Սպանության փորձ կատարելու համար բերման է ենթարկվել «օրենքով գող» համարվող Արտյոմ Ղազարյանը

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Օգոստոսի 18-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի շենքերից մեկում հայտնաբերել ու բերման են ենթարկել Գյումրու բնակիչ, 1982 թվականին ծնված, քրեական միջավայրում «օրենքով գող» համարվող Արտյոմ Ղազարյանին, որն այս տարվա հուլիսի2-ից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով:

Դեպքը ժամանակին հասարակական հնչեղություն էր ստացել և տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվել հատկապես զանգվածային լրատվության միջոցներում:

Հիշեցնենք:
Հունիսի 25-ին, ժամը 23.15-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել որովայնի հրազենային վնասվածքով մի տղամարդ:
Քրեական հետախույզները պարզել էին, որ Գյումրու Սայաթ-Նովայի փողոցում գործող սրճարաններից մեկի դիմաց տեղի է ունեցել փոխհրաձգություն, որին մասնակցել են Արտյոմ Ղազարյանը, 1986 թ. ծնված Կարեն Սարգսյանը և տուժողը՝ 30-ամյա Գեորգի Հակոբյանը:

Ոստիկանության քրական հետախուզության և ԿՀԴՊ գլխավոր վարչությունների, Շիրակի մարզային վարչության ու Կումայրիի բաժնի ծառայողների հետախուզական միջոցառումներով պարզվել էր, որ հրազենային վնասվածքը նրան պատճառել է Արտյոմ Ղազարյանը:

Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել և հայտարարվել հետախուզում:
Արդեն հուլիսի 1-ին սպանության փորձին օժանդակելու կասկածանքով կալանավորվել էր նախկինում գողության համար դատապարտված Կարեն Սարգսյանը:

Այսօր պատասխանատվություն կրելու հերթը Արտյոմ Ղազարյանինն է:
Տրամաբանական ավարտին հասավ հանրային ուշադրության կենտրոնում հայտնված ևս մեկ ծանր հանցագործության բացահայտում՝ վկայելով, որ ոչ մի հանցանք անպատիժ չի մնում, և հանցավորն, ի վերջո, կանգնում է արդարադատության առաջ:

Մանրամասները` տեսանյութում: