Սլովակիայում սահմանադրական փոփոխությամբ անօրինական է ճանաչվել միասեռական ամուսնությունը

Սլովակիայի Ազգային խորհուրդը (խորհրդարանը) հունիսի 4-ին փոփոխություն է կատարել երկրի Սահմանադրության մեջ, ըստ որի, ամուսնությունը սահմանվում է որպես բացառապես մեկ տղամարդու և  մեկ կնոջ միջև առանձնահատուկ միություն: Սահմանադրական փոփոխության օգտին քվեարկել է երկրի խորհրդարանի 123 պատգամավոր, իսկ 18-ը դեմ են քվեարկել:

Այս փոփոխությամբ հատուկ կերպով մերժվում է միասեռական զույգերի` ամուսնության հետ կապված իրավական պաշտպանությունը, քանի որ «անհնար կլինի ճանաչել ամուսիների իրավունքներն ու պարտականություններն այլ կերպ, քան տղամարդու և կնոջ միջև օրինական կերպով ճանաչված միության դեպքում»,-նշվում է մեկնաբանման մեջ:

Որոշ կազմակերպություններ, ինչպես «Amnesty International Slovensko»-ն և Սլովակիայի ԼԳԲՏ համայքների իրավապաշտպան կազմակերպություններից մեկը մտահոգություն են հայտնել, որ Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունը շտապողական էր, և այն հնարավորություն չի տվել հանրությանն արտահայտելու իր տեսակետներն այս առնչությամբ: