Սեռական բնույթի կիբերհանցագործությունները տարեկան մոտ 1.5 տրիլիոն ԱՄՆ դոլար եկամուտ են բերում

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը զեկույց է ներկայացրել՝ հանցագործությունների և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վերաբերյալ։ Նա նշել է, որ ամբողջ աշխարհում կիբերհանցագործության զոհ են դառնում հիմնականում կանայք և երեխաները։ Մասնավորապես՝ հանցագործներն ընտրում են իրենց զոհերին սեռական շահագործման ենթարկելու և նման այլ հանցագործություններ կատարելու համար: Կիբերհանցագործությունը՝ համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցատեսակ է, որն իրականացվում է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ։ Նման հանցագործությունները հսկայական եկամուտներ են բերում հանցագործներին` տարեկան մոտ 1.5 տրիլիոն ԱՄՆ դոլար: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի իրականացրած աշխատանքների մասին Գլխավոր քարտուղարի ներկայացրած զեկույցում։

«Մենք միավորել ենք մեր ուժերը՝ նման հանցագործությունների դեմ պայքարելու համար։ ՄԱԿ-ի աջակցությամբ ձերբակալվել և դատապարտվել է բազմաթիվ հանցագործություններ կատարած անձը, ով համացանցի միջոցով երեք երկրներում շահագործել է ավելի քան 80 երեխաների»,- հայտարարել է իր ելույթի ժամանակ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը:

Խոսելով թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակներում իրականացված աշխատանքների մասին՝ Գլխավոր քարտուղարը նշել է, որ աշխարհում ավելի քան 31 միլիոն մարդ տառապում է թմրամիջոցներից կախվածությամբ։ Նրա խոսքերով՝ օփիոիդի (ցավազրկող և քնաբեր դեղամիջոց) օգտագործումը դեռևս լուրջ խնդիր է ներկայացնում բնակչության համար։

Գլխավոր քարտուղարը նաև հավելել է, որ ՄԱԿ-ն ամեն կերպ աջակցում է կառավարություններին հանցագործությունների և թմրամիջոցների դեմ պայքարի հարցում և մեծ կարևորություն է տալիս առողջապահության և մարդու իրավունքների ոլորտը բարելավելու համար նրանց ընտրած ռազմավարությանը։

Գլխավոր քարտուղարն իր ելույթի ժամանակ կոչ է արել բոլոր անդամ պետություններին պայքարել ամեն օր աշխարհի տարբեր կետերում իրականացվող սպանության, սեռական բռնության և շահագործման և թմրանյութերի հետ կապված հանցագործությունների դեմ։