշված ընկերությունների նախկին սեփականատիրոջ ներկայացրած հաղորդման համաձայն՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աշխատակիցները, նպատակ ունենալով խոչընդոտել նշված ընկերությունների գործունեությանը, 2012-2016 թթ. բարեգործության պատրվակով, հիշյալ երթուղիներով իրականացրել են անվճար ուղևորափոխադրումներ, որի հետևանքով «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ՍՊ ընկերությունները կրել են մեծ ֆինանսական կորուստներ:

Արդյունքում՝ «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ՍՊ ընկերությունները 2015թ. ճանաչվել են սնանկ, որոնք այնուհետև ձեռք են բերվել «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ի կողմից, որն էլ ներկայումս նշված երթուղիներով իրականացնում է վճարովի կանոնավոր փոխադրումներ:

Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ մրցակցությունը սահմանափակելը, որն ուղղված է տնտեսավարող այլ սուբյեկտներին շուկայից դուրս մղելուն, 2018թ. օգոստոսի 20-ին հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն:

2018թ. օգոստոսի 22-ին քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ընդունվել է վարույթ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ կկայացվի համապատասխան դատավարական որոշում, ինչի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: