ՍԴ է ներկայացվել 11 հատուկ կարծիք․ ՄԻՊ

Վերջին 9 ամիսների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան է ներկայացրել 11 հատուկ կարծիք դատարանի կողմից վարույթ ընդունված գործերով:Սահմանադրական դատարանի հետ համագործակցությամբ պայմանավորված՝ Պաշտպանին են ներկայացվում սահմանադրականության հարցի որոշման վերաբերյալ դատարանին ուղղված բոլոր դիմումները, որոնց վերաբերյալ ներկայացվում է հատուկ կարծիք։

Հատուկ կարծիքներն արտահայտում են Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը բարձրացված հարցերի վերաբերյալ: Դրանցում ներառվում են Պաշտպանի կողմից անհատական բողոքների քննարկման, ինչպես նաև մշտադիտարկման արդյունքում իրավունքների և ազատությունների վերաբերյալ իրականացված վերլուծությունները, կոնկրետ հարցի սահմանադրականության մասին միջազգային սկզբունքներ ու չափանիշներ:

Դրանք ներկայացնելու շրջանակում ուսումնասիրվել են դատավարական ժամկետների միատեսակ կիրառության հարցը, քրեական դատավարության շրջանակում վերաքննիչ բողոքում առկա թերությունների վերացման համար կարգավորումների բացակայությունը, զինծառայողների ծառայությունից կամ աշխատանքից ազատվելիս չօգտագործված բոլոր արձակուրդների համար դրամական հատուցում ստանալու խնդիրը և մի շարք այլ հարցեր:

Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես կարևորել է Սահմանադրական դատարանի որոշումներում տեղ գտած դիրքորոշումները, որոնք անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության և օրենսդրության կատարելագործման կարևոր երաշխիքներ են:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանի և Սահմանադրական դատարանի աշխատակազմերը համատեղ մշակել են ՍԴ որոշումների կատարմանն ուղղված օրենքների նախագծեր: Նախագծերի փաթեթը և հիմնավորումները ներկայացվել են պաշտոնական շրջանառության ինչպես իրավասու պետական մարմիններին, այնպես էլ իրավապաշտպան հասարակական կազմակերպություններին և ՀՀ փաստաբանների պալատ: