«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Աշոտ Պետրոսյանը զրկված է ստեղծագործելու իրավունքից

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ` գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանն արդեն մեկ ամիս է, ինչ զրկված է ստեղծագործելու հնարավորությունից, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը:

«Բոլորին հայտնի է, որ Աշոտ Պետրոսյանը գեղանկարիչ է, ստեղծագործող մարդ  և գտնվելով անազատության մեջ  չի կարողանում իրականացնել իր այդ իրավունքը»,- ասաց նա:

Փաստաբանի խոսքերով Աշոտ Պետրոսյանին արգելում են որպեսզի իր մոտ ունենա ստեղծագործելու համար նախատեսված մի շարք պարագաներ, ընդ որ դրանք այնպիսի պարագաներ են, որոնք անգամ օրենքով արգելված չէ իր մոտ ունենալ. «Խոսքը վերաբերվում է սովորական գունավոր թղթերին, գրիչներին, յուղամատիտներին, այսինքն` այնպիսի պարագաներ, որոնք  արդեն տևական ժամանակ է նա չի կարողանում ստանալ  և հարազատները չեն կարողանում այն փոխանցել»:

Արայիկ Պապիկյանը նշեց, որ Քրեակատարողական  հիմնարկներում, որպես կանոն ղեկավարվում են  միջին կանոնակարգով, որտեղ հստակ գրված է, որ  անազատության մեջ գտնվող  անձը կարող է  իր մոտ ունենալ գրիչներ, սակայն նշված չէ, թե կոնկրետ ինչ գույնի գրիչ:

«Երբ նրան փոխանցում են կապույտ գրիչ դա թույլ են տալիս, իսկ եթե գրիչը լինի կարմիր ապա թույլ չեն տալիս: Ուղղակի ասում են արգելված է: Հարազատները բազմաթիվ անգամ  այդպիսի տարբեր առարկաներ փորձել են  փոխանցել, սակայն թույլ չեն տվել:  Քրեակատարողական  օրենսգրքում սահմանված է, որ պետությունը ողջունում է հատկապես անազատության մեջ գտնվող անձի ստեղծագործելու  զբաղվածությունը, իսկ այդ ներքին կանոկարգն անգամ արգելում է երաժշտական գործիքներ ունենալ, ինչպե՞ս պետք է անձը ստեղծագործի, եթե նա երաժիշտ է և երաժշտական գործիք չի թույլատրվում ունենալ»,- իր մտահոգությունը հայտնեց փաստաբանը, նշելով, որ  չարգելված իրերի մուտքն է անգամ սահմանափակված:

Արայիկ Պապիկյանի խոսքերով իրենք փորձում են առաջացած խնդիրը լուծել իրավական  ճանապարհով և այդ պատճառով փաստաբանը բողոք-դիմում է ներկայացրել  Մարդու իրավունքների պաշտպանին, նաև հանդիպել է աշխատակազմի ներկայացուցիչների հետ, որպեսզի համապատասխան իրավական ընթացակարգով  խնդիրը բարձրացվի նաև  կառավարություն:

Հանդիպման ժամանակ փաստաբանը  ցուցադրեց Աշոտ Պետրոսյանի ստեղծագործություններից մեկը, որը նա նկարել էր քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ, նշելով, որ անազատության մեջ գտնվող մարդուն ստեղծագործելու հնարավորությունից զրկելը ապօրինություն է, օրենքի կամ իրավական ակտերի չիմացություն և նման պաշտոնատար  անձինք որոշում են մարդկանց ճակատագրերը:

Փաստաբանն այս քայլը դիտարկեց նաև դիտավորություն, քանի որ Աշոտ Պետրոսյանը հետապնդվում է իր քաղաքական  հայացների համար և նրա նկատամամբ կա անձնավորված հետապնդում. «Բոլորին հայտնի է, որ Աշոտ Պետրոսյանը «Սասնա ծռեր» ապստամբ խմբի անդամներից մեկն է և իշխանության կողմից կա հիշաչարություն: Նրան ավելի շատ հետապնդում են իր հայացքների համար»:

Վերջում փաստաբանը  հավաստիացրեց, որ ցանկացած ստեղծագործող անձ` այդ թվում նաև Աշոտ Պետրոսյանը, ինչպիսի հետապնդման էլ ենթարկվի, միևնույն է նրա մտքի թռիչքը և մտքի աշխատանքը չեն կարող սահմանափակել:

Նյութը` Ելենա Արամյանի