Վարորդները դիմել են օրենսդիրին` տույժերը կրճատելու միջնորդության պահանջով

«Ավտովարորդների պաշտպանության լիգա»  ՀԿ-ի անդամները և մի  խումբ անհատ տաքսու վարորդներ այսօր  բողոքի հավաք են անցկացրել խորհրդարանի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ՝ ԱԺ խմբակցություններից  պահանջելով միջնորդել կառավարությանը վարորդների լիցենզավորման համար կուտակված գումարները զրոյացնելու առնչությամբ: 

Վարորդների խոսքով, խնդիրը լիցենզավորման ենթակա 12 հազար դրամ վճարն է, որը չվճարելու պատճառով վարորդները տուգանվել են 50-հազարական, ոմանք` 500 հազար դրամով:

Վարորդները պնդում են, որ, թեև պետությունը պարտավոր է չվճարելու դեպքում 2 ամիս անց ծանուցել այդ մասին, իրենք որևէ ծանուցում պարտքերի մասնին չեն ստացել :

Օրենքի համաձայն տուգանքների մասին ծանուցվում է  եռօրյա  ժամկետում` իրավաբանական անձի կամ անհատ ձեռներեցի գրանցման հասցեով: Գրավոր ծանուցմանը համազոր են նաև Ազդարար.ամ կայքում հրապարակված ծանուցումները:

Վարորդները վրդովվում են, թե ինչո՞ւ միանգամից չեն կասեցրել  իրենց լիցենզիաները, և թույլ են տվել` պարտքեր կուտակվեն:

Օրենքով սահմանված է լիցենզիայից զրկելու կարգը:  Սակայն, պետական տուրքը չվճարելը  լիցենզիայից զրկելու իրավաչափ պատճառ չէ: Իսկ պետական տուրքը չվճարելու պարագայում, վարորդների տույժն ավելանում է տուրքի գումարի 0,5%-ով` օրական:

Հավաքի մասնակիցներն ակնկալում են պատգամավորների օգնությամբ հարցին լուծում տալ:

Երկու խմբակցություններից` Ելք և Ծառուկյան դաշինքներից, լսեցին հավաքվածներին  ու խոստացան <<բուժում>> գտնել: