Ս․Զ-ն ընդդեմ Հունաստանի

Դիմումատուն սիրիացի է, ծնվել է 1984 թվականին և ապրում է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ արտաքսման նպատակով իրեն կալանավորելու որոշման վերաբերյալ։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է իրեն կալանավորելու և Սիրիայում տիրող ռազմաքաղաքական լարված իրադրության պայմաններում իրեն Հունաստանի տարածքից Սիրիա արտաքսելու որոշման արդարացիության մասին։ Դիմումատուն բողոքել է նաև ոստիկանության բաժնում իր կալանավայրի վատ պայմանների մասին։

2013 թվականի սեպտեմբերին ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Դիմումատուին՝ Ֆրանսիայի քաղաքացու կեղծ անձնագիր ձեռք բերելու և այն օգտագործելու համար։ Հունաստանի ներպետական դատական ատյանները դատապարտել են Դիմումատուին 10 ամսվա ազատազրկման։ Այնուհետև, տեղի իշխանությունները նրան Հունաստանի տարածքից արտաքսելու մասին որոշում են կայացրել։ Դիմումատուին պահել են կալանավայրում մինչև նրա արտաքսման գործընթացի ավարտը։

Իր գործով դատաքննության շրջանակներում Դիմումատուն բողոք է ներկայացրել Հունաստանի Վարչական դատարան։ Վերջինս իր բողոքի մեջ նշել է, որ չի կարող վերադառնալ իր հայրենիք՝ Սիրիայում տիրող ռազմաքաղաքական լարված իրադրության և շարունակվող պատերազմական գործողությունների պատճառով։ Դիմումատուն դիմել է նաև համապատասխան մարմիններին՝ իրեն կալանավայրից ազատ արձակելու և Հունաստանում ապաստան հատկացնելու պահանջով։

2013 թվականի նոյեմբերին Դիմումատուն ի վերջո ստացել է փախստականի կարգավիճակ և ազատվել է կալանավայրից։ Կալանավորման ամբողջ ժամանակաշրջանում ոստիկանության աշխատակիցները պահել են Դիմումատուին Հունաստանի Զոգրաֆոս քաղաքի ոստիկանության բաժնի նկուղային խցում։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում) խախտում, 5-րդ հոդվածի 1-ին կետի (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) խախտում և 5-րդ հոդվածի 4-րդ կետի (կալանավորման օրինականությունը վիճարկելու իրավունք) խախտում։ Դիմումատուն բողոքել է իր բանտախցի վատ պայմանների մասին, իր անհիմն և կամայական կալանավորման մասին և իր կալանավորման վերաբերյալ Դատարանի կայացրած որոշումը բողոքարկելու համար իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայության մասին։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում, 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում և 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում։ Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Հունաստանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 4․000 եվրո գումարի չափով փոխհատուցում և 1․500 եվրո՝ դատական ծախսերի համար։ Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։