Ստեղծվել է ՀՀ փաստաբանների պալատի հյուսիսային ներկայացուցչություն

PastabanՀայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի 24.09.2014թ. թիվ 27/6-L որոշմամբ ստեղծվել է ՀՀ փաստաբանների պալատի Հյուսիսային ներկայացուցչություն: Ինչպես այդ մասին հաղորդում է փաստաբանների պալատի պաշտոնական կայքը, ներկայացուցչությունը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում փաստաբանների խնդիրների համակարգման և ՀՀ փաստաբանների պալատի մարզային քաղաքականության իրականացման համար: Որպես ներկայացուցչության նստավայր է սահմանվել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքը:

Հյուսիսային ներկայացուցչությունը, որպես ՀՀ փաստաբանների պալատի առանձնացված ստորաբաժանում, կոչված է համախմբել Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի վարչական տարածքներում գործունեություն ծավալող ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբաններին, վեր հանել վերջիններիս մոտ փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում առաջացող խնդիրները և դրանք ներկայացնել ՀՀ փաստաբանների պալատին, ինչպես նաև ապահովել ՀՀ փաստաբանների պալատի առջև դրված նպատակների և խնդիրների և փաստաբանների պալատի մարզային քաղաքականության իրականացումը:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 26.09.2014թ. թիվ 331-Ա որոշմամբ ՀՀ փաստաբանների պալատի Հյուսիսային ներկայացուցչության ղեկավար է նշանակվել փաստաբան Ռուբեն Մարատի Հակոբյանը (արտոնագիր թիվ 833), ով գործելու է ներկայացուցչության կանոնադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում տրված լիազորագրի հիման վրա: